Կստուգեն GeoProMining-ի գործունեությունը

Կստուգեն GeoProMining-ի գործունեությունը

Lragir.am

Վարչապետի հանձնարարականով էներգետիկայի և բնական պաշարների ու բնապահպանության նախարարություններն աշխատանքային խումբ են ստեղծում, որպեսզի ուսումնասիրեն GeoProMining Gold ընկերության գործունեությունը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին բնապահապաններն ակտիվ պայքար են սկսել Սոտքի ոսկու հանքում GeoProMining Gold ընկերության կողմից տեղադրված ջարդիչ և մանրացնող համալիրի դեմ: Սևանի մասին օրենքով Սևանի ջրհավաք ավազանում վերամշակում իրականացնելն արգելված է: Այնինչ, բնապահպանները պնդում, են որ վերոնշյալ համալիրի միջոցով GeoProMining Gold-ը հենց վերամշակում է իրականացնում, աղտոտում շրջակա միջավայրն ու Սոտք գետը, որը Սևան թափվող գետերից մեկն է: Նախարարը հավատացրեց, որ ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի:

«Սևանի մասին օրենքն արգելում է վերամշակող ձեռնարկություն ունենալ Սևանի ջրհավաք ավազանում: Սակայն ջարդիչ սարքի տեղադրումը չի նշանակում, թե ընկերությունը վերամշակում է իրականացրել: Դա նաև չի նշանակում, թե նրանք որոշ ընթացակարգեր, մասնավորապես` փորձաքննություն չպետք է անցնեն: Այդ պատճառով էլ աշխատանքային խումբ ենք ստեղծում` տեսնելու համար, թե ինչ գործառույթ է իրականացնում տնտեսվարողը և ինչ խախտումներ է թույլ տվել»,- ասաց նախարարը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ պետական գերատեսչությունները կաշկանդված չեն, և GeoProMining Gold-ի կողմից թույլ տրված ցանկացած խախտման կարձագանքեն օրենքով սահմանված կարգով:

Նոյեմբեր 24, 2011 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր