

www.1in.am
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2012 թ. Բնապահպանության նախարարության բյուջեն 1.8 մլրդ դրամ է: Նախորդ տարվանից բյուջեն շատ մեծ տարբերություն չի կրում: Հատկացվելիք գումարներից 944.9 մլն դրամը ուղղվելու է թափոնների ուսումնասիրությանը, ձկան պաշարների ավելացման համար` 60 մլն դրամ, տարածքների մաքրման համար` 125 մլն դրամ:
Բնապահպանները նշում են, որ բյուջեն, իհարկե, համեստ է, սակայն հնարավոր է, այն նպատակահարմար օգտագործելով, շատ լուրջ խնդիրներ լուծել. խնդիրը քաղաքականությունն է: «Բնապահպանության նախարարությունը ստանում է նաև դրամաշնորհեր միջազգային կառույցներից, որոնք համադրելով բյուջեին՝ կարելի է շատ խնդիրներ լուծել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Ամեն տարեվերջ բնապահպանության նախարարը տեղեկացնում է, թե ինչքան մանրաձուկ է ներմուծվել Սևանա լիճ, սակայն բնապահպանները փաստում են, որ Սևանա լճում ձուկ համարյա չկա: Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի` Սևանա լճում սիգը կամաց-կամաց վերանում է, շատանում են փոքր մանր տեսակի ձկներ, որոնք հարիր չեն մաքուր ջրերին: «Ջրի որակն այն չէ, ինչ իշխան ձկան օրոք, դրա համար այսպիսի իրավիճակ ունենք, հիդրոէկոլոգներն ասում են, որ Սևանա լիճն ինքնամաքրվում է, այսինքն` ինչքան բարձրացնենք Սևանա լճի մակարդակը, այնքան ինքնամաքրումը բույսերի միջոցով կշատանա»,- նշեց Ս. Ադամյանը`ընդգծելով, որ ինքնամաքրումը չի երևում: Սա բնապահպանը բացատրում է ջրային ռեսուրսի ավելացմամբ և ափերի ճահճացմամբ: Նրա հավաստմամբ`ճահճացումը շարունակվում է. ափերը չեն մաքրում, այսինքն` թողնում են, որ ծառերը, շինությունները մնան ջրի տակ: «Մեծ գումարներ է ստանում Բնապահպանության նախարարությունը դրա համար, սակայն այդ գումարները նպատակահարմար չեն օգտագործվել, դա ակնհայտ է, և բնապահպանները տեսնում են այդ բացը: Ճահճացումից ամբողջ բուսականությունը մնում է ջրի տակ, ակնհայտ է, որ այն ազդում է Սևանի ավազանի կենդանական աշխարհի և ձկնատեսակների վրա»,- ցավով նշեց Ս. Ադամյանը, ով վերջերս է եղել Սևանա լճում: Անդրադառնալով թռչնատեսակներին` թռչնագետն ասաց, որ Սևանա լիճ վերջին այցելության ժամանակ Կարմիր գրքում զետեղված մեծ թվով թռչուններ են նկատել, որը լավ է, սակայն վատ է, որ դրանք Սևանում են՝ դա ճահճացման հետ է կապված: Նրա մեկնաբանմամբ`դրանք հիմնականում ջրաճահճային թռչուններ են:
«Ոչ մի միջոցառում չի իրականացվում ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 2007 թվականից ի վեր: Սա պետականորեն կազմակերպված թալան է: Ուրեմն ամեն տարի պետական բյուջեից գումար է հատկացվում նախարարությանը երկրի էկոհամակարգի խնդիրները լուծելու համար, սակայն դրանք ոչ միայն չեն լուծվում, այլև տարածքի անտառներն են հատվում, իսկ Սևանն, ինչպես գիտենք, հատուկ պահպանվող տարածք է: Գումարները ծախսվում են, բայց Սևանում ոչինչ չի երևում. ձկնատեսակները պակասում են, ճահճացումը շարունակվում է, անտառները հատվում: Դեռ պատրաստվում են շուրջ 3000 հա անտառ կտրել, որը հայտնի է 2010թ.»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Սևանի բնապահպանական տեսչության պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը`հավելելով, որ պետք է գումարները տեղին օգտագործվեն:
Բնապահպաններին անհանգստացնում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի գործունեությունը, և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ պայքարում են հանքավայրի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Սևանա լիճը հատուկ պահպանվող տարածք է, իսկ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործվում է:
Նոյեմբեր 10, 2011 at 11:32
