

Արթուր Հովհաննիսյան, Հայացք
ՀՀ կառավարությունն օրերս հանդես եկավ բնության, մասնավորապես` Սևանա լճի հանդեպ ձևական հոգածության հերթական դրսևորմամբ: Կառավարությունը ս. թ. նոյեմբերի 24-ին թույլատրել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից Հայաստան ներմուծված «Հիդրոլոգ» նավի նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 15-ը: Նավը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և Հայաստան է բերվել երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրի համաձայն:
Անշուշտ, ճիշտ որոշում է, և այդ առումով քննարկելու խնդիր չկա: Առնվազն անհեթեթ կլիներ, եթե նշված որոշումը չկայացվեր, քանզի խոսքը ոչ թե մեր հանրապետություն բերված ու կազինոյում տեղադրվելիք խաղային ավտոմատի, բիզնեսի նպատակով Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցի, այլ Սևանա լճի հետազոտության համար նախատեսված նավի մասին է:
Սակայն դժվար է զսպել զայրույթը, երբ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում վերոնշյալ տեղեկատվությունը ներկայացվում է «Հետազոտվում է Սևանա լճի էկոլոգիական վիճակը» վերտառությամբ. իբր թե կառավարությունը մտահոգված է լճի էկոլոգիական վիճակով և համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որ այն հետազոտվի, ինչ-որ բաներ պարզվեն: Եվ սա` այն դեպքում, երբ նույն կառավարությունը, նրա կառուցվածքում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարությունը գործնականում «շան տեղ» չդրեցին վերջին տարիներին նույն ինստիտուտի կողմից, ինչպես նաև նույն նավով Սևանա լճում կատարված հետազոտությունների արդյունքներով կազմված եզրակացությունները: ՀՀ բնապահպանության ներկա և նախորդ նախարարներին զուգահեռ, վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես, ուշ թե շուտ, պատասխան է տալու Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարների ոչնչացման ու դրա ծանրագույն էկոլոգիական հետևանքների համար:
News.am-ը նոյեմբերի 23-ին որպես իր տեղեկատվության աղբյուր ներկայացնելով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, հայտնեց, որ «Հայաստանի բնապահպանության նախարարությունն, ամենայն հավանականությամբ, որոշում կընդունի ձկների ձվադրման շրջանում ընդհանրապես արգելել Սևանա լիճ «ելումուտը»: Պատկերացնո՞ւմ եք` ամենայն հավանականությամբ, այսինքն` բացառված չէ, որ այդպիսի որոշում չընդունվի, մինչդեռ այդ որոշումը վաղուց արդեն պետք է ընդունված լիներ: Նախարարի այս «հերոսական» մտադրությունը զավեշտական կհամարեինք, եթե չափազանց տխուր չլիներ: Սևանա լճում մնացած սիգի կենսաբանական պաշարի կամ «վերջին մոհիկանների» ձվադրման շրջանը հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներն են: Մինչդեռ այժմ էլ` նոյեմբերի վերջին, Սևանա լիճ ձկնորսական նավակների ելումուտը, բոլոր տեսակի ձկների, ինչպես նաև խեցգետնի որսն ընդհանրապես արգելող որոշումը դեռ չկա: Եթե մեր երկրում կոռուպցիայի դեմ իսկապես պայքարող պետական մարմիններ լինեին (այդ թվում նկատի ունենք նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությանը), ապա վաղուց կպարզեին, թե Հայաստանի բնապահպանության նախարարության ու մյուս պատկան կառույցների հանցավոր անգործության հետևում սոսկ բնության հանդեպ անտարբեր, արհամարհական վերաբերմո՞ւնքն է, թե՞ նաև որոշակի շահագրգռվածություն:
Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ ստացանք հետևյալ լուրը.
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանն իր 2011թ. նոյեմբերի 21-ի թիվ 238-Ա հրամանով, սիգի և իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2011 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը, արգելել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը:
Նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և իրավապահ մարմինների հետ իրականացնելով համատեղ միջոցառումներ:
2011թ. նոյեմբերի 25-ից 27-ը Սևանա լճից դուրս կբերվեն ձկնորսության համար նախատեսված բոլոր լողամիջոցները:
Նոյեմբեր 29, 2011 at 13:32
