Հերթական պարադոքսը «GeoProMining Gold»-ի գործում

Հերթական պարադոքսը «GeoProMining Gold»-ի գործում

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հերթական անակնկալը մատուցեց «GeoProMining Gold» ընկերության անօրինական գործունեության վերաբերյալ ահազանգ բարձրացրած հասարակությանը: Ավելի քան 8 ամիս տարբեր հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, տեղի բնակիչներ պահանջում են պատժել «GeoProMining Gold» ընկերությանը, որ վերջինս առանց թույլատրող փաստաթղթերի Սեւանա լճի ջրահավաք ավազանում կառուցել է վերամշակման արտադրամաս, որով խախտել է մի շարք բնապահպանական օրենքներ` մասնավորապես «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը:  

Կառավարությունը հետեւյալ կերպ է արձագանքել այդահազանգերին` ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարելով պարզել խնդիրը: Եւ նախարարության ներկայացուցիչները հանդիպեցին հասարակայնության հետ: Իսկ հետո հայտարարվեց  ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներգրավմամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:  Այսինքն, տեսչական ստուգումների փոխարեն գործի մեջ է ընդգրկվում նախարարություն, որը տեսչական գործառույթներ չունի ոչ իր գործունեության, ոչ առաքելության եւ կանոնադրության  տեսակով: Չունի համապատասխան գիտելիքներ եւ համապատասխան մասնագետներ: Բնապահպանական օրենսդրության պահպանման  իրավասու մարմին չէ: Բայց տվյալ պարագայում հենց այդ օրենսդրությունն է խախտվել: Ավելին, դա հակասում է գործառույթների բաժանման հասկացությանը, երբ մի գերատեսչություն զբաղվում է ընդերքի շահագործման հարցերով, իսկ մյուսը վերահսկում է այդ գործընթացը:

Հասկանալի է դառնում, որ ՀՀ բնապահպանության նախարարությանը հեռացնում են «GeoProMinning Gold»  ընկերության գործի հետաքննումից: Եթե ստուգումն իրականացներ միայն բնապահպանական տեսչությունը, ապա նա չէր կարող խուսափել ակտ կազմելուց: Իսկ այսպես ստուգումների արդյունքների համար պատասխանատվությունը կիսվում է երկու նախարարությունների միջեւ:  Ի դեպ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Գավառի Օրհուս կենտրոնին ուղղված 2011թ. մայիսի 10-ի իր թիվ 07/16/1764-11 նամակում արդեն իսկ գնահատական է տվել ընկերության գործունեությանը: Նամակում նշված է, որ ընկերությունը շահագործում է Սոտքի հանքավայրը օրենսդրության համաձայն, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը Բնապահպանության նախարարության առանձնաշնորհն է:

Նոյեմբեր 29, 2011 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր