

ԷկոԼուր
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես Արփա-Սեւան թունելով դեպի Սեւան հոսող ջրի մի մասը առանձնանում եւ հոսում Եղեգիս գետ: «Կեչուտից եկող ջրի մի մասը Արփա-Սեւան թունելից բաց են թողնում Եղեգիս գետի մեջ, որն, ըստ էության, իրավունք չունեն, հակառակը, պետք է, ըստ նախագծի, Եղեգիս գետի ջուրը միանա Արփա-Սեւան թունելին, ու գնա դեպի Սեւան: Իսկ իրենք հակառակն են անում: Այսինքն, Կեչուտից եկած ջուրը բաց են թողնում Եղեգիսի մեջ, որպեսզի ներքեւի ՀԷԿ-երն աշխատեն, հետո գնա, լցվի Արփա, գնա Նախիջեւան»,- ասում է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը: ՀԲՃ-ն Սեւանից ջուր գողանալու մասին տեղեկացել է Վայոց ձորի մարզի բնակիչներից, ովքեր 3 տարի շարունակ ահազանգել են այդ մասին:
Նշենք, որ Եղեգիս գետի ավազանում` Եղեգիս գետի եւ նրա վտակների վրա, տրված է 17 փոքր ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման լիցենզիա:
Օգոստոս 14, 2014 at 14:20
