

ԷկոԼուր
Հայազգի հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանն արդեն Երեւանում է: Բնապահպան ակտիվիստները 3 ժամ շարունակ Սերժ Թանկյանին սպասել են նախ Հաղթանակ կամրջի հարեւանությամբ, ապա հանդիպել նրան Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց: Բուսակեր ռոք երգչին բնապահպանները հայկական սեխ են հյուրասիրել: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռոք երաժշտին բնապահպանները «էկոհերոս» են համարում՝ քանի որ նա իր երաժշտության մեջ հաճախ է անդրադառնում բնապահպանությանը։ Բացի այդ, այս տարվա սկզբին Թանկյանը աջակցություն է հայտնել Թեղուտի պաշտպանության խմբին։
Թանկյանին դիմավորելու համար «Հեծանիվ+» ՀԿ-ն եւ Թեղուտի պաշտպանության խումբը «ՀեծանվաBOOM» հեծանվարշավ էին կազմակերպել: Բնապահպան ակտիվիստները հավատում են, որ Սերժ Թանկյանի ձայնը լսելի կլինի նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործումը թույլատրած կառավարությանը, մանավանդ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնի է որպես ռոք երաժշտության երկրպագու:
Օգոստոս 12, 2010
