

ԷկոԼուր
Ինչ են մտածում Սեւանա լճի ավազանի բնակիչները Սեւանա լճի պահպանությանն ուղղված պետական քաղաքականության եւ ծրագրերի մասին: Խոսում է Նորատուս գյուղը:
«Իշխանը չի կարող իշխան լինել, եթե նրան կերակրում են քիմիայով: Եթե իշխան բաց թողնեն Սեւան, բայց կերակրեն արհեստական կերով, ապա դա արդեն Սեւանի իշխան չէ, այլ Սեւանի ձուկ »,- ասում է Գեղարքունիքի մարզի Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանը: Խոսքը Սեւանա լճում արհեստականորեն իշխանի բուծման բիզնես ծրագրի մասին է, որը մայիսի 10-ին «Սեւան» ազգային պարկում` հանրային քննարկման ժամանակ ներկայացրեց «Էմի ֆրութ» ընկերությունը: Ծրագրի համաձայն` իշխանի մանրաձուկը լճի մի հատվածում` ցանցավանդակի մեջ, պետք է կերակրվի արհեստական կերով, ինչի հաշվին կարճ ժամկետում կավելացնի քաշը, իսկ հետո մի մասը բաց կթողնվի բաց լիճ, իսկ մյուս մասը կարող է օգտագործվել վաճառքի համար: Սեւանի ավազանի համայնքները քննարկմանը հրավիրված չէին:
Ներկայացնում ենք «ԷկոԼուր»-ի հարցազրույցը Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանի հետ:
«ԷկոԼուր».
-Ի՞նչպես եք Դուք գնահատում ձկնապաշարների վերականգնման ծրագիրը:
Մուրադ Հարությունյան.
- Այդ ծրագրերում գյուղը չի մասնակցում: Գնահատում եմ, իհարկե, դրական: Եթե Սեւանը նույնիսկ ունի իշխանի պաշարներ, ապա միայն այդ մանրաձկան հաշվին:
«ԷկոԼուր».
-Իսկ ի՞նչ կասեք սիգի մասին:
Մուրադ Հարությունյան.
-Մեզ մոտ սիգի վերականգնման լավ պայմաններ կան: Եթե նրան մի քանի տարի ձեռք չտան, ապա պաշարները կվերականգնվեն: Ոչ մի արհեստական մեթոդ պետք չէ, թող բազմացնեն իշխանը, իսկ սիգը պետք է ուղղակի վերականգնել, պետq չէ որսալ:
«ԷկոԼուր».
- Իսկ շա՞տ են որսում:
Մուրադ Հարությունյան.
- Չգիտեմ, թե ափին քանի գյուղ կա, բոլոր կողմերից մտնում են Սեւան: Առաջ ձկներով բոլորն էին ապրում, կերակրում էին գյուղը, Հայաստանը, եւ նույնիսկ Վրաստանը: Այժմ հեռանում են, ով մնացել է, զբաղվում է խեցգետնի, կարասի որսով:
«ԷկոԼուր».
- Ի՞նչ է պետք անել, որ ձկանը ձեռք չտան, ի՞նչպես կարելի է կանգնեցնել ապօրինի որսը, ուժեղացնել վերահսկողությո՞ւնը:
Մուրադ Հարությունյան.
- Պետք են ձեռնարկություններ, որ մարդիկ աշխատեն եւ վերջ:
«ԷկոԼուր».
- Բայց խորհրդային տարիերին ձեռնարկություններն շխատում էին, իսկ ձկնագողերն, այնուամենայնիվ կային:
Մուրադ Հարությունյան.
-Կային մեկ երկուսը: Պլանով էին որսում, եւ որսագողերը մեծ շուկա չունեին:
Հունիս 01, 2012 at 13:46
