

ԷկոԼուր
«Շտապեք այցելել` վերջին անգամ զմայվելու Արգիճիի գեղատեսիլ բնությամբ, այն շուտով էլ չի լինելու: Մենք վախի մթնոլորտի ազդեցության տակ ոչինչ անել չենք կարող»,- «ԷկոԼուր»-ին ահազանգում են Արգիճի գետի հարակից համայնքների բնակիչները:
Արդեն մի քանի ամիս է, որ Արգիճի գետի վրա` Վերին Գետաշեն եւ Մադինա համայնքների հարակից տարածքում, ընթանում են փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները չնայած նրան, որ սույն թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախագծով առաջարկվում է արգելել Սևանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։
Ավելին, փոքր ՀԷԿ-ի կառուցումն իրականացվում է առանց թույլատրող փաստաթղթերի:
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանին ուղղված նամակում վերոնշալ ՓՀԷԿ-ի մասին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը տեղեկացրել է. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը 02.11.2004 թվականին «Հիդրո կորպորացիա» ՍՊ ընկերությանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա ՓՀԷԿ կառուցելու նպատակով տվել է N 0545 ջրօգտագործման թույլտվությունը մինչև 02.03.2005 թվականի գործունեության ժամկետով, միաժամանակ ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմանների 4-րդ կետում նշվելով, որ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հիդրո կորպորացիա» ՍՊԸ-ին ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիայի տրամադրման դեպքում՝ ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետը սահմանվում է՝ լիցենզիայով սահմանված ժամկետը»:
Ըստ S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի` ՀԷԿ-ի կառուցման հետեւանքով կջրազրկվի Արգիճի գետի գրեթե 1/2 մասը, կխախտվի գետի բնական կապը Սևանա լճի հետ, կփոխվի գեղատեսիլ լանդշաֆտը, ի սպառ կվերանա Կարմիր գրքում գրանցված ամառային արծաթափայլ իշխանի, կողակի, բախտակի պոպուլացիաների բնական վերարտադրությունը, հարցականի տակ կդրվի մի քանի համայնքների ոռոգումը:
Սույն թվականի հուլիսի 18-ին Խոսրովի արգելոց կատարած այցի ընթացքում «ԷկոԼուր»-ը ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին դիմեց Սեւանա լիճ թափվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցով: Փոխնախարարը խոստացավ տեսուչ ուղարկել` պարզելու իրավիճակը: Սակայն մինչ օրս ոչ մի տեսչակաան ստուգման արդյունք հրապարակված չէ եւ հայտնի չէ, թե արդյոք տեսչությունը ստուգումներ անցկացրել է, թե ոչ:
Հաշվի առնելով վերոնշյալը` «ԷկոԼուր»-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում է դադարեցնել «Հիդրո կորպորացիա» ՍՊԸ-ի կողմից Արգիճի գետի վրա իրականացվող փոքր ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները եւ գնահատել Սեւանա լճի էկոհամակարգին պատճառված վնասը:
Սեպտեմբեր 25, 2012 at 11:29
