Panorama.am
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, գիտնական Արտաշես Զիրոյանը Գեղարքունիքի մարզի զարգացման, այստեղ աշխատատեղերի ստեղծման մասին ծրագիր է մշակել, բայց այն մնացել է թղթի վրա: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Զիրոյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Գավառ բնակավայրերում դեռևս հին ժամանակներում նրա խոսքով` «մեր պապերը» ծխախոտագործությամբ էին զբաղվում և բարձրորակ բերք ստանում:
«Բայց այսօր ծխախոտագործությունը տեղափոխվել է Արարատյան դաշտավայր կամ Տավուշի մարզ: Խայտառակություն է, չէ՞ որ այնտեղի հողերը բերրի են և դրանք պետք է օգտագործել պտղատու ծառերի` խաղողի, ծիրանի ու բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ: Իսկ էսօր «Գրանդ Քենդին» տարել, ընդեղ ա դեմ արել», -վրդովված նշեց բնապահպանության նախարարության պաշտոնյան:
Նշենք, որ «Գրանդ Քենդի» ասելով Զիրոյանը նկատի ունի գործարար Հրանտ Վարդանյանին, ով ծախախոտի արտադրությամբ է զբաղվում, իսկ Տավուշի մարզում և Արարատյան դաշտավայրում նրա պատվերով մարդիկ ծխախոտագործությամբ են զբաղվում:
Գիտնականի խոսքով, Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում ծխախոտի որակը ավելի բարձր է, քան Արարատյան դաշտավայրինը:
Հետաքրքրվեցինք, առաջարկը ներկայացրե՞լ է Հրանտ Վարդանյանին, Զիրոյանը պատասխանեց. «Ո՞ւմ ասեմ է, ասեմ գան, գնդակահարե՞ն, նրան ձեռք ա տալիս էդ հատվածներում անի, որովհետև տերևների մակերեսը մեծ է, բայց չի հասկանում, որ Մարտունիում կենսաակտիվ նյութերը ավելի բարձրորակ են, այնտեղի ծխախոտը ավելի որակով է»:
Զիրոյանի` մշակած և դեռևս կյանքի չկոչված մյուս ծրագիրը Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի կուտակումները վերացնելուն է ուղղված: Նրա տվյալով, այսօր բավականին մեծ քանակությամբ կարտոֆիլ է կուտակված Վարդենիսում, Մարտունիում, որը չի հաջողվում գյուղացուն իրացնել:
«Այսօր կարտոֆիլի այնպիսի սորտեր կան, որոնք 70-80 տոկոս օսլա են պարունակում, դրանք կարելի է դնել արտադրության մեջ ու թուղթ արտադրել, թղթի արտադրություն ստեղծենք, որի համար գործարան է պետք: Էդ ի՞նչա, որ ուզենա Ծառուկյան Գագոն չի՞ կարա էդ ամեն ինչը սարքի: Թուղթ սարքենք, թուղթը վաճառենք, թե չէ հիմա կարտոֆիլը չենք կարողանում իրացնել», -տարբերակն առաջարկեց Արտաշես Զիրոյանը:
Հունիս 04, 2010
