Արցախում էկոցիդը կանխելու կոչով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Արցախում էկոցիդը կանխելու կոչով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ կոչ անելով Ադրբեջանի վրա ճնշում գործադրել և ստանձնել պատասխանատվություն՝ պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը, կանխելու հնարավոր էկոցիդը Արցախի Հանրապետության տարածքում:
 
 Նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել է.
«Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունը Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր (տեսանյութեր՝ 1. https://bit.ly/3mNoZVU ,  2. https://bit.ly/384jPkk ): 
Լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման:  Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության   (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ուրիշներ:
 
Այդ կանխատեսված հարձակումներն ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ  շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:
 
Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործության մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները: Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի որ օրեցօր ադրբեջանական ռեժիմն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի ավելացնում է նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները: Մենք Ձեզ կոչ ենք անում վճռական գործողությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները:
 
Կոչ ենք անում Ձեր կազմակերպություններին ստանձնել պատասխանատվություն պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ հակառակորդը էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) Արցախի Հանրապետության տարածքում»:

Նոյեմբեր 03, 2020 at 12:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր