Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարում են. «Երեխաները չեն կարող սպասել։ Վերջ տանք կապարային ներկերին հենց հիմա»

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարում են. «Երեխաները չեն կարող սպասել։ Վերջ տանք կապարային ներկերին հենց հիմա»

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավի ընթացքում շեշտադրում է երեխաների համար կապար պարունակող ներկերի սպառնալիքները։

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն միանում է Կապարային ներկերի վերացման գլոբալ դաշինքին (այսուհետև՝ Դաշինք)՝ ԱՀԿ-ի և ՄԱՇՄԾ-ի համատեղ ծրագրի՝ «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավի (ILPPW) շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 23-29-ը։ Դաշինքը կարևորում է երեխաների առողջությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը՝ միջոցներ ձեռնարկելով կապարային ներկերի օգտագործումը վերացնելու համար: Գործողությունների շաբաթվա ընթացքում ՀԿՀԱԱՇՄ-ն կկազմակերպի կլոր սեղան-քննարկում՝ ամփոփելու ՀԿ-ի տասնամյա ջանքերը՝ կապարային ներկերն աստիճանաբար հեռացնելու ուղղությամբ և նախանշելու անհրաժեշտ քայլերը, որոնք կարող են նպաստել այս խնդրի լուծմանը։

ՀԿՀԱԱՇՄ-ն անդամակցում է «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ին (IPEN)՝ ավելի քան 125 երկրում հասարակական շահերը ներկայացնող 600-ից ավել կազմակերպությունների համաշխարհային կոալիցիային, որն աշխատում է թունավոր նյութերի և աղբյուրների վերացման ուղղությամբ: IPEN-ը Դաշինքի հիմնադիր անդամ է և դրա Խորհրդատվական խորհրդի անդամ: ILPPW-ի այս տարվա միջոցառումները կնշանավորեն կապարով, ներառյալ կապարային ներկերով (որոնք շարունակում են կիրառվել Հայաստանում և աշխարհի մեծ մասում) թունավորման սպառնալիքի համաշխարհային նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ ամենամյա ջանքերի տասնամյակը:

2009 թվականից ի վեր IPEN-ի անդամ խմբերն իրականացրել են ավելի քան 100 հետազոտություն՝ 59 երկրի արտադրության 4000 ներկի պարունակության նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանում։

2016թ.-ին ՀԿՀԱԱՇՄ-ն մասնակցել է IPEN-ի կազմակերպած կապարային ներկերի վերացման նախաձեռնությանը: Հետազոտվել են Հայաստանում 16 առևտրի կետեր, այդ թվում՝ մասնագիտացված խանութներ, ներկերի խանութներ և մասնավոր խանութներ։ Արդյունքում ստեղծվել է 49 ապրանքանիշի չորս գույնի ներկերի ցուցակը (կարմիր, կանաչ, դեղին, և սպիտակ): Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայկական շուկայում կան մեծ քանակությամբ ներկրված կենցաղային ներկեր։ Կենցաղային ներկերի հետազոտված նմուշների 59 %-ում (հետազոտված 49 նմուշից 29-ը) կապարի պարունակությունը կապարի միջազգային սահմանային թույլատրելի խտության համեմատ (90 ppm) եղել է բարձր:

2016թ. սեպտեմբերին արդյունքները ներկայացվեցին «Շրջակա միջավայրի դեգրադացիայի և կլիմայի փոփոխության պատճառով երեխաների առողջական խնդիրները» աշխատաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, որին ներկա էին տարբեր շահագրգիռ կողմեր կառավարությունից, միջազգային կազմակերպություններից և Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններից:

Տասնյակ տարիների հետազոտություններն ապացուցել են, որ կապարի ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Կապարը հզոր թույն է, որն ազդում է օրգանիզմի մի շարք համակարգերի վրա և հատկապես վնասակար է փոքր երեխաների համար: Նույնիսկ փոքր չափաբաժիններով կապարը կարող է ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա՝ հանգեցնելով մտավոր զարգացման գործակցի (IQ) նվազմանը, վարքային փոփոխությունների, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման նվազումը և հակասոցիալական վարքագիծը, ինչպես նաև կրթության մակարդակի նվազումը: Կապարի ազդեցությունը կարող է վնասակար լինել նաև երիկամների, վերարտադրողական օրգանների, իմունային համակարգի համար և հանգեցնել սակավարյունության (անեմիա) և հիպերտոնիայի: Կապարի ազդեցության նյարդաբանական և վարքային ազդեցությունները, որպես կանոն, անդառնալի են:

Ներկայումս ըստ Մաքսային միության 2013թ. «Ներկերի և լաքերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագծի՝ ներկի բաղադրակազմի մանրամասն նկարագրության ներառումը ներկերի և լաքերի մակնշման մեջ չի պահանջվում։ ՀԿՀԱԱՇՄ-ն կոչ է անում խստացնել դեկորատիվ ներկերում կապարի պարունակության չափորոշիչը, այն հասցնել 90 ppm-ի՝ համապատասխան պետական կառույցների հետ հաղորդակցման (նամակներ և հանդիպումներ) (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և արտաքին առևտրի վարչություն, ՀՀ առողջապահության նախարարություն) շրջանակում: Ցավոք սրտի, տեղական մակարդակում փոփոխություններ դեռևս չի հաջողվում ձեռք բերել։ Հարկավոր է շարունակել աշխատանքը տարածաշրջանային մակարդակում՝ Եվրասիական միության անդամ երկրների շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Բացի այդ, IPEN-ի հետ միասին, ՀԿՀԱԱՇՄ-ն կոչ է անում կապարի քրոմատները ներառել Ռոտերդամի կոնվենցիայի ցուցակում: Նույնիսկ իրավաբանորեն պարտադիր ազգային արգելքներ ունեցող երկրները դժվարանում են կիրառել դրանք, երբ ներկերում օգտագործվող կապարի քրոմատները՝ կապար պարունակող գունանյութերը, շարունակում են վաճառվել ամբողջ աշխարհում՝ առանց նախնական ծանուցման կամ համաձայնության: Կապարի քրոմատների ցուցակագրումը կգործարկի կոնվենցիայի նախնական տեղեկացված համաձայնության (PIC) ընթացակարգը և երկրներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն կապարի քրոմատների և կապարի ներկերի ներմուծումից հրաժարվելու համար:

«Մենք վաղուց գիտեինք մեր երեխաների և ընտանիքների համար կապարային ներկերի թունավոր սպառնալիքի մասին, և շատ երկրներ տասնամյակներ առաջ դադարեցրել են կապարային ներկերի վաճառքը: Այնուամենայնիվ, աշխարհի մեծ մասում կապարային ներկերը դեռ օգտագործվում են և վտանգ են ներկայացնում միլիոնավոր երեխաների առողջության համար», - ասել է 2018թ․ Goldman մրցանակի դափնեկիր, IPEN-ի նախկին համանախագահ և «IPEN Lead Safe Paint®» սերտիֆիկացման ծրագրի հիմնադիր Մենի Կալոնցոն: «Մեր երեխաները չեն կարող սպասել ևս տասը տարի՝ կապարային ներկերից ազատվելու համար. մեզ անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ դադարեցնելու կապարով մեր երեխաների թունավորումը»,- նշել է նա:

Նույնիսկ այն երկրներում, որտեղ կապարային ներկն արգելված է, կապարային ներկով ներկված հին տները շարունակում են միլիոնավոր երեխաների մոտ կապարի հետ կապված առողջական խնդիրներ առաջացնել: Ահա թե ինչու է անհրաժեշտ ձեռնարկել հրատապ գործողություններ՝ կապարային ներկն ամբողջ աշխարհում վերացնելու համար. այսօր վաճառվող կապարային ներկը կշարունակի վտանգ ներկայացնել երեխաների առողջությանը գալիք տասնամյակների ընթացքում:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Հոկտեմբեր 24, 2022 at 17:17

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր