Արջերը՝ Վայոց ձորի գյուղերի մշտական հյուրեր

Արջերը՝ Վայոց ձորի գյուղերի մշտական հյուրեր

Վերջին տարիներին Վայոց ձորի Եղեգիս և Եղեգնաձոր խոշորացված համայնքներում գորշ արջերը հաճախ են հայտնվում բնակավայրերում։ Մարդիկ անհանգստանում են իրենց անվտանգության և տնտեսություններին պատճառվող վնասի համար։  

«Հենց մութն ընկնում է, արջերն արդեն գյուղում են խմբերով։ Տնտեսությունների վնաս են հասցնում, հավերին են ոչնչացնում, ճագարներին։ Մեղվի փեթակները, ծառերը ջարդում են, երբ որ բերքը սկսում է հասունանալ։ 100-ավոր կիլոգրամով բերքը ոչնչացնում են, ծառերը՝ ջարդում։ Գիշերը մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ արջերի վախից։ Ամառվա ընթացքում օրը ցերեկով էլ ենք արջերին տեսել գյուղում։ Տարիներ առաջ մեր սարերում ևս արջ է եղել, բայց իրենք երբեք գյուղ չեն մտել, իսկ այսօր անարգել մտնում են»,- ասաց Վերնաշենի բնակիչ Հարություն Գևորգյանը։

Շատինի բեզոարյան այծերի դիտակետի հիմնադիր Մելիք Մաթևոսյանը հյուրերին արդեն ավելի շատ գորշ արջեր է ցույց տալիս, քան բեզոարյան այծեր։ «Մենք իրենց չենք վնասում, իրավունք չունենք վնասելու։ Արջն ազատ մտնում է գյուղի կենտրոն, հողամասեր, ոչ միայն գիշերո, այլև՝ ցերեկով։ Կարևորն այն է, որ արջը չի հարձակվում մինչև իրեն չվնասես կամ հանկարծակի դուրս չգաս իր դեմ»,- ասաց Մելիք Մաթևոսյանը։ 

Շատինում արջերի պատճառած վնասը, ըստ Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետի տեղակալ Ահարոն Գաբրիելյանի, կազմել է 29 միլիոն դրամ։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում Եղեգիս համայնքում տեղադրվել է 40 կՎտ հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացած գումարները տրամադրվելու են համայնքի բնակիչներին՝ որպես արջերի պատճառած վնասի փոխհատուցում։ Վայոց ձորի մարզի համայնքներին տրամադրվում են էլեկտրական հովիվներ արջերից պաշտպանվելու համար։  

«Մարդ և վայրի կենդանի կոնֆլիկտի մեղմման համար ամբողջ Վայոց ձորում հիմա 160-ից ավելի էլեկտրական հովիվ է տեղադրվել։ Մարդկանց պատճառված վնասները հատուցվում են, դասընթացներ են անցկացվում, արջերին կերակրում են, որ չգան համայնք և չեն գալիս»,- ասաց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։

«Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» (ԷՄՀ) ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Յերնի Սթրիթիհի դիտարկմամբ՝ վերջին տասնամյակներում մարդ և վայրի կենդանի բախումներն ավելացել են մի քանի հիմնական պատճառներով։ «Մի կողմից՝ որոշ վայրի կենդանիներ այսօր այլևս չեն վախենում մարդուց, քանի որ որսը նվազել է, և նրանք սննդի այլընտրանքային աղբյուրներ են փնտրում։ Սննդի այս աղբյուրները հաճախ ձևավորվում են հենց մարդու գործունեության հետևանքով՝ անպաշտպան մեղվափեթակներ, պտղատու այգիներ, գյուղատնտեսական թափոններ։ Այս պայմաններում վայրի կենդանիների համար մարդու միջավայրը կարող է նույնիսկ ավելի գրավիչ ու հասանելի լինել, քան բնական կենսամիջավայրը: Նման կերպ՝ մենք մի ամբողջ սուպերմարկետ ենք բացել վայրի կենդանիների համար մեր գործունեության միջոցով»,- Էկոլուրին ասաց նա։

Ներկայացնելով իր երկրի՝ Սլովենիայի օրինակը՝ Յերնի Սթրիթիհը նշեց․ «Սլովենիան Եվրոպայի այն երկրներից է, որն ունի գորշ արջերի ամենամեծ պոպուլյացիաներից մեկը, ինչպես նաև բավականին մեծ թվով գայլեր։ Սլովենիայի տարածքի գրեթե կեսը համարվում է արջերի տարածք, այսինքն՝ արջեր կան գրեթե ամենուր։ 2000-ականների սկզբին, երբ միանում էինք ԵՄ-ին, մշակեցինք գորշ արջերի կառավարման ռազմավարություն՝ որպես եվրոպական «Natura 2000» ցանցի պաշտպանված տեսակ։ Այդ ժամանակ Սլովենիայում կար մոտ 400 արջ, իսկ հիմա՝ ավելի քան 1000։ Շատ աշխատանք է տարվել տեղի բնակչության իրազեկման ուղղությամբ։ Օրինակ՝ նվազեցվել է գյուղերում աղբի քանակը։ Նախկինում, երբ մարդիկ կենդանիներ էին մորթում բակում, մնացորդները նետում էին թփերի մեջ, ինչը դառնում էր արջերի համար հրավեր՝ գալու գյուղ»,- նշեց նա:

Փորձագետը նշեց, որ խնդրի կարգավորման մոտեցումները տարբեր են՝ տեխնիկական միջոցներից մինչև կառավարման նոր մոդելներ։ «Այս համատեքստում լայնորեն կիրառվում են էլեկտրական ցանկապատեր, պաշտպանված աղբամաններ, ընտանի կենդանիների նկատմամբ հսկողություն։ Կարևոր դեր ունեն նաև հովվաշները՝ հատկապես Կովկասյան հովվաշունը, որն անասուններին գիշատիչներից պաշտպանելու լավ միջոց է»,- ասաց Յերնին։ 

Բացի կանխարգելիչ քայլերից, Սլովենիայում գործում է նաև «արջային միջամտության խումբ», որի մասնագիտացված անդամները պատրաստ են արձագանքել բնակիչների ահազանգերին։ Անհրաժեշտության դեպքում նրանք կենդանուն քնեցնում են և տեղափոխում այլ վայր։

Չնայած միջոցառումներին, ամեն տարի Սլովենիայում գրանցվում է մեկ-երկու դեպք, երբ արջը վնասում է մարդկանց: Այդ դեպքերը, ինչպես նշում է Սթրիթիհը, հիմնականում պատահական են, երբ մարդն աննկատ մոտենում է կենդանուն։ Սովորաբար դա տեղի է ունենում անտառում՝ սունկ կամ խոտաբույսեր հավաքելիս, երբ մարդը շեղվում է արահետից և անաղմուկ մոտենում արջին։ Հաճախ վտանգն առաջանում է այն արջերից, որոնք սովորել են մարդու ներկայությանը և սննդի որոնման մեջ չեն խուսափում բնակավայրերից։ Սլովենիայում այսպիսի արջերին անվանում են «խնդրահարույց արջեր»։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

Մայիս 12, 2025 at 14:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր