Շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները Դիլիջանի անտառներում

Շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները Դիլիջանի անտառներում

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում, Նավուրի հանդամասում ինտենսիվորեն իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Կազանչիի հատվածում հրդեհը մեկուսացված է։ Այս մասին www.1in.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նա նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում Շիրակի մի հատվածում, որտեղ այրվում է խոտածածկ և բուսածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Ճամբարակ-Թթուջուր հատվածում, որտեղ հրդեհը մեկուսացած է։ Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում բռնկված հրդեհները բազմաթիվ հատվածներում արդեն մարվել են։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են շուրջ 700 փրկարար ծառայողներ, էկոպարեկներ, բնակիչներ, ոստիկաններ։ Օգտագործվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ուղղաթիռը։ Ըստ Նարեկ Սարգսյանի՝ իրավիճակը լիովին  փրկարար ծառայության հսկողության տակ է, կամավորների անհրաժեշտություն այս պահին չկա, տեխնիկան բավարարում է։

Հարցին՝ որն է հրդեհների առաջացման պատճառը, Նարեկ Սարգսյանն արձագանքեց․ «Հիմնական պատճառ նշվում է չոր կլիման, ինչը հրդեհների պատճառ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Գիտենք, որ մեր հարևան Իրանում էլ կան անտառային հրդեհներ։ Մեզ մոտ ոստիկանությունը զուգահեռ օպերատիվ աշխատանք է իրականացնում հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ։ Հրապարակման ենթակա որևէ տեղեկատվության դեպքում հանդես կգանք առանձին հայտարարությամբ»։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը www.1in.am-ի հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց հրշեջ-փրկարարներին իրենց վտանգավոր և անչափ կարևոր աշխատանքի համար։ Անդրադառնալով հրդեհների առաջացման պատճառներին՝ նա ասաց․ «Մեր անտառներում շատ են չորացած տարածքները, որոնք անտառածածկ չեն, շատ վայրերում ջրային աղբյուրները չորացել են, և ամենափոքր երևույթից մեծ աղետ կարող է սկսվել։ Ցավոք, մեր մարզերում մարդիկ ինչպես իրենց այգիներում են այրում չոր տերևները, խոտերը, այդպիսի վարքագիծ էլ անտառներում են ցույց տալիս, կարող են և՛ այրվող ծխախոտ նետել, և՛ այլ վտանգավոր գործողություններ կատարել թեկուզ անզգուշորեն։ Բայց այդ գործողությունները կարող են առաջացնել հրդեհներ»։ Ինգա Զարաֆյանը նշեց, որ անհրաժեշտ է ուժեղացնել փրկարար ծառայության տեխնիկական կարողությունները և բարելավել մոնիթորինգի համակարգը։

Նոյեմբեր 26, 2025 at 15:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր