«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆՆ» ԸՆԴԴԵՄ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱրմԻնֆո

Ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանում կկայանա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության գործով նախնական դատական նիստը (նախագահող դատավոր Լ.Սոսյան):

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» մամուլի ծառայությունից, հունվարի 29-ին հասարակական կազմակերպությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարությանաը դիմելու ՀՀ վարչապետին` ստանալու նրա համաձայնությունը ք.Երևան, Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար:

«Տեխնիկա պլյուս» ընկերության կողմից գործարկվող արտադրամասը զբաղվում է կնիքների ու կաղապարների պատրաստմամբ, ինչի ընթացքում արտանետվում են թունաքիմիկատներ` աղտոտելով մթնոլորտային օդը: Արտադրամասը գործում է քաղաքի կենտրոնում, բազմահարկ բնակելի շենքի 1-ին հարկում` ընդ որում ապօրինի` առանց բնապահպանական փորձաքննական եզրակացության: ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչությունը չի ձեռնարկում քայլեր` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 594 որոշումը առ այն, որ մինչև 2011 հունվարի 1-ը չի կարող իրականացնել ստուգումներ մինչև 70 մլն. դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներում: Մինչդեռ, նույն որոշման համաձայն ՀՀ բնապահպանական տեսչությունը կարող է իրականացնել ստուգումներ անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության դեպքերում` ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ:

Դատավարությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ֆինանսավորմամբ գործարկվող «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն» ծրագրի շրջանակներում:

Ապրիլ 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր