ԷկոԼուր
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակման, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դադարեցման և Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Բնապահպանական տեսչությունը ստուգում է իրականացնում Ալավերդու պղնձաձուլարանում և պարզում, որ արտանետումները երկար տարիներ գերազանցել են: Մենք ասում ենք՝ այսպես չի կարելի, մենք ուզում ենք, որ այդ գործարանն աշխատի, բայց վիճակագրություն կա՝ քաղցկեղ և այլն: Մենք չենք ուզում թունավորել մեր մարդկանց: Ինչն է ռեակցիան՝ ոչ թե այո, եկեք աշխատենք, այլ փողոց ենք դուրս գալիս, մենք աշխատատեղ ենք ուզում, կանգնեցնում ենք գործարանը, փակում ենք:
Հաջորդը՝ Ամուլսարի խնդիրը: Մենք ասում ենք՝ մեզ պետք է փաստ և փաստարկ, որ Սևանի համար վտանգներ այդտեղ չկան: Ասում են՝ չկա, հավատացեք մեր խոսքին, հավատացեք մեր փաստաթղթերին: Իմիջիայլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեջ փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հիմա ո՞ւմ հավատանք:
Հիշում եք Թեղուտում ինչ էր տեղի ունենում, մարդիկ ասում էին՝ մի արեք, մի արեք: Հիմա Թեղուտում ինչ է կատարվում. Թեղուտը կանգնած է և պարզ չէ, թե ինչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, հիմա խնդիր կա և չգիտենք՝ այդ խնդիրը ոնց ենք լուծելու:
Այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում, մեր տնտեսությունը եղել է հետևյալը. մենք մեր ընդերքը քանդել ենք, վաճառել, ասել ենք՝ արտահանում ենք: Ով ասես այդպես կարտահանի, մենք դա ենք ուզո՞ւմ:
Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով: Մենք ուզում ենք կայուն տնտեսական աճի հիմքի վրա դնենք մեր երկիրը և ագրարային երկրից վերածենք բարձր տեխնոլոգիական երկրի, որտեղ աշխատանքը խրախուսվում է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը կանգնեցրեց Վալլեքս խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությունը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանել է ընկերությանը 380 միլիոն դրամի չափով՝ մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Միաժամանակ ընկերությունը պահանջում է կառավարությունից թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել:
Նույն խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը՝ Թեղուտի պոչամբարի անկայուն վիճակի և ֆինանսական խնդիրների պատճառով:
Եվ Ալավերդու պղնձաձուլարանը, և «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը գրավադրված են ռուսական ՎՏԲ բանկում:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարական աշխատանքներն արդեն 4 ամիս է դադարեցված են: Տեղի բնակիչներն ու բնապահպանները փակ են պահում հանքի տարածք տանող բոլոր ճանապարհները՝ թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել շինարարությունը:
Հավելենք, որ այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի ընտրությունը: «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ միաժամանակ ԱԺ պատգամավորներին կոչ անելով չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։
Եթե ԱԺ-ն վարչապետ չընտրի, քվեարկությունից 7 օր հետո կանցկացվի վարչապետի նոր ընտրություն: Երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովը կարձակվի։
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրել:
Հոկտեմբեր 24, 2018 at 14:56