Չեխական «Առնիկա», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների ներկայացուցիչներն ականատես դարձան Լոռու մարզի Ախթալա, Շնող ու Չքնաղ գետերի աղտոտման, երբ գետերի մեջ հորդառատ անձրևների հետևանքով միախառնվել էին հանքարդյունաբերական թափոնների հոսքերը:
Չքնաղ գետ
Ախթալա գետ
Ախթալա գետի հարակից տարածքը
Այս երեք կազմակերպությունների թիմերը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը գետերի նստվածքների, հողի, փոշու փորձանմուշներ, ինչպես նաև տեղի բնակիչների կենսանմուշներ են վերցրել Չեխիայի հավատարմագրված լաբորատորիայում հետազոտելու նպատակով:
2021թ. հետազոտության շրջանակն ընդլայնվել է: Մասնագետներն այցելել են Ալավերդի, Շնող, Աքորի, Ախթալա, Թեղուտ, Հաղպատ, Սանահին, Ճոճկան, Մեծ Այրում, Շամլուղ, Փոքր Այրում, Արմանիս ու Մղարթ բնակավայրեր, որոնք գտնվում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի», «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի, «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Սագամար» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների ազդեցության գոտում:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաձայն՝ Ախթալա և Շնող գետերն ամենաբարձր՝ 5-րդ դասի աղտոտվածություն ունեն: Իսկ Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի լցակույտերի ազդեցությունը կրող Չքնաղ գետի վերաբերյալ տվյալներ առկա չեն:
Շնող գետ
«Նազիկ» պոչամբարից ներքև գտնվող հատվածում Ախթալա գետը պղտորված էր. մոխրագույն էր: Ակնառու էր, որ անձրևաջրերը հոսում են պոչամբարի վրայով և լցվում գետ: Չքնաղ գետին Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի լցակույտերին միախառնվող ջրային հոսքերը ժանգագույն երանգ էին հաղորդել: Շնող գետն անձրևից վարարել էր, և փորձանմուշներ վերցվել են գետի այն հատվածներում, որտեղ նախկինում Թեղուտի պոչամբարից արտահոսքեր են եղել:
Չքնաղ գետ
Շրջայցերի ընթացքում հետազոտությանը մասնակցած բնակիչները բարձրաձայնեցին իրենց առողջական խնդիրների մասին, որոնք հիմնականում կապում են հանքարդյունաբերական գործունեության հետ: Նրանք կարևորեցին նմանանատիպ հետազոտությունների անցկացումը՝ շրջակա միջավայրին և իրենց առողջությանը սպառնացող ռիսկերի տեսանկյունից: Ընդգծեցին, որ վտանգների մասին տեղեկացված լինելը շատ կարևոր է և կարող է նպաստել հետագայում այդ վտանգների մեղմման կամ կանխարգելման առումով: Հետազոտությունների արդյունքները հայտնի կդառնան 2021թ. աշնանը:
Օգոստոս 02, 2021 at 13:12