ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից մշակվում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Լալվար գետի Անանուն վտակից 10.0 լ/վ ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Փաստաթղթի հանրային քննարկումը նշանակված է ս.թ. ապրիլի 16-ին՝ ժամը 16:00-ին (Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված չէ՝ ինչ տեսակի արդյունաբերական գործունեության համար է ընկերությունը ներկայացրել ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ: Ջրային ռեսուրսների կառավարման վարչությունից «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում այս հարցը չպարզաբանեցին:
Նշենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» կամ «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությունը, որը մտնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ, Լոռու մարզում շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: «Վալլեքս» խմբի ընկերությունների չմարած պարտքի դիմաց այս երկու ձեռնարկությունն անցել են ռուսական «ՎՏԲ» բանկին: Ներկայում դրանց գործունեությունը կանգնեցված է:
Ապրիլ 11, 2022 at 14:35