ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՇՈՒՐՋ 5 ՀԱԶԱՐ ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆԱՊԱՏԻ, ԳՅՈՒՂԱՑԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՇՈՒՐՋ 5 ՀԱԶԱՐ ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆԱՊԱՏԻ, ԳՅՈՒՂԱՑԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վիկտորյա Բուռնազյան, ԷկոԼուր

Արմավիրի մարզի Արտաշար համայնքի դաշտերը գրեթե ամայի են: Բնակիչների մեծ մասն իրենց սեփական հողերը թողած մշակում են հարեւան շրջաններից վարձակալած հողերը, քանի որ իրենց հողատարածքները մշակման ենթակա չեն:  Համայնքի 374 հա վարելահողից 252 հա-ն աղակալված է: (Տե՛ս լուսանկարները):

«Աղը դուրս է եկել, ժողովուրդը ցանում են, բերք չեն կարողանում ստանալ: Մարդիկ դիմում են, էստեղից, էնտեղից են հող վերցնում, մշակում, որ կարողանան իրենց գոյոթյունը պահեն: Մոտ 100 տնտեսությունից ավել էսօր վարկի տակ են»,- ԷկոԼուր-ի հետ զրույցում ասաց Արտաշարի գյուղապետարանի հաշվապահ Ջուլիետա Սարգսյանը:

Պարսամ Մխիթարյանն այն քչերից է, ով փորձում է հայրենի գյուղում հող մշակել: 2 հա –հողատարածքից մշակում է մեկը, մյուս կեսն ամբողջովին աղակալված է: «Մի 15 տարի առաջ ժողովուրդն էլի ահագին բերք էին վերցնում, իսկ հիմա ամբողջ տվեց, աղակալվավ: Սա շատ հնուց աղակալված է եղել: Դրենաժների միջոցով, ջրով, կիսլատայով բերին մաքրին եւ հողը բերի դարձավ, բայց հիմա նորից աղակալվեց, ժողովուրդը ոչ մի բան չի վերցնում,- պատմեց  Պարսամ Մխիթարյանը,- մեր վիճակը շատ վատ է, Ես համարյա 75-ի մեջ եմ մտնում, բայց դաշտերն եմ մնում, որովհետեւ ապրուստի միջոց չկա: Եթե մի փոքր պետությունը օգնե գյուղացուն, բարելավե, լավ կլինի»: Թեպետ արտաշարցիներն իրենց սեփականաշնորհած հողերը չեն մշակում, սակայն պարտավոր են վճարել  հողի հարկը:

Գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե գիտեին արդյոք, որ աղակալված հողեր են սեփականաշնորհում: Պարզվեց, որ գիտեին, բայց հույս ունեին, որ դրենաժային համակարգը կգործի, եւ հողը կդառնա մշակելի:

Արտաշարի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ: 274 տնտեսություն ունեցող համայնքի դպրոցում աշխատում է 18, իսկ գյուղապետարանում 7 հոգի:

Արմավիրի մարզում Արտաշարին բախտակից  շուրջ 12 համայնք կա: Մարզի մոտ 5000 հա հողատարածություններ աղակալված են, որոշ տարածքներում ընթանում են կրկնակի աղակալման գործընթացներ:

Հողերի աղակալմնան պատճառը  ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելն է: Բացի այդ, գարնանը՝ ձնհալից հետո, ջրերն այնքան են բարձրանում, որ գյուղերում շատանում են ճահճուտները: Արտաշարի 60%-ը կազմում են ճահիճները: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ճահիճներն այնքան են բարձրացել, որ ծածկել են գյուղի դպրոց տանող ճանապարհը, շատացել են մլակները:

«Դրա հիմնական պատճառը մարզում առկա կոլեկտորադրենաժային ցանցերի՝ մասնավորապես փակ ցանցի չգործելն է: Ունենք շուրջ 282 կմ բաց դրենաժային համակարգ, որը 3 տարին մեկ ամբողջությամբ մաքրվում է կառավարության տրամադրած միջոցների հաշվին, իսկ մեր ցավոտ խնդիրը կազմում է մեր փակ դրենաժային ցանցի մաքրումը, որը գտնվում է խցանված վիճակում: Ունենք 280 կմ էլ փակ դրենաժային համակարգ: Եթե բաց դրենաժները մաքրվում են 3 տարին մեկ, կարծես թե, ամբողջությամբ, ապա փակ դրենաժների մաքրումը մեծ ջանքերով մտցվել է Հազարմյակի մարտահրավեր ծրագրի մեջ, եւ փորձ է արվում, որ փակ դրենաժային համակարգը մաքրվի: Մենք ներկայացրել ենք իրավիճակը կառավարությանը, եւ  կառավարությունը` մասնավորպես գյուղատնտեսության նախարարությունը, փորձում է մեխանիզմ մշակել, որ հնարավորություն տա, որ այդ աղազերծումները իրականացվեն»,- : «ԷկոԼուր»-ին հայտնեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

Այս տարի, ի ուրախություն արմավիրցիների, Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը հանձն է առել Արմավիրի բաց դրենաժային համակարգի վերանորոգումը, շինարարական աշխատանքները կտեւեն մեկ տարի: Բաց դրենաժային համակարգի նորոգումից  հետո միայն կսկսվի փակ դրենաժային համակարգի մաքրման եւ վերանորոգման աշխատանքը: Մեր այցելության ժամանակ վերանորոգվում էր Կոշի-Արտաշար ջրանցքը:

Չնայած տարվող աշխատանքներին՝ Արթուր Այվազյանն ասում է, որ  աղակալումից հողի ամբողջական մաքրման համար անհրաժեշտ է նոր ջրանցք կառուցել: «Մենք նախատեսել ենք, որ էդտեղ պետք է նոր ջրանցք կառուցվի, հին ջրանցքը սխալ է կառուցված, էդ ֆիլտրացիոն պրոցեսների հետեւանքով գարնանը ջուրը բարձրանում եւ դրենացնում է այդ հողերը, Նոր ջրանցք պետք է կառուցվի, որպեսզի այդ ֆիլտրացիոն պրոցեսները վերանան: Հին ջրանցքը կառուցվել է մոտ քսան տարի առաջ ու անավարտ է մնացել»,- ասաց Արթուր Այվազյանը: ԷկոԼուր-ի այն հարցին, թե երբ է կառուցվելու նոր ջրանցքը, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը պատասխանեց. «Երբ որ կառավարությունը գումարներ կհատկացնի, դա կառավարական խնդիր է»:

Օրերս «ԷկոԼուր»-ը եղավ նաեւ Արարատի մարզում: Այստեղ էլ է հողերի աղակալման խնդիրը սուր: Արարատի մարզի Հայանիստ համայնքի հողերն անմշակ են, որովհետեւ ոռոգման ջուր չկա, դրենաժային համակարգը չի գործում, եւ գրունտային ջրերը բարձրանալով՝ աղակալում են հողը: Հայանիստի խնդիրն «ԷկոԼուր»-ը կներկայացնի հաջորդ հոդվածում:

Օգոստոս 18, 2010


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news