

2018թ. Եվրամիության կառավարությունները և ինստիտուտները ստորագրել են թափոնների վերամշակման և վերաօգտագործման հավակնոտ միջոցառումներ պարունակող պատմական համաձայնագիր, որը վերաբերում է.
- բազմակի օգտագործման և վերամշակման համար տարբեր նյութերի հավաքագրումը և տեսակավորումը պարզեցնելուն, այդ համակարգը պարտադիր դարձնելուն
- սննդային թափոնների քանակի նվազեցմանը
- փաթեթների/տուփերի վերաօգտագործումը և վերամշակումը խրախուսելու համար ֆինանսական խթանների ներդրմանը
- վերամշակման կամ վերաօգտագործման համար հավաքված թափոնների այրումը և թաղումը արգելելուն
- ապրանքների վերամշակման և վերաօգտագործման համար ավելի բարձր նպատակներ դնելուն
- փաթեթավորման թափոնների հավաքման և վերամշակման համար ավելի շատ վճարելու արտադրողների պարտականություններին
- վերամշակման աստիճանի գնահատման ավելի ճշգրիտ մեթոդաբանության ձևավորմանը:
Եվրոպական բնապահպանական բյուրոյի (EEB)-ի, ClientEarth-ի և Ecoteca-ի կողմից պատրաստած զեկույցի հեղինակներին մտահոգում է այն, որ երկու տարի անց ԵՄ անդամ երկրների մեծ մասը (27-ից առնվազն 16-ը) բաց թողեցին ժամկետի ավարտին՝ հուլիսի վերջին այդ միջոցառումները ազգային օրենսդրության մեջ ներառելու հնարավորությունը: Ընդ որում, այդ երկրների թվում են այնպիսի խոշոր տնտեսություններ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆինլանդիան, Իսպանիան, Շվեդիան և Լեհաստանը: Ըստ մասնագետների՝ ձգձգումները մասամբ կապված են համավարակի հետ:
«Այս օրենքների իրականացման անհնարինությունն ամենից շատ վնասում է մարդկանց, ՏԻՄ-երին և փոքր բիզնեսին: Համավարակի պատճառով տեղական իշխանությունները դժվարություններ են ունենում վերամշակվող նյութեր հավաքելու հարցում, ինչը խաթարում է վերամշակման համակարգը և պահանջում է լրացուցիչ գումար հարկատուներից», - նշել է Եվրոպական բնապահպանական բյուրոյի (EEB) քաղաքականության տնօրեն Պետր Բարչակը: «Մենք կանգնած ենք հսկայական տնտեսական և բնապահպանական օգուտներ կորցնելու ռիսկի առաջ»,- շեշտեց նա:
Ըստ Materials Economics-ի խորհրդատուների կողմից հրապարակված զեկույցի՝ միայն սննդամթերքի թափոնները կրկնակի չափով կրճատելու ջանքերը կարող են եվրոպական տնային տնտեսություններին մինչև 2030թ. տարեկան շուրջ 600 եվրոյի խնայողություն ապահովել:
Եվրոպայում, անշուշտ, դիտվում է որոշակի հուսադրող առաջընթաց, հատկապես տեղական մակարդակում, բայց ընդհանուր առմամբ զեկույցի հեղինակները կարծում են, որ թափոնները նվազեցնելու և ԵՄ-ում ռեսուրսների կառավարման բարելավման ջանքերը դեռ շատ թույլ են: Խնդրի սրությունը կապված է նրա հետ, որ ԵՄ-ն ներկայում անհամաչափորեն ավելի մեծ քանակի բնական ռեսուրսներ է օգտագործում: Գրեթե այնքան, կարծես մենք մեզ անհրաժեշտ սպառման համար երեք մոլորակ ունենք: 2017թ. ԵՄ կենցաղային թափոնների միայն 30%-ն է վերամշակվել որպես երկրորդական հումք, 17% -ը վերամշակվել է պարարտանյութի, 28% -ը այրվել է և 24%-ը թաղվել աղբավայրերում:
Ըստ Material Economy-ի զեկույցի՝ առավել շրջանառու տնտեսությունը կարող է նվազեցնել ծախսերը և մինչև 2030թ. տարեկան ավելի քան 500 միլիարդ եվրո լրացուցիչ գումար ապահովել: ԵՄ-ի միջին տնային տնտեսության համատեքստում էլեկտրաէներգիայի և ռեսուրսների խնայողությունը մեկ ընտանիքի համար տարեկան կկազմի 2,400 եվրո:
Զեկույցում նաև նշված է, որ համավարակը սրել է խնդիրները: Հումքի գների անկումը և վերամշակված նյութերի, այդ թվում `պլաստմասսայի և տեքստիլի պահանջարկի նվազումն արդեն ազդել են վերամշակման և նորոգման ոլորտների վրա: Ընդ որում, մի շարք տեղական ձեռնարկություններ առանց ֆինանսական աջակցության և նպատակային ներդրումների գտնվում են սնանկացման վտանգի տակ: EEB քաղաքականության ղեկավար Ստեֆան Արդիթիի խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու համար ԵՄ-ի կողմից ազգային կառավարություններին խոստացված 750 միլիարդ եվրոն հնարավորություն կտա աջակցել այդ ոլորտներին:
Կառավարությունները պետք է ներկայացնեն սպառիչ ազգային ծրագրեր, որոնցից կախված կլինեն դրամաշնորհների, վարկերի և ներդրումների տրամադրման վերաբերյալ որոշումները: Համաձայն Եվրոպական «Կանաչ Գործարքի» (Green Deal) գումարի առնվազն 37%-ը պետք է ուղղվի շրջակա միջավայրի պահպանության նախագծերին:
Աղբյուրներ. «Էկո-համաձայնություն», EEB-ի նյութեր, «Շրջանառու տնտեսություն. Անդամ պետությունները հետաձգում են անխուսափելի թիրախները» զեկույցը:
Հունվար 27, 2021 at 16:45
