Թումանյանի տարածաշրջանի ակտիվիստները պետք է օգնեն վերականգնել իրենց տարածքը քիմիական աղտոտվածությունից

Թումանյանի տարածաշրջանի ակտիվիստները պետք է օգնեն վերականգնել իրենց տարածքը քիմիական աղտոտվածությունից

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակն է ստեղծել և զարգացնել իրազեկ և ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը կպայքարի լեռնահանքային արդյունաբերության հետևանքով աղտոտված շրջակա միջավայրի վերականգնման համար: Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հասարակական կազմակերպությունն իր գործընկերներ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ շարունակում է  հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների և թափոնների թունավոր միացություններով Թումանյանի տարածաշրջանի աղտոտվածության սկրինինգը: Աղտոտման աղբյուրներն են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի, Ալավերդու պղնձաձուլական գործարանի, Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի, Մղարթի հանքարդյունաբերական ծրագրի ենթակառուցվածքների օբյեկտները՝ վերամշակման արտադրամասեր, պոչամբարներ, լցակույտեր, դատարկ ապարներ:

2018-2020թթ. իրականացված ուսումնասիրությունները հնարավորություն ընձեռեցին գնահատել ծանր մետաղների և այլ թունավոր միացությունների հնարավոր ազդեցությունը մարդու առողջության վրա:

Այսպիսով, Ալավերդիում ազատ տեղաշարժվող հավի ձվերի նմուշներում հայտնաբերվել են  ամենաթունավոր միացությունները համարվող դիօքսիններն ու  դիօքսինանման նյութերը: Ախթալայում երեխաների համար հայտնաբերվել է մկնդեղի նկատմամբ բարձր քաղցկեղածին ռիսկ և կադմիումի նկատմամբ՝ ոչ քաղցկեղածին բարձր ռիսկ:

2021թ. մասնագետներն ու կամավորները կշարունակեն հավաքել և վերլուծել աղտոտման հավանական աղբյուրների հարևանությամբ շրջակա միջավայրի և մարդկանց կենսանյութի մոնիթրինգի տվյալները:

Հավաքված տվյալների բազայի հիման վրա կստեղծվի Թումանյանի տարածաշրջանի ինտերակտիվ քարտեզ նմուշառման վայրերի, դրանցում աղտոտիչների պարունակության և առողջությանը պոտենցիալ վնաս հասցնելու վերաբերյալ: «Բնապահպանական և քիմիական անվտանգությունը մարդու հիմնական կարիքների բաղկացուցիչ մասն է: Բնակչության անվտանգության բարձրացման հիմնական ուղիներից մեկը հնարավոր ռիսկերի մասին տեղեկատվության տրամադրումն է», - ասաց «Առնիկա»-ից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն:

Նա բացատրեց, որ ինտերակտիվ քարտեզն ուղղված է լայն լսարանին: «Թումանյանի տարածաշրջանում 2018թ-ից իրականացվող մոնիթորինգի տվյալները կներկայացվեն մատչելի ձևով: Այս գործիքը կօգնի տրամադրել աղտոտված տեղանքների մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև բացատրել աղտոտող նյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա՝ այդ կերպ իսկ պաշտպանելով տեղի բնակչությանը: Ենթադրվում է ընդլայնել ակտիվիստների ցանցը, ովքեր կստանան գիտելիքներ շրջակա միջավայրի աղտոտման խնդիրների և այն մասին, թե ինչպես կարելի է լուծել դրանք», - ասաց նա:

Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը վստահ է, որ մաքուր միջավայրում ապրելու իրավունքի համար պայքարը շարունակական կլինի: «Աղտոտված տարածքում բնակվող շուրջ 60 քաղաքացի արդեն իսկ դիմել է դատարան և պահանջում է փոխհատուցել հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրենց առողջությանը և ունեցվածքին պատճառված վնասը: 2021թ. ուսումնասիրության աշխարհագրական տարածքը կընդլայնվի: Նոր ուսումնասիրությունները կներառեն նաև Լոռու մարզի Ստեփանավանի շրջանը, որտեղ առկա է աղտոտման ակտիվ օջախ` Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման ծրագրի ենթակառուցվածքները», - ասաց նա:

Իր հերթին, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը կարծում է, որ հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածության մասին տեղեկացված քաղաքացիների ակտիվ խմբերի պատրաստումը հատկապես կարևոր է ներկայումս՝ հաշվի առնելով լեռնահանքային ընկերությունների՝ Լոռու չաղտոտված տարածքների հաշվին իրենց գործունեությունն ընդլայնելու փորձերը:

Ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Անցումային զարգացման խթանման ծրագրի շրջանակներում:

րագիրն իրականացվել է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ ՝ Վերափոխման աջակցության ծրագրի շրջանակներում:

Մայիս 10, 2021 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր