

Ի պատասխան «ԷկոԼուրի» 2021թ. մայիսի 5-ի նամակի՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է.
«Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. հուլիսի 17-ին «Մասրիկ 1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը» տրված ԲՓ-000061 պետական փորձաքննական եզրակացության՝ ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման և օդային գծի (ՕԳ) միջանցքների նախատեսման ժամանակ առաջացած պինդ և հեղուկ թափոնները՝ շարժիչների բանեցված յուղերը, բանեցված անվադողերը, մինչ առաքումը կպահվեն բետոնապատ ծածկված տարածքում, իսկ շինարարական աղբը կտեղափոխվի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի և Գեղամասար համայնքապետարանների կողմից հատկացված աղբավայրեր: Վառելանյութի պահպանման համար հատկացվելու է հատուկ տարածք, ինչը կունենա բետոնե հարթակ և արտահոսքերի հավաքման համակարգ: Նախատեսվում են շրջակա միջավայրի վրա նվազեցմանն ու բացառմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից, 2019թ. մայիսի 30-ին «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման նախագծի շրջանակում իրականացվել են կենսաբազմազանության դաշտային լրացուցիչ ուսումնասիրություններ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Գեղամասար համայնքների, մասնավորապես, «Էմերալդ» էկոլոգիական ցանցի մեջ ընդգրկված տարածքների վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով: 2019թ. օգոստոսին ավարտվել են «Էֆարվի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից կենսաբազմազանության դաշտային լրացուցիչ ուսումնասիրությունները, ինչի մասին շրջակա միջավայրի նախարարություն ներկայացվել է հաշվետվություն:
ԵՄ/ԵԽ համատեղ «Էմերլալդ ցանց-Փուլ II» ծրագիրն իրականացվել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ փորձագիտական խմբի միջոցով, աշխատանքներն ավարտվել և ընդունվել են 2016թ.: Հիմք ընդունելով կողմ երկրների և ցանցի տարածքների գնահատումն իրականացնող միջազգային փորձագետների հետ կայացած քննարկումների արդյունքները` 2017թ. որոշում է կայացվել փորձագիտական խմբի միջոցով կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ առաջարկված պոտենցիալ տարածքների սահմանների վերանայման ուղղությամբ: Աշխատանքային խումբը 2019թ. շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Էմերալդ» ցանցի օպտիմալացման վերաբերյալ առաջարկներ: Համաձայն այդ առաջարկների՝ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է «Էմերալդ» ցանցի 4 պոտենցիալ տարածքներ՝ 82421,8 հա ընդհանուր մակերեսով, հետևաբար արևային էլեկտրակայանին հատկացված տարածքը դուրս է Գեղարքունիքի մարզի «Էմերալդ» ցանցի սահմաններից»:
Այս պատասխանի մեջ, սակայն, բացակայում է որևէ տեղեկություն, թե շահագործման ժամկետի ավարտից հետո ինչպես պետք է ուտիլիզացվեն արևային վահանակները/մարտկոցները: Հստակ պատասխան չունի նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Արևային էներգետիկայի առաջացրած թափոնների ուտիլիզացման աշխատանքներին ուղղված որևէ փաստաթուղթ կամ չափորոշիչներ ներկայում չկան: Այս մասին 2021թ. մայիսի 14-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած Clean Energy Talk «Հայաստանի կանաչ քառակուսի» միջոցառման ժամանակ նշեց նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը՝ պատասխանելով «ԷկոԼուրի» հարցին:
«Այն, որ մտածում ենք ուտիլիզացիայի պայմաններ ստեղծելու մասին, միանշանակ է: Ներկայում այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց որևէ փաստթուղթ կամ չափորոշիչ դեռևս չկա: Բայց խնդիրը միանշանակ պատկերացնում ենք: Նաև էներգետիկայի մասին օրենքում ասվում է, որ տեղակայանքը էներգետիկ դարձնելուց հետո սեփականատերը պարտավոր է կանաչ տարածք ապահովել: Մենք էլ պայմաններ պետք է ստեղծենք, որպեսզի իրականցվի այդ ամենը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «ԷկոԼուրը» նախարարությանն ուղղված նամակի մեջ մասնավորապես նշել էր.
«Հարգելի պարոն նախարար,
2019թ-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մասրիկ-1 արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը»:
Նշենք, որ, համաձայն Ծրագիրը համավարկավորող ՄՖԿ-ի (Համաշխարհային բանկ) 4.01 գործառնական քաղաքակության փաստաթղթի՝ այս նախագիծը դասակարգվում է Բ կատեգորիայի, հետևաբար, դրա համար պահանջվում է ՇՄԱԳ հաշվետվություն և բնապահպանական կառավարման պլան՝ համաձայն Համաշխարհային բանկի մեթոդակարգերի: Նույն մոտեցումներն ունի նաև մյուս համավարկավորողը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որի պահանջներից են.
Պահանջ 1. Էկոլոգիական և սոցիալական ազդեցությունների գնահատում և դրանց կառավարում
Պահանջ 3. Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման վերահսկում և կանխարգելում
Պահանջ 6. Կենսաբազմազանության պահպանում և կենդանի բնական ռեսուրսների կայուն կառավարում:
2016թ-ին լույս տեսած Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) և Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) համատեղ «End-of-Life Management: Solar Photovoltaic Panels» հետազոտության մեջ նշվում է, որ մինչև 2030 թվականն աշխարհում ձևավորվելու են շուրջ 1.7 - 1.8 միլիոն տոննա ֆոտոգալվանային թափոններ (կուտակային): Մինչև 2050 թվականը ծառայության ժամկետը լրացած արեգակնային վահանակների ծավալը (կուտակային) կաճի՝ հասնելով շուրջ 60-78 միլիոն տոննայի: Այդ քանակությամբ թափոնների վերամշակումը նոր մարտահրավեր է շրջակա միջավայրի համար։
Նշենք, որ 17.07.2019թ. «Մասրիկ-1 արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ-0000610 եզրակացությունը չի ապահովում վերոնշյալ պահանջների կատարումը և համահուն
չ չէ մեր երկրի կողմից որդեգրած «կանաչ» տնտեսության ուղղությանը:
Մասնավորապես, «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած և փորձաքննական դրական եզրակացություն ստացած «Մասրիկ-1» արևային կայանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության բնապահպանական կառավարման պլանում խոսք անգամ չկա Ծրագրի իրականացման, ինչպես նաև ավարտից հետո առաջացող արևային վահանակների վերամշակման և օգտահանման (ուտիլիզացման), դրանց իրագործման համար պահանջվող գումարների, ֆինանսավորման աղբյուրների և պատասխանատուների մասին: Բացի այդ, «Մասրիկ-1 արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության» եզրակացության մեջ որպես փորձագիտական պահանջ նշված է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից ծրագրի տարածքում պետք է իրականացվեն կենսաբազմազանության դաշտային լրացուցիչ հետազոտություններ: Այդ հետազոտությունների ավարտից հետո այն պետք է ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն և նախատեսվող գործունեության համար հատկացված տարածքների և «էմերալդ» էկոլոգիական ցանցի մեջ ընդգրկված տարածքների համընկման դեպքում այդ տարածքներում պետք է բացառել աշխատանքների իրականացումը։
Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն, թե
1. ինչ միջոցառումներ է նախատեսում նախարարությունը Ծրագրում արևային վահանակների վերամշակման և օգտահանման (ուտիլիզացման) գործընթացների և դրա համար նախատեսվող բնապահպանական կառավարման պլանում ֆինանսական ծախսերի ներառման ուղղությամբ
2. ավարտվել են արդյոք նախատեսված կենսաբազմազանության դաշտային լրացուցիչ
հետազոտությունները և եթե այո, ապա դրանք արձանագրել են «էմերալդ» էկոլոգիական ցանցի մեջ ընդգրկված տարածքների համընկնումներ, թե՝ ոչ»։
Մայիս 14, 2021 at 16:39