Երևանի թափոնների կառավարման ոլորտի հիմնահարցերը և Երևանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի փորձը քննարկվեցին «Թափոնների գոյացման կանխարգելումը և կրճատումը Երևանում» կոնֆերանսի ժամանակ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին նշեց, որ Ֆրանսիայի կառավարությունը շահագրգռված է աջակցել Երևանի կայուն զարգացմանը։ «Երևանը Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն է։ Մեր նպատակն է զարգացնել Երևանը, և ֆրանսիական կողմն իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում»։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ 2022 թվականին ֆրանսիական կողմի հետ կյանքի է կոչվել Երևանի քաղաքային փոփոխությունների ծրագիրը, որի նպատակն է աջակցել քաղաքապետարանին՝ իրականացնելու նոր ռազմավարություն թափոնների կառավարման, տրանսպորտի և քաղաքաշինության ոլորտներում։ Ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մեկնել էր Ֆրանսիա փորձի փոխանակման նպատակով։
«Մենք մտադիր ենք ներդնել մեր փորձը և ուժեղացնել Երևանի կարողությունները թափոնների կառավարման ոլորտում։ Շատ կարևոր է թափոնների կառավարումն ընդգրկել շրջանաձև տնտեսության համակարգի մեջ», - ասաց Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի խորհրդական Անն-Լուիս Մեսադյոն։
Ըստ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի՝ Երևանում ապրում է ավելի քան 1 միլիոն մարդ և օրական գեներացվում է 1350-1600խմ աղբ։ Հիմնական խնդիրներից է տեխնիկական ապահովվածությունը։ Ներկայում իրականացվում է ստորգետնյա աղբամանների տեղադրման պիլոտային ծրագիր։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն անդրադարձավ թափոնների տեսակավորման խնդրին։ «Մեզ մոտ աղբի տեսակավորումն իրականացվում է ձեռքով։ Ըստ մեր հաշվարկների՝ Երևանում տեսակավորման գործարան կառուցելու համար կպահանջվի 30 միլիոն եվրոյի ներդրում։ Երկարաժամկետ առումով՝ ավելի ձեռնտու է, քան պահել մեծ քանակությամբ աշխատակիցներ, ովքեր ձեռքով են տեսակավորում աղբը։ Նման գործարանը Երևանի համար անհրաժեշտ է», - ասաց Արմեն Բեգոյանը։ Ըստ նրա՝ 2020 թվականի հունվարի 1-ից Երևան քաղաքում հավաքվել և վերամշակման է հանձնվել 2․621 տոննա թափոն, որոնցից 2․360 տոննա՝ թղթի, 153․600 կգ՝ ապակու, 108․500 կգ՝ պլաստիկի թափոններ։
Հունիս 21, 2024 at 14:38