

Հայաստանում տարեկան գոյանում է շուրջ 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն։ Գոյացող աղբի մեծ մասը հեռացվում է շահագործվող շուրջ 300 աղբանոցներ: Վերամշակելի թափոնների (ապակի, թուղթ, պլաստիկ, մետաղ) մեծ մասը՝ շուրջ 95%, տեսակավորվում է անմիջապես աղբանոցներում ոչ ֆորմալ խմբերի կողմից։ Մի քանի բնակավայրում մասնակի ներդրված թափոնների տեսակավորման համակարգերի շնորհիվ սկզբնաղբյուրում հավաքվում է վերամշակվող թափոնների ոչ ավելի քան 5%-ը։ Այս տվյալները վեր են հանել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետները:
Թափոնամաններ՝ Երևանի «Սիրահարների» այգում
Ըստ կենտրոնի հետազոտության՝ աղբավայրերում թափոնների տեսակավորումը մի շարք բացասական կողմեր ունի, մասնավորապես՝ սանիտարահիգիենիկ և աշխատանքային անվտանգության պայմանների խախտում, անկառավարելի հրդեհների ռիսկեր, մթնոլորտային արտանետումներ, վերամշակելի թափոններն աղտոտվում և արժեզրկվում են:
Նուբարաշենի աղբավայրը
Թերի են կառավարվում նաև վտանգավոր թափոնները՝ ավտոմոբիլային մարտկոցները, անվադողերը, յուղերը, կենցաղային քիմիկատները, ժամկետանց դեղորայքը, բժշկական թափոնները, արդյունաբերական և գյուղատնտեսական թափոնները: Տարեկան գոյանում է շուրջ 300 հազար կապարաթթվային մարտկոցի թափոն, որից մոտ 700 տոննա կապարով հագեցած թթու վնասում է շրջակա միջավայրը:
Հրազդանի աղբավայրը
Հայաստանում թափոնների կառավարման հիմնական խոչընդոտները թերի օրենսդրական դաշտն է, հանրային իրազեկվածության պակասը, պետական և տեղական կառավարման մարմինների ոչ բավարար կարողությունները։
Հայաստանը որդեգրել է թափոնների կառավարման ոլորտի բարեփոխման քաղաքականություն՝ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում (CEPA)։ Համաձայնագրով մինչև 2024թ. Հայաստանում պետք է ներդրվեր Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգ։
ԱԸՊ-ն ռազմավարական գործիք է, որն ապրանք արտադրողներին կամ ներմուծողներին պարտավորեցնում է պատասխանատու լինել իրենց ապրանքների ամբողջ ցիկլի և դրանցից առաջացող թափոնների՝ անվտանգ չեզոքացման համար:
ԱԸՊ ապրանքների ցանկը սահմանվում է լիազոր պետական մարմնի կողմից։ Դրանց թվում են՝ փաթեթավորում (նաև վտանգավոր թափոններով), մարտկոցներ և կուտակիչներ, էլեկտրական և էլեկտրոնային սարքեր, ավտոմեքենաներ ու դրանց բաղադրիչներ (անվադողեր, յուղեր), ֆոտովոլտային վահանակներ, տեքստիլ և այլ արտադրանքներ։
ԱԸՊ ապրանք արտադրողները միանում են շահույթ չհետապնդող Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններին (ԱՊԿ), որոնց վճարում են հատուկ վճար։ ԱՊԿ-ն համակարգում է տվյալ հատուկ թափոնի պատշաճ գործածությունը, ապահովում թափոնների հավաքումն ու վերամշակումը՝ վերահսկման և հաշվետվության պայմաններով:
Համակարգը դեռևս ներդված չէ, սակայն Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվում է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի» մասին օրենքի նախագիծ: Գործընթացին աջակցում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը, որը Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարությանը: Կենտրոնի իրավաբան-փորձագետների մասնակցությամբ մշակվում են օրենքի նախագիծը, ենթաօրենսդրական ակտեր հատուկ թափոնների համար, փոխկապակցված օրենսդրական ակտերում փոփոխությունների փաթեթ։
ԱԸՊ համակարգի ներդրումը Հայաստանում կօգնի ստեղծել միջոցներ հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար, խթանելու վերամշակման արդյունաբերությունը և բարձրացնելու վերամշակման ցուցանիշը, ստեղծելու աշխատատեղեր թափոնների վերամշակման ոլորտում, ունենալու ավելի իրազեկ հասարակություն, նվազեցնելու աղբավայր հեռացվող թափոնների ծավալները և դրանց վնասակար ազդեցությունները, թեթևացնելու ՏԻՄ-երի բեռը թափոնների կառավարման ոլորտում և ստեղծելու եկամտի աղբյուրներ վերամշակելի թափոնների վաճառքից և այլն:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնկառավարման փորձագետ Հարություն Ալպետյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ օրինագիծը ներքին շրջանառության փուլում է, և նախատեսվում է, որ մայիսին կհրապարակվի Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Օրենքի նախագծի մշակման ընթացքում ակտիվորեն համագործակցում են բիզնես համայնքի հետ՝ Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների՝ Պեռնո Ռիկար,Կոկա-Կոլա Հելենիկ և Պեպսի ընկերությունների հետ՝ վերջինների միջազգային պարտավորություններով պայմանավորված: «Իրենց համար շատ կարևոր է վերամշակում, զրո թափոն գաղափարախոսությունը։ Մենք ունեցել ենք հանդիպումներ նաև էլեկտրոնային ապրանքներ ներկրողների հետ, էլեկտրոնային մեքենաների դիլերների, ասոցիացիաների հետ։ Իրենց ապրանքները ևս ընկնելու են այս օրենսդրության տակ»,- ասաց Հարություն Ալպետյանը:
Նրա խոսքով՝ այլ ծրագրերի շրջանակում աշխատում են նաև համայնքապետարանների հետ՝ ծանոթացնելու համակարգի ներդրման առանձնահատկությունները: 2024թ. համայնքները պետք է ունենան թափոնների կառավարման առանձին պլաններ, և ԱԸՊ համակարգի ներդրումը կաջակցի համայնքներին իրացնել տեսակավորված թափոնները և ստանալ լրացուցիչ եկամուտ։
«Բոլոր համայնքապետարանների հետ անցկացնում ենք դասընթացներ, տեղական թափոնների պլանավորման ուղեցույց ենք տրամադրում, վերապատրաստում ենք կամ ուղղորդում, թե ինչպես պլանավորել իրենց թափոնների կառավարումը, որը հիմա պարտադիր է ՏԻՄ-երի համար: Նախկինում 5-ամյա զարգացման պլանի մասն էր կազմում թափոնների կառավարումը, և ընդամենը ասում էր, թե ինչքան վառելիք են նախատեսում ծախսել աղբը հանելու, աղբավայր տանելու համար: Երբ բիզնեսը սկսի պատասխանատվություն ստանձնել, ներկրող և արտադրող ընկերությունները պետք է ապահովեն ապրանքից գոյացած թափոնի հետհավաքումը և վերամշակումը: Թափոնն ի վերջո հայտնվում է աղբահանության համակարգի մեջ: Եվ ՏԻՄ-երը, որպես այդ թափոնի տեր, օգտվելու են նրանով, որ կարողանալու են թափոնների տեսակավորում ներդնել իրենց համայնքներում և այդ տեսակավորված թափոնը հեշտությամբ իրացնել, վաճառել: Այսօր դա տեղի չի ունենում, շահութաբեր չէ: Այսօր անգամ Երևանի քաղաքապետարանն իր հավաքած թափոնը դժվարությամբ է սպառում: Վերամշակողներին իրենց տված գումարը ձեռք չի տալիս, քաղաքապետարանին՝ վաճառքի գինը: ԱԸՊ-ն այս բացը փոխհատուցելու է՝ բիզնեսն է այդ բացը լրացնում, այսինքն՝ թափոն արտադրողը», - նշեց Հարություն Ալպետյանը:
Ըստ Հարություն Ալպետյանի՝ Արտադրողների կողմից ստեղծված շահույթ չհետապնդող կազմակերպությունները (ԱՊԿ) համակարգելու են թափոնի հավաքումը և վերամշակումը: Եվ այդ կազմակերպությանն են վճարելու արտադրողներն ու ներկրողները, այդ թվում՝ կազմակերպության հիմնադիր անդամները: «Կազմակերպությունները ծառայություն են գնելու օպերատորներից, որոնք ՏԻՄ-երն են»,- հավելեց նա:
Պատասխանատու բիզնեսի փորձառությունը
Հայաստանում տեխնիկա և էլեկտրոնիկա ներկրող ընկերություններից «Վեգա»-ն, առաջնորդվելով շրջակա միջավայրի պահպանության և բարենպաստ բնապահպանական ֆոնի պահպանման սոցիալական պատասխանատվությամբ, իր կողմից ներկրված ապրանքների թափոնների «փոխհատուցման» մեխանիզմն է մշակել: Ընկերությունն իր վաճառասրահներում անսարք կենցաղային տեխնիկա և մարտկոցներ է ընդունում։ Կենցաղային տեխնիկան մասնատում են, թափոնները՝ հանձնում վերամշակման, մարտկոցները՝ հավաքագրում հետագայում վերամշակելու նպատակով: Ստացված հասույթը փոխանցվում է բարեգործական նպատակների, այդ թվում՝ «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը մարզերում ծառատունկեր կազմակերպելու նպատակով:
«Վեգա» ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը նշեց, որ իրենց կողմից ներկրվող տեխնիկայի մասերը տարիներ անց թափոն են դառնում: «Երբ սկսում ես ուսումնասիրել էկոլոգիական խնդիրները, անկախ քեզնից սկսում ես վատ զգալ, որ դու գումար ես աշխատում՝ թողնելով էկոլոգիական վատ հետք: Մեր ընկերության ղեկավարությունն ունի այդ պատասխանատվության զգացողությունը, որ եթե վատ բան ենք անում, մի հատ էլ լավ բան անենք, վատը լավին ծածկի: Բիզնես տեսանկյունից մենք որևէ օգուտ չենք ստանում մեր այդ նախագծի արդյունքում: Բայց, իմ կարծիքով, մենք պետք է իրազեկենք սրա մասին: Ես հավատում եմ, որ կանաչ մտածելակերպը մեր ապագան է»,- ասաց Արթուր Չոբանյանը:
2013թ. հիմնադրված «ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ն վտանգավոր թափոնների հետ աշխատելու ավելի քան 10 տարվա փորձ ունի: Ընկերությունը վերամշակում-վնասազերծում է կատարում՝ լուծելով մի շարք բնապահպանական խնդիրներ: Իրենց գործունեության արդյունքում ստեղծվում է տեխնիկական ածխածին, մետաղաջարդ և հեղուկ վառարանային վառելիք: Ընկերությունը տեխնիկական ածխածնից ստանում է քարածխին փոխարինող, բարձր կալորիականությամբ բրիկետներ: Բրիկետի 1 կգ-ն փոխարինում է 3-4 խմ բնական փայտին և կիրառվում է արտադրական, բնակելի վայրերի, ինչպես նաև ջերմատների ջեռուցման համար:
Ընկերության տնօրեն և համահիմնադիր Վահան Ղարիբյանը Էկոլուրին պատմեց, որ գործունեության առաջին օրերից բախվել են բազմաթիվ դժվարությունների: «Շահութահարկով նույն կերպ հարկվում ենք ինչպես օրինակ՝ կարագ կամ շաքարավազ ներմուծող ընկերություն: 2016-2017թթ-ից հետո արդեն սկսեցինք համագործակցել մի քանի ընկերությունների հետ։ Դրանք միջազգային բաժնեմասեր կամ ֆինանսավորումներ ունեցող ընկերություններ են, որոնք իրենց գործունեության մեջ ունեն միջազգային պարտավորություններ թափոնները վերամշակելու, վնասազերծելու վերաբերյալ»,- ասաց նա:
Ապրիլ 10, 2025 at 17:13