

40 երկրից ավելի քան 150 մասնակից ներկա գտնվեց Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC) անցկացվող շրջանաձև տնտեսության թեմայով Հայաստանում առաջին միջազգային ֆորումին:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում։
«Ինչպես գիտեք, Հայաստանում այսօր գեներացվող թափոնների 90%-ն ի վերջո հայտնվում է աղբավայրերում կամ թափոնակուտակիչներում: Սա բերում է նրան, որ վատնվում են ռեսուրսներ, վնաս է հասցվում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը։ Մենք փորձում ենք այս ծրագրի միջոցով Հայաստանում ներկայացնել Եվրոպական միության տարածքում գործող լավագույն փորձը: Ընդհանրապես շրջանաձև տնտեսությունը ԵՄ-ում ներդրվել է 2015 թվականից և այդ ժամանակահատվածում մենք կարողացել ենք կուտակել լավագույն փորձի որոշակի օրինակներ, որոնք մեզ հնարավորություն են տվել տեսնելու, թե ինչպես կարելի է խնայել ռեսուրսներ, ինչպես կարելի է ստանալ տնտեսական օգուտ` միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղ և զբաղվածություն։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ շրջանաձև տնտեսությունը ներդրվի նաև Հայաստանում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Զուզաննա Սորոցինովան:

«Հայաստանում մեր փորձը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական ծրագրերի շրջանակներից և ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռնարկատերերը, ներդրողները և հասարակության ներկայացուցիչները համատեղ ձևավորում են երկարաժամկետ լուծումներ», - նշեց Իմփաքթ Հաբ-ի գործադիր տնօրեն Տատյանա Գլադը։
«Հայաստանում շրջանաձև տնտեսության ներդրման մեծ ներուժ տեսնում ենք հատկապես գյուղատնտեսության, տուրիզմի և տեքստիլի ոլորտներում։ Սա պարզապես բնապահպանություն չէ՝ դա նաև տնտեսական հնարավորություն է։ Եթե ճիշտ ներկայացնենք նման ապրանքները, դրանք կարող են հաջողությամբ իրացվել եվրոպական և ամերիկյան շուկաներում», - նշեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Նա հույս հայտնեց, որ այս ֆորումը կդառնա ամենամյա և կհանգեցնի նոր ձեռքբերումների։

Մասնակիցները ևս կարևորեցին նման ձևաչափերի արդյունավետությունը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանը նշեց. «Մեր ամբիոնը նույնպես կարևորում է այս թեման։ Տարբեր առարկաների շրջանակում մենք անդրադառնում ենք շրջանաձև տնտեսությանը։ Վերջերս մեր ԲՈՒՀ-ում ևս քննարկում կազմակերպվեց այս ուղղությամբ։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել անցմանը դեպի շրջանաձև տնտեսության մոդել։
Այս միջոցառումը մեզ տվեց հնարավորություն՝ ծանոթանալու տվյալ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև ձեռք բերելու պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար։
Նախագիծն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա մեր ուսումնական գործընթացի վրա՝ օգնելով առավել արդյունավետ կազմակերպել դասընթացները, ներգրավել ուսանողներին և ակտիվացնել ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվածությունը։ Այն կնպաստի նաև մեր գիտական ուղղվածությունների կենտրոնացմանը այս կարևոր թեմայի շուրջ, այդ թվում մասնագիտացված դասընթացների ներդրմանը կրթական ծրագրերի շրջանակում»։
.jpg)
Բիզնեսում շրջանաձև մոտեցումների կիրառման նպատակով ավելի քան երկու տասնյակ ընկերություններ և ՔՀԿ-ներ արդեն ստացել են ընդհանուր 500,000 եվրոյից ավելի դրամաշնորհ։ Բացի դրանից, ծրագրի միջոցով վերապատրաստում է ստացել ավելի քան 100 ստարտափ, ՓՄՁ և քաղաքացիական հասարակության կազմակերպություն՝ ուղղված շրջանաձև տնտեսության հիմունքներին։

Ծրագրի շրջանակում ձևավորվել է Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիան (ACEC), որի միջոցով ընթանում է ակտիվ համագործակցություն պետական կառույցների հետ՝ ոլորտային քաղաքականության զարգացման ուղղությամբ։ 2025 թվականին ծրագիրը նախատեսում է անցկացնել խորացված ուսումնասիրություն՝ գնահատելու շրջանաձև տնտեսության հնարավոր զարգացումները Հայաստանում և ապահովելու տվյալների հասանելիություն ոլորտի դերակատարների համար։
Հոդվածը՝ Էկոլուրի կամավոր Տաթև Լազարյանի
Հուլիս 16, 2025 at 16:30
