Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը․ ճանապարհ դեպի եվրոպական չափանիշներ

Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը․ ճանապարհ դեպի եվրոպական չափանիշներ

Հայաստանն արդեն շահագործում է իր միակ միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայրը, որը գտնվում է Հրազդան համայնքում։

Աղբավայրի և ենթակառուցվածքների տարածքը 25 հեկտար է։ Ներկայում շահագործվող աղբավայրի բջիջը, որը նախկինում եղել է կավի հանք, պատված է գեոմեմբրանային թաղանթով, որպեսզի կեղտաջրերի արտահոսք չլինի շրջակա միջավայր։ Այն ունի կեղտաջրերի հավաքման համակարգ և գազերի անվտանգ կորզման հորեր, որոնք բացառում են աղբի ինքնայրումն ու հրդեհների բռնկումը։

Հրազդանի նոր աղբավայր օրական տեղափոխվում է շուրջ 150 տոննա աղբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Գավառ և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան և Չարենցավան խոշորացված համայնքների  բոլոր բնակավայրերից։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ամառը Հրազդանի նոր սանիտարական աղբավայրը կսպասարկի 16 խոշորացված համայնք՝ իր բոլոր բնակավայրերով։

Էկոլուրի նկարահանող խումբն աշխատանքային այցով եղավ աղբավայրի տարածքում։ Աղբավայրը ցանկապատված է, հսկվում է տեսախցիկներով։ Աղբավայրի տարածքում աշխատանքը չի դադարում․ ծանր տեխնիկան տոփանում է բջիջում տեղադրվող աղբը, որպեսզի ծածկվի հողի շերտով, աղբավայրի տարածք մտնող թափոնատարները գրանցվում և կշռվում են, նոր մոտենում աղբավայրին, բեռնաթափված թափոնատարները պարտադիր լվացվում են, նոր դուրս գալիս աղբավայրի տարածքից։

Այստեղ տեղափոխվում են նաև սկզբնաղբյուրում տեսակավորված և հավաքված վերամշակելի թափոնները (պլաստիկ, թղթե, մետաղյա և ապակե փաթեթավորումը), որոնք ենթարկվում են երկրորդային տեսակավորման՝ հետագա վաճառքի նպատակով։

Տեսակավորված թափոններն աղբավայր են բերվում Սևան քաղաքից, որտեղ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի տեխնիկական աջակցությամբ Սևանի համայնքապետարանը ներդրել է սկբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր ծառայություն։ Ծրագրի շրջանակում համայնքին տրամադրվել է 1680 տեսակավորման թափոնաման և մեկ թափոնատար մեքենա, իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ ուղղված թափոնների ճիշտ տեսակավորմանը։

Հրազդանի սանիտարական աղբավայրը կառուցվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակում։ 14․8 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ:

Աղբավայրը նախատեսված է շահագործել 25 տարի։ Աղբավայրի շահագործման համար Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների կողմից հիմնադրվել է «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ն, որն ապահովում է երկու մարզերի բոլոր բնակավայրերում աղբահանությունը և աղբավայրի շահագործումը։ ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը կարևորեց համայնքների հետ տարվող աշխատանքները, որպեսզի աղբն աղբավայր հասնի արդեն տեսակավորված։ «Վերամշակելի թափոնները, որոնք առանձին թափոնամաններով հավաքվում են, մեզ մոտ երկրորդային տեսակավորում են անցնում։ Երկրորդային տեսակավորումից առաջացած հումքը մենք աճուրդի ձևով վաճառում ենք։ Այս գործընթացը դեռ միայն Սևանում է իրականացվում։ Իսկ Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան համայնքներում մեր նախաձեռնությամբ արդեն ստվարաթղթի առանձին հավաքում ենք իրականացնում, փորձում նաև ներդնել այդ մշակույթը», - ասաց Սերգեյ Համբարձումյանը։ Նա նշեց, որ թափոնների հավաքումը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, և եկամուտը չի ծածկում ծախսերը։ Բյուջեի մի մասը հավաքագրվել է բնակիչներից, մի մասը՝ իրավաբանական անձանցից։ Առյուծի բաժինը սուբսիդավորել է համայնքը։

Աղբահանության բաժնի ղեկավար Էմիլ Հակոբյանը նշեց, որ օրական հավաքվում է շուրջ 1 տոննա ստվարաթղթի թափոն, շուրջ 400 կգ՝ պլաստիկի։ Երբ ստվարաթուղթն ու պլաստիկը հավաքվում, տեսակավորվում են, հայտարարվում է աճուրդ, որի արդյունքում դրանք գնում են վերամշակող ընկերությունները։

Սերգեյ Համբարձումյանի կարծիքով՝ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը կբարելավի աղբավայրի կառավարումը, մասնավորապես, կհայտնվեն «նոր խաղացողներ», ովքեր կապահովեն որոշակի թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթաց՝ այդպիսով կրճատելով աղբավայր տեղափոխող աղբի քանակը։ «Եթե մենք կարողանանք 1, 2 կամ 5 տարով երկարացնել աղբավայրի շահագործման ժամկետը, դա կբխի բոլորի շահերից։ Երկարաժամկետ առումով մեր ցանկությունն է, որ օր առաջ խառը աղբի քանակը նվազի։ Մենք պատրաստ ենք նաև որպես «խաղացող» ներգրավվելու, այսինքն, վերամշակելի թափոնները հավաքել, երկրորդային տեսակավորում իրականացնել առնվազն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Մեր նպատակն է թափոնների կառավարման ոլորտում լինել օրինակելի մարզային օպերատոր», - ասաց Սերգեյ Համբարձումյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում գոյացող կոշտ կենցաղային աղբում օրգանական թափոնների մասնաբաժինը հասնում է մինչև 60 տոկոսի։ Նա հույս հայտնեց, որ պետական և միջազգային կառույցների շնորհիվ կունենան նաև կենսագազի ստացման կայան, ինչի արդյունքում աղբավայրում տեղադրվող աղբի ծավալը գրեթե կրկնակի կնվազի։

Եվրոպայում արդեն տարիներ շարունակ սանիտարական աղբավայրերն ունենում են թափոնների տեսակավորման ձեռնարկություններ, կենսաթափոններից կենսագազի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ստացման կայաններ, կանաչ թափոններից կոմպոստացման արտադրամաս, ինչպես նաև աղբից ստացված վառելիքի ենթակառուցվածք։ Այսինքն, դրանք աղբավայրեր չեն, այլ թափոնների ինտեգրված կառավարման կենտրոններ։

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի աջակցությամբ Բուլղարիայում կոշտ թափոնների կառավարման լավագույն փորձի փոխանակման նպատակով այցի շրջանակներում Էկոլուրի աշխատանքային խումբն ականատես եղավ Սոֆիայում և Բլագոևգրադում նման ենթակառուցվածքների աշխատանքին։

Այստեղ Եվրամիության աջակցությամբ կառուցված թափոնների կառավարման ենթակառուցվածքները նպաստում են, որպեսզի հնարավորինս շատ թափոն վերամշակվի և չտեղադրվի աղբավայրում, աղբից ստանան չոր վառելիք, որն այրում են ցեմենտի գործարաններում կամ աղբակիզման գործարաններում։


Բլագոևգրադում թափոնների տեսակավորման կայանում հատուկ հոսքագծով աղբից առանձնացվում են նաև հողը, քարերը, տերևները, որոնք մանրացվում են և ուղղվում հատուկ կոնտեյներ, իսկ այնտեղից կոմպոստացվելուց հետո՝ աղբավայր՝ օգտագործվելով աղբի ծածկման համար։


Հայաստանը դանդաղ քայլերով է առաջ շարժվում դեպի եվրոպական չափանիշներին համապատասխան թափոնների կառավարում։ Բայց այս ճանապարհին անելիքները շատ են՝ սկսած սկզբնաղբյուրում թափոնների առաջնային տեսակավորումից մինչև՝ համապատասխան ենթակառուցվածքների զարգացում։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Նոյեմբեր 26, 2025 at 16:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր