

ԷկոԼուր
Ապրիլի 26-ին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի (ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մաս) դատաքննությունը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա 2010թ. մայիսի 4-ին, ժամը 12:00-ին:
Հետաձգման պատճառն այն էր, որ Լեւոն Ավագյանը հրաժարվեց իր փաստաբանի ծառայություններից, ում հետ մինչ դատական նիստի սկսվելը տարաձայնություններ էր ունեցել:
Լեւոն Ավագյանին անառակաբարո գործողությունների մեջ մեղադրող սաներից դատարանում ներկա էր 1992թ. ծնված Դիանա Ա-ը, իսկ Հասմիկ Ս-ը, ըստ գործով վկա, Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանի ` անհայտ պատճառներով բերման է ենթարկվել 2-րդ Մասիվի ոստիկանություն, եւ փաստաբանին չի թույլատրվում մտնել նրա մոտ եւ պաշտպանել նրա իրավունքները:
«Անազատության մեջ գտնվելու ձերբակալման պահից յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպան ունենալ եւ իրավունք ունի փաստաբանի ծառայություններից օգտվել: Այս պահին կարող եմ ուղղակի ասել, որ կոպտորեն խախտվում է իր պաշտպանության իրավունքը: Անհասկանալի պատճառներով այս պահին հնարավորություն չի տրվում, որպեսզի փաստաբանը կարողանա հանդիպել եւ տեսակցել: Սա, իհարկե, անօրինություն է»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց տուժողների շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Ապրիլ 26, 2010
