Արմենպրես
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում: Ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա գյուղի հյուսիսարեւմտյան հատվածի 10 առանձնատան` ավելի քան մեկ ամիս պատուհասում են ստորգետնյա ջրերը: Դրանք այնքան առատ են, որ, լցվելով նկուղները, տանտերերի կողմից բացված ելքով անդադար հոսքով հեռացվում են:
Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով այստեղ եղել են Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները, համապատասխան այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սակայն առայժմ որեւէ մեկի համար պարզ չէ, թե որտեղից են ջրերը լցվում տներ: Նշված բնակարաններում արդեն առաջացել են ճաքեր, իսկ բնակիչները վախի ու խուճապի մեջ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, տարօրինակն այն է, որ այդ թաղամասում նախկինում աղբյուրներ չեն եղել, բնակավայրը եւ թաղամասը Սեւանա լճից գտնվում են մի քանի կիլոմետր հեռավորության վրա, բայց ահա ատորգետնյա ջրերն ակտիվացել են հենց այդ հատվածներում: Ըստ Վարդաձորի համայնքի ղեկավար Միշա Սիրականյանի՝ ջրով ողողված այդ տները կապիտալ կառույցներ են՝ յուրաքանչյուրը 60-70 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ: Եթե առաջիկայում ջրի ստորգետնյա հոսքը չդադարի կամ համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա դրանք ոչ միայն կկորցնեն շահագործման հետագա պիտանիությունը, այլ նաեւ կկանգնեն փլուզման վտանգի առաջ: Մ. Բարսեղյանը նշեց, որ գրեթե համանման վիճակ է տիրում նաեւ մեկ այլ լճափնյա բնակավայրում՝ Արծվանիստում:
Այստեղ վաղ գարնանից ջրով են լցվել 66 առանձնատների նկուղներ` մոտ 1 մետր բարձրությամբ: Առանձնատները գտնվում են գյուղի հյուսիսային հատվածում, Սեւանա լճի հարեւանությամբ, 50-300 մետր հեռավորությամբ: Սրանց եւս սպառնում է քանդման եւ քայքայման վտանգը: Արծվանիստի գյուղապետի տեղակալ Խաժակ Նազարյանի տեղեկացմամբ՝ այս պահին այդ տների նկուղներում ջուրը փոքր- ինչ նահանջել է, որի բարձրությունը մոտ 50 սանտիմետր է: Ոմանք փորձել են պոմպերով ջուրը դուրս մղել, սակայն նույն քանակով ջուր անմիջապես լցվել է ընդերքից:
Օգոստոս 27, 2010
