Երևանի քաղաքապետարանը մտադիր է Հրազդանի կիրճին նոր կարգավիճակ տալ

Երևանի քաղաքապետարանը մտադիր է Հրազդանի կիրճին նոր կարգավիճակ տալ
Երևանի քաղաքային իշխանությունը մտադիր է Հրազդանի կիրճին նոր կարգավիճակ տալ: Թե ինչպիսին կլինի այդ կարգավիճակը դեռևս հայտնի չէ, սակայն Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ դրան պետք է հասնել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով: Այս մասին Երևանի քաղաքագլուխը նշել է քաղաքապետարանի պատրաստած տեսահոլովակում: «Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, որպեսզի դրա ընդունումից հետո Հրազդանի կիրճում հնարավորություն չլինի՝ ռեստորաններ լինեն, որ ամբողջությամբ արգելվի»,- նշել է նա: 
 
Ներկայում Հրազդանի կիրճի տարածքում գործող բազմաթիվ սննդի օբյեկտների ու ռեստորանների գործունեության հետևանքով կիրճը բնապահպանական լուրջ խնդիրների առջև է կանգնած, ամենից սուրը Հրազդան գետի կեցաղային աղբով աղտոտումն է: Ըստ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի՝ 2021թ. «Վեոլիա Ջուր» ընկերությանն ուղղված հարցումից պարզվել է, որ շուրջ 0,5 միլիոն խմ կեղտաջրեր են լցվում Հրազդան գետ, ընդ որում՝ 22 հազարից ավելի կետերից: 
 
Կիրճի տարածքում գործող օբյեկտների հետևանքով աղտոտվում է ոչ միայն գետի ջուրը, այլև՝ մթնոլորտային օդը: Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Անդրանիկ Սեդոյանի խոսքով՝ Հրազդանի կիրճին հարակից հատվածում առկա է ծուխ, աղտոտված միջավայր, ինչը կիրճում տեղակայված տարբեր տեսակի օբյեկտների շահագործման հետևանքն է շրջակա միջավայրի վրա:
 
Քաղաքապետարանում վստահ են, որ, կիրճը՝ որպես ռեկրեացիոն գոտի, պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: 
 
Տեսահոլովակում նշվում է, որ կիրճին հատուկ կարգավիճակ տալու գործընթացին պետք է հաջորդի կիրճի ընդհանուր գույքագրումը, այնուհետև կքարտեզագրվի տարածքը, կմշակվի հատակագիծ, կտարանջատվեն հանգստի ու տնտեսական հատվածներն ու մշակութային հուշարձանները:


Ապրիլ 04, 2022 at 16:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր