Սևանա լիճը սկսել է բարձրանալ, սակայն լճի մակարդակը 22 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից

Սևանա լիճը սկսել է բարձրանալ, սակայն լճի մակարդակը 22 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից

Սևանա լիճը սկսել է բարձրանալ, սակայն լճի մակարդակը 22 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Սույն թվականի ապրիլի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.48 մ, իսկ նախորդ տարի նույն օրը լճի մակարդակը կազմել է 1900.70 մ:

2022թ-ը Սևանա լիճը դիմավորել էր բացասական հաշվեկշռով՝ 1900.43 մ մակարդակով: 2022 թ-ի հունվարին լճի մակարդակը նվազել էր և ամսվա վերջին հասել 1900.39 մ-ի, փետրվարի վերջին՝ 1900.38 մ-ի: Մարտ ամսվա սկզբից լճի մակարդակը սկսեց բարձրանալ և մինչև ամսվա վերջ հասավ 1900.45 մ-ի: 

Սևանա լճի մակարդակի անկման վրա ազդում են ոռոգման նպատակով լճից իրականացվող հավելյալ ջրբացթողումները և կլիմայի փոփոխությունը:  Տարիներ շարունակ իր գործառույթը լիարժեք կերպով չի իրականացրել Արփա-Սևան թունելը, որը կառուցվել է Սևանա լճի մակարդակը վերականգնելու համար: 48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան: Սակայն երկարամյա վերանորոգումից հետո Արփա-Սևան թունելն ամբողջ հզորությամբ սկսեց շահագործվել 2020թ-ից: Այս ջրատարով 2019թ-ի տարեվերջի տվյալներով Սևանա լիճ է ներհոսել 158,636 միլիոն խմ ջուր, 2020թ-ին՝ 204,475 միլիոն խմ, 2021թ-ին՝ 156,675 միլիոն խմ: Այս տարի Արփա-Սևան թունելով լիճ է ներհոսել դեռ 43.187 միլիոն խմ ջուր:

Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վերազինել ու արդիականացնել թունելի հիդրոհանգույցները՝ Կեչուտի ջրամբարը, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցները և ջրաչափական կետերը, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերը:

Ապրիլ 19, 2022 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր