

2022թ-ին Սևանա լճի ափամերձ տարածքները չեն մաքրվել ըստ 2022թ-ի ՀՀ պետական բյուջեով նախատեսված պլանի: Այս մասին պարզ է դառնում ՀՀ կառավարության որոշումներից:
ՀՀ կառավարության 2022թ-ի հուլիսի 28-ի N 1169– Ն որոշման հիմնավորման համաձայն՝ ՀՀ 2022 թ-ի պետական բյուջեի 1155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11002 «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսված է եղել 118.163.20 հազար դրամ գումար 155 հեկտար ջրածածկ տարածքների մաքրման նպատակով։ Միջոցառման իրականացման նպատակով 2022 թ-ի փետրվարի 4-ին հայտարարվել է բաց մրցույթ, սակայն հաղթող չի ճանաչվել, և ընթացակարգը 2022 թ-ի ապրիլի 21-ին հայտարարվել է չկայացած։ Այնուհետև որոշվել է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման համար ձեռք բերել գույքագրման խորհրդատվական ծառայություններ: Միակ մասնակից և հաղթող ճանաչված կազմակերպության գնային առաջարկը կազմել է 48.800.000 դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2022 թ-ի հունիսի 8-ին։ Կառավարության փաստաթղթերը չեն բացահայտում հաղթող կազմակերպության անունը:
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում Սևանա լճի ափամերձ անտառտնկարկների մաքրման առնչությամբ: Այս որոշման հիմնավորման համաձայն՝ ՀՀ 2022 թ-ի պետական բյուջեի 1155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11004 «Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների կատարում» միջոցառման մասով 2022 թ-ի պետական բյուջեով նախատեսված է 89 հեկտար ջրածածկ անտառտնկարկների մաքրում՝ մոտ 128.0 միլիոն դրամ գումարի շրջանակներում, մինչդեռ մինչև տարեվերջ հնարավոր կլինի մաքրել մինչև 64.8 հեկտար տարածք։
Չօգտագործված գումարը՝ 25.815.000 դրամը գործադիրը որոշեց վերաբաշխել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն», «Սևան» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Արգելոցապարկային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անշարժ գույքերի պատկանելիության իրավունքի առաջին պետական գրանցումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
Սեպտեմբեր 08, 2022 at 16:05
