Ինչպես նպաստել անդրսահմանային համագործակցության հաստատմանը կլիմայի, ջրի ու էներգետիկայի ոլորտներում, մշակել գաղափարներ, որոնք կարող են մեղմել երկրներին սպառնացող կլիմայի փոփոխության ազդեցությունը, կառուցել երկխոսություն այդ հարցերի լուծման ուղղությամբ: Այս հարցերի կարգավորմանն էր ուղղված 2023թ. հունիսի 20-22-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Եվրամիության EU4Dialogue ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կլիմայի, էներգետիկայի և ջրի հարցերով երկխոսության» հարթակի առաջին համատեղ աշխատաժողովը:
Ծրագիրն ուղղված է երկխոսության հաստատմանն ու փոխըմբռնման բարելավմանը չորս շահառու երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի միջև, ինչն իրականացվում է նշված երկրների կլիմայի, էներգետիկայի ու ջրի ոլորտների փորձագետների մասնակցությամբ անցկացվող համատեղ քննարկումների, փորձի ու տեղեկատվության փոխանակման, գործընկերային կապերի հաստատման ու նոր հմտությունների ձևավորման միջոցով:
Աշխատաժողովին կլիմայի, ջրի ու էներգետիկայի աշխատանքային խմբերի համակարգողները ներկայացրին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել նախորդ ամիսների ընթացքում, ինչ հարցեր են բարձրացվել, ոլորտային խնդիրների կարգավորման ուղղությամբ ինչ առաջարկություններ են ներկայացվել և ինչ արդյունքներ ունեն, որոնք հնարավոր է հետագայում վերածել հստակ ծրագրերի:
Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ձևավորել ավելի նեղ մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն ոլորտային խնդիրների կարգավորմանն ուղղված ծրագրերի մշակմամբ:
Աշխատաժողովին ներկա էր շահառու երկրներից ավելի քան 70 մասնակից, որոնք ներկայացնում էին գիտական համայնքը, պետական կառույցներն ու հասարակական սեկտորը: «ԷլոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանն ընդգրկված էր հարթակի էներգետիկ խմբում:
Հունիս 26, 2023 at 16:53