

Սյունիքի մարզի Կապան համայնքում իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված Վաչագան գետի հունի մաքրմանը, գետի հենապատերի վերականգնմանը։ Էկոլուրի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ ծրագիրն մասամբ իրականացվում է համայնքին տրվող բնապահպանական վճարների հաշվին, 3 փուլով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։
«Արդեն հայտարարել ենք ծրագրի 3-րդ փուլի մրցույթը։ Ծրագրի 1-ին փուլի արժեքը շուրջ 280 միլիոն դրամ է, որից մոտ 130 միլիոն դրամը՝ բնապահպանական վճարներից։ 2-րդ փուլի արժեքը՝ շուրջ 260 միլիոն դրամ, որից մոտ 160 միլիոն դրամն է բնապահպանական վճարներից։ Իսկ 3-րդ փուլի պայմանագրային գինը կլինի շուրջ 460 միլիոն դրամ, որից բնապահպանական վճարներից մասհանումը 235 միլիոն դրամի չափով է», - ասաց Գևորգ Պարսյանը։
Այս ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը դրական եզրակացություն ստացավ 2023 թվականի փետրվարի 21-ին։
Ըստ հայտի՝ պետք է իրականացվեն՝
- Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի հիմքերի ուժեղացման, հենապատի վերականգնման և վերանորոգման (ձախակողմյան), հենապատերի ամրացման (աջակողմյան) աշխատանքներ;
- մայթի բազրիքի վերականգնման, վերանորոգման (աջակողմյան), բետոնե բազրիքների քանդման, նոր ճաղավանդակների տեղադրման (աջակողմյան), մայթի նորոգման աշխատանքներ;
- ծառերի և արմատների հանման աշխատանքներ;
- կամուրջների ձևափոխման աշխատանքներ;
- հունի մեջ գտնվող խողովակաշարերի ապամոնտաժման, ստորգետնյա եղանակով գազատար խողովակի մոնտաժման աշխատանքներ;
- լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ;
- բնահողի տեղափոխման աշխատանքներ:
Վաչագան գետի հունը ֆիզիկական աղտոտվածությունից կմաքրվի 955 մ հատվածում։
Օգոստոս 08, 2025 at 13:40