

2025թ․ հուլիսի 29-ին Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Շրջակա միջավայրի նախարարության, Թալինի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։
Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև Թալինի համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ և ստանալ պատասխաններ նախարարության ներկայացուցիչներից։
Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության և Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։
Թալինի խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին նաև թափոնների կառավարման և վերականգնվող էներգետիկայի հեռանկարները։
Թափոններ
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը նշեց․ «Երկու տարի առաջ դիմել էինք կառավարությանը ստանդարտներին համապատասխանող աղբավայր ունենալու համար, առայժմ սպասողական վիճակ է։ Դաշտադեմի բերդ գնացող ճանապարհի աջակողմյան հատվածում է գտնվում մեր աղբավայրը, անտանելի վիճակ է»,- ասաց նա։
Թալինի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերի պատասխանատու Մնացական Ներսիսյանը հայտնեց, որ աղբի տեսակավորում դեռևս չեն կարող կազմակերպել ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։ «Յուրաքանչյուր աղբի տեսակի համար նոր աղբատար մեքենա է պետք, բացի դրանից տեսակավորենք, բայց ո՞ւր տանենք, ի՞նչ անենք, տանենք նույն տեղը լցնե՞նք։ Այսօր Հայաստանում կա աղբի վերամշակման ընկերությունների բաց»,- ասաց նա։
Թալինի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ Մանե Գասպարյանը ներկայացրեց Թալին համայնքում աղբի կառավարման խնդիրը և լուծման ուղիները։
«Թալին համայնքի բնակավայրերում աղբահանությունն իրականացվում է աղբատար մեքենաներով, որոնք բոլոր բնակավայրերից աղբը հավաքում են և տեղափոխում համապատասխան վայր։
Ներկայում համայնքի տարածքում գործում է 3 աղբավայր։ Այդ աղբավայրերի տեխնիկական պայմանները չեն համապատասխանում բնապահպանական ու առողջապահական ժամանակակից չափորոշիչներին։ Չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հսկողության համակարգ, վերին ծածկույթ, պատնեշներ։ Ամենամեծ ռիսկերից մեկն այն է, որ հատկապես ամռան ամիսներին արձանագրվում են ինքնաբուխ հրդեհներ, որոնք տարածվում են աղբակույտերի մեջ և աղտոտում են մթնոլորտը։ Արտազատվող վտանգավոր բազմաթիվ քիմիական միացությունները խաթարում են շրջակա միջավայրը՝ օդը, հողը, ջրային համակարգը և մարդկանց առողջությունը։ Գործող աղբավայրերը գրավում են թափառող կենդանիներին, որոնք բազմաթիվ հիվանդությունների տարածման պատճառ կարող են դառնալ։ Աղբի մեջ բազմանում են մանրէներ, բազմաթիվ միջատներ, վնասատուներ, ինչը դառնում է վարակի աղբյուր։ Աղբավայրերից տարածվող տհաճ հոտը խաթարում է հարակից բնակավայրերի կյանքի որակը»,- ասաց նա։
Ըստ Մանե Գասպարյանի՝ առաջին անհրաժեշտ քայլը գործող աղբավայրերի տեխնիկական վերազինումն է։ «Անհրաժեշտ է աղբավայրը սահմանազատել այնպես, որ այն ունենա հստակ մուտք, հսկողություն, հրդեհից, անձևրաջրերից և քամու ազդեցությունից պաշտպանող ծածկույթ։ Տարածքը պետք է պարփակված լինի, որպեսզի հնարավոր լինի կանխել կենդանիների մուտքը, ինչպես նաև վերահսկել թափոնների տեղադրման կարգը, անհրաժեշտ է հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման համակարգի ներդրում։ Պետք է ներդնել մշտադիտարկման համակարգ, տեղադրել հսկման տեսախցիկներ, ինչպես նաև մշակել հստակ արձագանքման պլան՝ արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշեց նա։
Մյուս անհրաժեշտ քայլը հանրային իրազեկումն է։ «Պետք է բացատրել մարդկանց, որ աղբավայրում անթույլատրելի նյութեր լցնելը կամ հրդեհի պատճառ դառնալը, վտանգում է համայնքի բնակիչներին»,- ասաց Մանե Գասպարյանը։
Արևային էներգետիկա
ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը նշեց, որ Թալինը որպես արևային համայնք ունի մեծ ներուժ համայնքային արևային կայանների զարգացման համար։ Նա բերեց օրինակներ 2 նմանատիպ ծրագրի՝ մեկը Արթիկում ԵՄ-ի ծրագրով, մյուսը՝ շվեդական համաֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից տեղադրվել է Ալավերդի համայնքում։ Այդ կայանները համայնքներին ապահովում են կայուն եկամուտներ։ «Մինչև 500 կՎտ համայնքային արևային կայանի կառուցման հնարավորություն կա` ըստ կառավարության կողմից համայնքների համար հաստատված 15 մեգավատ չափաբաժնի։ Այսօր նոր լիցենզիաներ առևտրային կայանների համար չեն տրվում, քանի որ առանց կուտակիչ կայանների` վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացումը համակարգում հաճախականության և կայունության խնդիրներ է առաջացնում։ 500 կՎտ արևային համայնքային կայանը կարող է ապահովել մոտ 20 միլիոն դրամի տարեկան եկամուտ։ Թալինում կան տարածքներ, բավականին բարձր արևային ինսոլյացիայի ցուցանիշ մեկ քառակուսի մետրի վրա։ Մշտական եկամուտը կարող է համայնքի համար դառնալ նոր ծրագրերի իրականացման հնարավորություն»,- ասաց նա։
Թալինի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերի պատասխանատու Մնացական Ներսիսյանը նշեց, որ համայնքը դիտարկում է արևային կայանների տեղադրումը համայնքային շենքերի վրա՝ էներգախնայողության և ջեռուցման նպատակով։ «Համայնքային ենթակայության որոշ շենքերի վրա արևային կայաններ պետք է տեղադրենք, ջեռուցման համակարգը էլեկտրաէներգիայով կիրականացվի։ Համայնքի համար սա ավելի շահավետ է»,- ասաց նա։ Մնացական Ներսիսյանը նշեց, որ 2025թ․ սուբվենցիոն ծրագրերով արդեն իսկ ներկայացրել են 340 կՎտ հզորությամբ կայանների տեղադրման հայտեր։
Դիանա Հարությունյանն առաջարկեց դիտարկել առևտրային համայնքային կազմակերպության ստեղծման հնարավորությունը՝ արևային կայանների արդյունավետ կառավարման համար։ Նա նշեց, որ պետք է նկատի ունենալ առկա սահմանափակումները՝ գեներացիայի և սպառման նույն վայրում գտնվելու հետ կապված։
Օգոստոս 20, 2025 at 15:15