

Մինչև 2030թ․ Հայաստանում նախատեսվում է առնվազն 30%-ով նվազեցնել Սևանա լճի ֆոսֆորով և ազոտով աղտոտվածությունը, ինչպես նաև պլաստիկ և այլ կոշտ թափոններից մաքրել առնվազն 10 գետ և դրանց ափամերձ տարածքները։
Այս գործողություններն ամրագրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում՝ 8-րդ և 9-րդ թիրախներում։
Փաստաթուղթը ներառում է 5 նպատակ և 30 թիրախ, որոնք ուղղված են մինչև 2030թ․ կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման ապահովմանը։
Սևանա լճի էկոհամակարգի ֆոսֆորով և ազոտով աղտոտվածության նվազեցման համար նախատեսվում է ներդնել մշակաբույսերի աճեցման էկոլոգիապես մաքուր, կլիմայակայուն և ռեսուրսախնայող գործելակերպեր, ինչպես նաև 30%-ով կրճատել Սևանա լիճ մերձափնյա բնակավայրերից և ձեռնարկություններից թափվող կենցաղային կեղտաջրերի ծավալը։
Նախատեսվում է նաև մինչև 1905 մետր բացարձակ նիշում գտնվող ջրածածկման ենթակա մերձափնյա տարածքների մաքրում, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի կառուցված շենք-շինությունների փուլային գույքագրում և դրանց քանդման իրավական գործընթացի նախաձեռնում։
Ծրագրով նախատեսվում է նվազեցնել Հայաստանի գետերի՝ թունաքիմիկատներով, վտանգավոր քիմիական նյութերով և պլաստիկով աղտոտման ռիսկերը։ 2026-2027թթ․ պետք է գնահատվի Հայաստանի ջրային էկոհամակարգերի՝ պեստիցիդներով, քիմիական նյութերով և պլաստիկ թափոններով աղտոտման ռիսկերը, վերլուծվի առկա վիճակը և մշակվի մաքրման ու կանխարգելիչ գործողությունների ծրագիր։
Հուլիս 30, 2026 at 14:30
