Երկրի օրը Հայաստանում` համատարած խնդիրներ

Երկրի օրը Հայաստանում` համատարած խնդիրներ

ԷկոԼուր

Ապրիլի 22-ին նշվում է Երկրի օրը: Տնկում են ծառեր, աղբից մաքրում են տարծքներ, անցկացնում են շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ակցիաներ, խոսում են ձեռքբերումների եւ խնդիրների մասին:

Հայաստանը կարող է հպարտանալ նրանով, ինչ նրան տվել է բնությունը: Երկրի տարածքում ավելի քան 9000 գետ եւ 100 լիճ կա: Հայաստանում խմելու համար օգտագործվող ջրի մոտ 96 %-ը ձեւավորվում է ստորգետնյա աղբյուրներում: Տարեկան ձեւավորվում է մոտ 3 միլիարդ խմ ստորգետնյա ջուր: 35 միլիարդ խմ ռազմավարական ջրի պաշարները Սեւանա լճում են:  

Հայաստանի լանդշաֆտները տարբերվում են զանազանությամբ բարձրունքների մեծ զառիթափերի պատճառով: Կիրճեր, ջրվեժներ, ալպիական մարգագետիններ, բարձրլեռնային լճեր, քարանձավներ, բնության հուշարձաններ… Հատուկ պահպանվող տարածքներում կենտրոնացած է հարուստ կենսաբազմազանություն, այստեղ հաշվվում են բուսական եւ կենդանական աշխարհի հազարավոր տեսակներ:

Հայաստանի ընդերքը զբաղեցնում է երկրի մեծ մասը: Շահագործվում է ավելի քան 500 հանքավայր: Օգտակար հանածոների թվում են թանկարժեք եւ գունավոր մետաղներ, հազվադեպ հանդիպող տարրեր` ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, սնդիկ, կապար, գալիում, ռենիում, սելեն, թելլուր, կադմիում, ինդիում, տալլիում, բիսմուտ, ծարիր եւ այլն:

Մենք կարող ենք հպարտանալ այս հարստությամբ, բայց դրանք որպես սեփական ձեռքբերում կարող էինք համարել, եթե այդ հարստություններն օգտագործվեին ժողովրդի բարեկեցության եւ պետության ծաղկման համար:

Իրականում մենք ունենք Ախթալա, Կարճեւան, Ողջի, Նորաշենիկ, Սոտք, Մասրիկ գետերը, որոնք աղտոտվում են հանքարդյունաբերական թափոններով եւ աստիճանաբար վերածվում են պոչերի: Սեւանա լիճն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ ծանր մետաղներով: Մաքրման կայանները չեն աշխատում: Արարատյան հարթավայրը ոռոգող Հրազդան գետը պարունակում է աղտոտիչների մի ամբողջ փունջ` իր ճանապարհին հավաքելով մեքենալվացման կայանների բոլոր թափոնները: Այն գետերը, որոնց հաջողվել է խուսափել աղտոտումից, ենթարկվում են փոքր ՀԷԿ-երի ճնշմանը, որոնք իսկական հրեշ են դարձել ջրի ճանապարհին:

Ընդերքն անխնայորեն է շահագործվում: Այն հանքավայրերը, որոնք համարվում էին անհեռանկարային մետաղների ցածր պարունակության եւ արդյունահանության թանկարժեքության պատճառով,  այժմ հեռանկարային են, քանի որ հսկայական քանակությամբ թափոնների առկայության դեպքում հանքարդյունաբերական ընկերությունները ոչինչ չեն վճարում, իսկ շահույթը գնում է մասնավորի գրպանը: Էժան եւ անպետք տեխնոլոգիաների պատճառով հազվադեպ հանդիպող եւ թանկարժեք տարրերը լցվում են պոչերի մեջ, կամ որպես խառնուրդ, որի համար ոչ ոք չի վճարում, տեղափոխվում են զարգացած երկրներ, որտեղ ջանասեր ընկերությունները կորզում եւ օգտագործում են դրանք:

Օլիգարխները զավթում են հատուկ պահպանվող տարածքները, կամ տուրիզմի անվան տակ օտարում են տարածքներ, կառուցում հյուրանոցային համալիրներ, ինչպես դա եղավ Խոսրովի եւ Շիկահողի արգելոցներում, «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերում:  

Եւ այսպես, ձեռքբերումների մասին: Վստահությամբ կարելի է ասել միայն մի ձեռքբերման մասին: Դա մարդիկ են, ովքեր դիմադրում են գիշատիչ քաղաքականությանը, պաշտպանում են հողը, գետերը, անտառները, բարձրաձայնում են ծառահատումների մասին, ստորացված մարդկանց մասին եւ իշխանությանը եւ փողերին մարտահրավեր են նետում: Այս նոտայով էլ կարելի է տոնել Երկրի օրը Հայաստանում:



Ապրիլ 22, 2013 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր