

ԷկոԼուր
Ողջի գետը դասվում է Հայաստանի ամենակեղտոտ գետերի շարքին, հատկապես այն մասում, որտեղ նրա վրա ազդում են Ողջիի ջրահավաք ավազան մտնող հոսքերը: Առաջին հերթին դա Նորաշենիկ գետն է, որը գտնվում է լեռնահանքային արդյունաբերության ուժեղ ճնշման տակ: Գետի կիրճի տարածքում գտնվում են լեռնահանքային արդյունաբերության օբյեկտներ` Շահումյանի հանքավայրի շահագործումից առաջացած լցակույտեր, դատարկ ապարներ, հանքեր, որոնց պարունակությունը լցվում է գետը: Նկատվում է նաեւ Հայաստանի ամենամեծ պոչամբարի` Արծվանիկի վթարային հոսքերը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանի վերլուծության տվյալները, ով ուսումնասիրել է թունավոր տարրերով եւ քիմիական միացություններով Ողջի գետի աղտոտման դինամիկան: Տեքստը եւ հեղինակի բացատրությունները ուղեկցվում են գրաֆիկներով: Յուրաքանչյուր գրաֆիկում ներկայացված են տվյալներ առանձին վերցված տարրերի համար:
«Ողջի գետի ջրի որակի մոնիտորինգն իրականացվում է հինգ դիտակետերում` 91 դիտակետ (1.7կմ ք. Քաջարանից վերև), 92 դիտակետ (1.8կմ ք. Քաջարանից ներքև), 93 դիտակետ (0.8կմ ք. Կապանից վերև), 94’ դիտակետ (Կապան օդանավակայան), 94 դիտակետ (սահմանի մոտ): Նորաշենիկը Ողջիի գլխավոր վտակներից է, և գետի ջրի աղտոտման մեջ նրա ներդրման չափը պարզելու նպատակով վերլուծության մեջ ընդգրկվել է նաև Նորաշենիկի գետաբերանի ջրի ֆիզիկաքիմիական անալիզի արդյունքները (դիտակետ 96) (տես քարտեզը):
N91
![]() |
Ողջի գետի ջրի որակի թվով 20 ցուցանիշները ըստ գետի հոսանքով դեպի ներքև, ըստ կոնցենտրացիոն դինամիկայի ցուցաբերած օրինաչափությունների դասակարգվել են հինգ տարբեր խմբերում: Չնայած օրինաչափությունների դիտվող տարբերությանը, ակնհայտ է, որ բոլոր ցուցանիշների վրա առկա են ինչպես երկրաքիմիական, այնպես էլ մարդածին գործոնների ազդեցությունները:
Առաջին խմբում ընդգրկված են ցինկ, կադմիում, մանգան, պղինձ տարրերը և ֆոսֆատ իոնը: Այս պարամետրերի մոտ գետի հոսանքով դեպի ներքև նկատվում է կոնցենտրացիաների թռիչքաձև աճ 10-60 %-ի չափով: Պղնձի կոնցենտրացիան Նորաշենիկի գետաբերանում մոտ 13 անգամ փոքր է օդանավակայանում չափված արժեքից և նույն կարգի է, ինչ Քաջարան քաղաքից ներքև ընկած հատվածում (նկ. 1): Դա հիմնականում պայմանավորված է գետի ջրի վրա առկա կոմունալ-կենցաղային և գետավազանի հողերի մակերևույթային շերտերի էռոզիայի և լվացման հոսքաջրերի ճնշման առկայությամբ: Ֆոսֆատի դեպքում օրինաչափությունը պայմանավորված է գյուղատնտեսական դիֆուզիոն հոսքաջրերի ճնշման առկայությամբ:
![]() |
![]() |
Կապարը, երկաթը, քրոմը, թթվածնի քիմիական պահանջարկը, լուծված թթվածնը կազմում են երկրորդ խումբը: Այս խմբում ընդգրկված են այն ցուցանիշները, որոնք թե' ակունքում և թե' գետաբերանում ունեն գործնականում նույն կոնցենտրացիաները, դրանց արժեքները հիմնականում ֆոնային բնույթ են կրում: Գետի երկայնքով պարամետրերի փոփոխման նման դինամիկան խոսում է տարածքի երկրաքիմիական մեծ ազդեցության մասին (նկ.2): ԼԹ-ի նման վարքը պայմանավորված է նրանով, որ չնայած առկա կոմունալ-կենցղային կեղտաջրերի ճնշմանը, ռեաէրացիայի շնորհիվ այն անընդհատ հագենում է թթվածնով, քանի որ Ողջին լեռնային արագահոս գետ է:
![]() |
![]() |
Երրորդ խմբում ներառված են ամոնիում, նիտրատ, նիտրիտ իոնները և թթվածնի կենսաբանական պահանջարկը, որոնց կոնցենտրացիաները գետի հոսանքով դեպի ներքև աճում են 2.7-7.8 անգամ: Նշված ցուցանիշներով առավելագույն աղտոտվածություն նկատվել է Քաջարան քաղաքից ներքև ընկած հատվածում, ինչը պայմանավորված է քաղաքի չմաքրված կեղտաջրերի գետ ներհոսմամբ, ինչպես նաև մարդածին գործոնների ճնշման հետևանքով ազոտական միացությունների բարձր պարունակությամբ (նկ. 3):
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չորրորդ խմբում են արսենը, կախված մասնիկները, էլեկտրահաղորդականությունը, որոնց մոտ կոնցենտրացիաները ակունքից գետաբերան անցնելիս փոփոխվում են համաչափ (նկ. 4): 94 դիտակետում վերոհիշյալ պարամետրերի համեմատաբար բարձր արժեքները ուղղակի պայմանավորված են Նորաշենիկ գետի ազդեցությամբ:
![]() |
![]() |
![]() |
Հինգերորդ խմբում են ստիբիում/անտիմոն, վանադիում, մոլիբդեն տարրերը, որոնց կոնցենտրացիաները ակունքից գետաբերան աճում են համաչափ հատկապես Նորաշնիկի գետաբերանից ներքևի դիտակետում: Անտիմոնի և մոլիբդենի քանակությունները 94 դիտակետում անմիջականորեն պայմանավորված են 96 դիտակետում նրանց արժեքներով: Այս տարրերի կոնցենտրացիաների փոփոխման օրինաչափությունները ողջ տարվա կտրվածքով խոսում են այն մասին, որ Ողջի գետի վրա առկա է մոլիբդենի և անտիմոնի ակնհայտ ճնշում Նորաշենիկ գետից: Նորաշենիկ գետի աղտոտված ջրերի ներհասքով է պայմանավորված նաև էլեկտրահաղորդականության, կախված մասնիկների և արսենի կոնցենտրացիանեի աճը:
![]() |
Ողջի գետում: Այս բոլոր ցուցանիշները բնորոշ են հաքարդյունաբերության կեղտաջրերի և հոսքաջրերի ճնշմանը: Ներկայացված խիստ համառոտ տվյալները ցույց են տալիս, որ Նորաշենիկի ջրհավաք ավազանում, կոնկրետ ձորում, առկա է հանքարդյունաբերության ճնշում: Դա հանքավայրերից, հանքախորշերից, թափոնների և դատարկ ապառների կուտակման վայրերից, վթարային արտանետումների տեղավայրերից, Նորաշենիկ գետի ափամերձ, խիստ ձևախեղված տարածքներից լվացվող ջրերի, հանքաջրերի, էռոզիոն ջրերի ներհոսքն է Նորաշենիկ գետ: Նորաշենիկի ներքին հոսանքը և գետաբրանի շրջանը խիստ աղտոտված են հանքարդյունաբերության ուղեկից կեղտաջրերով: Նորաշենիկի ջրերը իրենց հերթին հանդիսանում են խիստ մեծ ճնշում Ողջի գետի ջրերի համար: Ընդհանուր առմամբ Ողջի գետի ներքին հոսանքը և Նորաշենիկ գետը Հայաստանի մակերևույթային ջրերի ամենակեղտոտված ջրային ռեսուրսներից են»:
Ապրիլ 08, 2010