

Գավառի ԲՏՀ ՕՐՀՈՒՍ կենտրոնը
11.11.2008թ. Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ կայացած խորհրդակցությունը անդրադարձավ 2008թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում Սևանա լճում արդյունագործական ձկնորսության դադարեցմանը նվիրված միջոցառումներին:
Խորհրդակցությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վ. Վարդանյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանության պետական տեսչության պետ Տ. Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի Բնապահպանության պետական տեսչության պետ Ս. Սողոմոնյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Հ. Համբարձումյանը, ՙՍևան ԱՊ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մարտիրոսյանը, Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարները, Գավառի ԲՏՀ ՕՐՀՈՒՍ կենտրոնը, ով և ապահովել է մարզի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ղեկավարների ներկայությունը կլոր սեղանին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հրապարակվեց անցած ուրբաթ օրը ՀՀ Բնապահպանության նախարարի, ՀՀ Ոստիկանապետի և Գեղարքունիքի մարզպետի կողմից վավերացված միջոցառումների ծրագիր ժամանակացույցը, համաձայն որի փակվում են Սևանա լիճ տանող բոլոր ճանապարհները, շուրջօրյա հսկողություն է սահմանվում լճի վրա, Սևանա լիճը մաքրվում է բոլոր տեսակի լողամիջոցներից և որսագործիքներից, արգելվում է բոլոր ձկնատեսակների, այդ թվում` խեցգետնի որսը:
Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանը նշեց, որ հրամանը կատարող երեք կողմերին` ՀՀ Բնապահպանության նախարարությանը, ՀՀ Ոստիկանաությանը և Գեղարքունիքի մարզպետարանին այսուհետ միանում են համայնքների ղեկավարները, մարզի հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Որոշվեց համատեղ ստուգայցեր իրականացնել ինչպես լճի վրա, այնպես էլ Սևան ԱՊ-ի տարածքում:
Սևան ԱՊ տնօրեն Գ. Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կողմից բացվել է թեժ գիծ, և իրենք պատրաստ են արձագանքել յուրաքանչյուր ահազանգի: Իր հերթին Գեղարքունիքի մարզպետը ևս պատրաստակամություն հայտնեց արձագանքել ցանկացած օրինախախտման: Կարևորվեց հատկապես բացատրական աշխատանքների խնդիրը ձկնորսների շրջանում: Այս առումով հանձնարարվեց Բնապահպանական պետական տեսչությանը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Բնապահպանության և Տարածքային վարչություններին` լինել ձկնորսությամբ զբաղվող համայնքներում և բացատրական աշխատանք տանել արդյունագործական ձկնորսությամբ զբաղվողների շրջանում:
Հայրավանքի համայնքի ղեկավար Դ. Բադոյանը հարց բարձրացրեց սիգի արհեստական վերարտադրությանը զարկ տալու մասին: Կարևորվեց նաև այն հանգամանքը, որ բնակիչները պետք է հստակորեն իրազեկվեն ձկնագողության դեպքում օրենքով սահմանված քրեական պատասխանատվության և տուգանքների չափի մասին:
Որոշվեց նույն կազմով իրականացված միջոցառումների ընթացքին անդրադառնալ շաբաթը մեկ անգամ:
Նոյեմբեր 11, 2008
