

«ԷկոԼուր»
«ԷկոԼուր»-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում «Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եւ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղանի վերաբերյալ հրապարակված նյութերը:
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԱՆՀԻՄՆ
Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Բնապահպանական հասարակական կազմակերպությունները երեկ զայրացած հավաքվել էին Օրհուս բնապահպանական կենտրոնում: Նրանց զայրույթի պատճառը նոյեմբերի 1-ին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրված «Հայրենքի վաճառման կանաչ կրպակ» վերտառությամբ հոդվածն էր: Հոդվածի հեղինակ Ա.Վարդանյանը բնապահպաններին մեղադրել է քաղաքական եւ տնտեսական լրտեսության, տեղեկատվական-հոգեբանական դիվերսիա կազմակերպելու մեջ՝ օգտագործելով «կանաչ տեռոր», «հայրենիքի դավաճանություն» եւ այլ արտահայտություններ:
«ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ում նախաձեռնությամբ էլ կլոր սեղան-քննարկումը իրականացվեց, հոդվածը կարդալուն պես զանգահարել է վերոհիշյալ թերթի խմբագրություն՝ ճշտելու հոդվածի հեղինակի ինքնությունը: Խմբագրությունից պատասխանել են, որ իրենք նման անունով թղթակից չունեն, սակայն խոստացել են քննարկմանը որեւէ մեկին ուղարկել: Երեկվա քննարկմանը «Գոլոս Արմենիից» ոչ մեկն էլ չէր եկել: Ներկայացուցիչ չէր ուղարկել ազգային անվտանգության ծառայությունը, որին հրավիրել էր քննարկումը նախաձեռնող կողմը: Իսկ ԱԱԾ-ին հրավեր էր ուղարկվել այն նկատառումով՝ եկեք, բացատրեք մեզ՝ թե մեր արածի ինչն է հակապետական: Նկատենք, որ հոդվածի հեղինակը կոչ է արել նաեւ հատուկ ծառայություններին՝ ապահովել երկրի ազգային անվտանգությունը:
Քանի որ «պատասխանող» կողմերը բացակայում էին, ՀԿ-ներն իրենք սկսեցին քննարկումը: Մեղադրվածներին նախ զարմացրել էր այն փաստը, որ նման հոդված հրապարակում է ոչ թե ընդդիմադիր կամ դեղին մամուլ համարվող մի թերթ, այլ «Գոլոս Արմենիին»: Մյուս կողմից էլ, ըստ բնապահպանների, սա առաջին դեպքը չէր, երբ մամուլի կողմից մեղադրանք կամ կասկածներ էին հնչեցվում արտասահմանյան դրամաշնորհների հաշվին աշխատող ՀԿ-ների մասին:
«ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հանդիպման սկզբում ասաց, որ հոդվածն ընդամենն առիթ էր այս խնդրին անդրադառնալու համար: Նման հոդվածների առկայութունը, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ էկոլոգիական-հասարակական շարժումները հիմա շատ են ակտիվացած, եւ պարզ է, որ հոդվածի հետեւում ինչ-որ մեկը կանգնած է:
Վայրի բնության համաշխարահային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ երեւի բնապահպանական ՀԿ-ները խանգարում են ոմանց, քանի որ ՀԿ-ները օգտակար գործ են անում:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն էլ իր ելույթում զարմանք հայտնեց՝ եթե ճշմարտությունն են ասում երկրի մասին, մի՞թե դա նշանակում է լրտեսություն անել: Պաշտպանական ելույթների պակաս, մի խոսքով, չզգացվեց: Ոմանք նույնիսկ առաջարկեցին դատի տալ թերթին՝ նմանատիպ հետագա հրապարակումներից խուսափելու համար, մյուսները՝ հակադարձեցին, թե հոդվածում կոնկրետ անուններ, կազմակերպություններ չկան, եւ դատական կարգով խնդիրը հնարավոր չէ լուծել:
Հետաքրքրական է, որ ՀԿ-ների պաշտպանության համար պաշտպանական ելույթներ ունեցան նաեւ բնապահպանության նախարարության եւ «Վալեքս գրուպ» ընկերության ներկայացուցիչները: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը նշեց, որ ՀԿ-ներն իրենց քննադատությամբ հանդերձ հաճախ օգնում են նախարարությանը, այնպես որ սխալ է միանշանակ բոլորին այդպիսի պիտակներ կպցնել: Համարյա նույն բովանդակությամբ ելույթ ունեցավ նաեւ «Վալեքս գրուպ»-ի ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը, թե հոդվածում կա չտարբերակված մոտեցում, անհարկի ընդհանրացումներ:
Ի դեպ, «Վալեքս գրուպին», որի մեջ մտնում է նաեւ «ACP»-ն, նույն բնապահպանները մինչ օրս էլ քննադատում են՝ Թեղուտի հանքավայրի շահագործման կապակցությամբ:
ՀԿ-ՆԵՐԸ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ, ԹԵ` ՈՉ
Panorama.am
Բնապահպանական հասարակական կազմակերպությունները անհանգստացած են իրենց ու իրենց գործունեության մասին «պտտվող» կարծիքների համար, մասնավորապես, խոսքը վերաբերում է նոյեմբերի 1-ին թերթերից մեկում` «Հայրենիքի վաճառման կանաչ կրպակ» («ЗЕЛЕНАЯ ЛАВОЧКА ПО ТОРГОВЛЕ РОДИНОЙ») հոդվածին, որն ուղղված է էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դեմ: Այս առիթով ու նաև հասարակական կազմակերպությունների իրական դերի մասին խոսելու համար բնապահպանական հասարակական կազմակերպությունները կլոր սեղան քննարկում էին հրավիրել:
«Առաջին անգամ չէ, որ փորձ է արվում մեղադրել էկոլոգներին` միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ծրագրեր իրականցնելով պետությունը կործանելու մեջ: Այդ թերթի հոդվածը պարզապես մի առիթ դարձավ, որ մենք քննարկենք, թե ինչ դերակատարում ունեն բնապահպանական հասարակական կազմակերպությունները»,-ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա, հոդվածում օգտագործված տերմինաբանությունը՝ «կանաչ տեռոր», «դիվերսանտներ», «հայրենիքի դավաճանություն», հիշեցնում է ստալինյան ժամանակները ու մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին քննարկմանը, կարծիք հայտնեցին, թե այդ հրապարակումը պատվիրված է ու էկոլոգիական ՀԿ-ների մասին բացասական կարծիք ստեղծելու հերթական փորձն է:
Բացի նման հոդվածներից, ՀԿ-ների ներկայացուցիչները դժգոհում էին, որ հաճախ իրենց չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկություններ: «Այն, որ բիզնեսը մեզ համար դռներ է փակել, հասկացանք, քանի որ դա մասնավոր սեկտոր է, բայց այն, որ վերջերս Կապանի բնապահպանական տարածքային տեսչությունում մեզ տվյալներ չտրամադրեցին՝ պատճառաբանելով, որ նախարարի հրամանով նախապես պետք է այդ մասին նախարարությանը տեղեկացներ, անընդունել է: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա հարգի երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների տակ դրված իր ստորագրությունը, և վերահսկի բիզնեսը՝ հօգուտ երկրի, այլ ոչ թե սեփական գրպանի»,-ասաց ՀԿ-ի նախագահը:
Իսկ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արծրուն Պեպանյանը, նշեց, որ նախարարությունը միշտ էլ աջակցել ու հաշվի է առել հասարակական կազմակերպությունների կարծիքը և դա պարզ երևում է այս կամ այն հանքի շահագործման թույլտվության տալու կամ չտալու համար կազմակերպող քննարկումներին ու այլ հարցերի վերաբերյալ նրանց ևս մասնակից դարձնելը: Ա. Պեպանյանը ևս ծանոթ լինելով ՀԿ-ների «դեմ» գրված հրապարակմանը նշեց, որ հոդվածում ոչ մի փաստ ներկայացված չէ:
Հիշեցնենք, որ էկոլոգիական ՀԿ-ների կողմից հայտարարված «S.O.S. Շիկահող» ծրագրի շնորհիվ կանխվեց արգելոցի և անտառային հսկա զանգվածի ոչնչացումը:
Նոյեմբեր 12, 2008