

«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու: Այսինքն՝ բոլոր կանաչ տարածքները, որոնք մնացել են և չեն օգտագործվել այլ նպատակներով, պետք է ատամներով պահենք: Իմ օրոք ոչ մի կանաչ տարածք չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված են որպես կանաչ տարածք, բայց իրականում ընդհանրապես այդպիսին չեն, իրոք պետք է դառնան կանաչ տարածքներ. Սա ամենակարևոր քաղաքականությունն է, որը վարելու ենք: Սա մեր թոքերն է, մեր երեխաների առողջ կյանքն է: Մենք իրավունք չունենք այլևս ոչ մի միլիմետր զիջելու այստեղ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կանաչապատման ոլորտում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու աշխատանքային շրջայցի ընթացքում։ Նախանշված ծրագրերի շրջանակում այս տարի Երևանին են վերադարձվել Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքի զավթված մի շարք հողակտորներ։ Ընդհանուր առմամբ շուրջ 10 հա տարածքում գալիք տարի նախատեսվում է ծառատունկ իրականացնել և ճեմուղի կառուցել, որը հնարավորություն կտա հասնել մինչև Կենդանաբանական այգի: Տարեկան ծրագրում նաև խորքային հորերի հորատում է նախատեսված: Կառուցվող խորքային նոր հորի շնորհիվ ոռոգելի կդառնա նաև Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող կանաչ գոտին, որն այսօր անմխիթար վիճակում է: Նոր Նորքում քաղաքապետն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու տնօրինության տակ գտնվող Վերածննդի այգի: Տեղում քննարկվել է եկեղեցու հետ համատեղ տարածքը բարեկարգելու հնարավորությունը:
Երևանի ոռոգման համակարգը շուրջ 400 կմ երկարություն ունի, որից լիարժեքորեն գործում է միայն 90 կմ-ը: Ընթացիկ տարվա ավարտին մայրաքաղաքում անցկացված կլինի շուրջ 17 հազար գծամետր ոռոգման ցանց, որից 7000 գծամետրն արդեն շահագործվում է: Վերանորոգվել է 7 պոմպակայան, այժմ ընթացքում է ևս 3-ի արդիականացումը:
Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքների ու Սարալանջի շուրջ 12 հա կանաչ գոտին վերականգնելու նպատակով ներկայում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Աշխատանքներն ավարտական փուլում են:
«Հիմնական խնդիրը ջուրն է: Լավագույն մասնագետներին էլ եթե ներգրավես, եթե չկա ոռոգման ցանց, ոչինչ չես կարող ստանալ: Այդ խնդիրը նաև խորքային հորերի միջոցով պետք է լուծենք, որովհետև շատ հաճախ այն ջուրը, որը մատակարարվում է ՋՕ-ի կողմից, լինում է նաև ընդհատումներով, իսկ 3-4 օրվա ընդհատումը կամ մեկ շաբաթվա ընդհատումը կարող է ամբողջ տարվա աշխատանքը ջուրը գցել: Այս առումով փորձելու ենք նաև գումարներ ներգրավել դրամաշնորհներով՝ աշխատելով մեր միջազգային գործընկերների հետ: Սա նաև կլինի ջրային պաշարների անկախություն»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Սեպտեմբեր 04, 2020 at 16:27