

Գալուստ Նանյան, «Հայասատանի Հանրապետություն»
Սեւանա լճում որսաշրջանի արգելման կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում
Սեւանի ձկնապաշարների (մասնավորապես՝ սիգ եւ իշխան տեսակի—Գ. Ն.) բնական վերարտադրությունն ապահովելու համար Սեւանա լճում, ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով, նոյեմբերի 15—ից մինչեւ դեկտեմբերի 25—ը ներառյալ, արգելվել է բոլոր տեսակի ձկների արդյունագործական որսը։
Ինչպես «ՀՀ»—ին հայտնեց «Սեւան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը, իր ղեկավարած պարկի աշխատակիցների եւ մարզպետարանի, ինչպես նաեւ ոստիկանության կողմից կազմված ծրագրի հիման վրա, նոյեմբերի 15—ից մինչեւ նոյեմբերի 18—ը կատարված ստուգայցերի արդյունքում լճից բռնագրավվել են ավելի քան 130 ձկնորսական ցանցեր, 80 խեցգետնաորսիչներ եւ 3 լողամիջոցներ։
«Ներկայումս Սեւանա լճում չկան ցանցեր»,–հավաստիացրեց Գ. Մարտիրոսյանը՝ նշելով, որ հանձնարարել է այրել ու ոչնչացնել առգրաված գույքը՝ բացառությամբ լողամիջոցների։
Այն հարցին, թե յուրաքանչյուր տարի այդ արգելանքները լինում են, սակայն թե մարզային եւ թե մայրաքաղաքային շուկաներում վաճառվում է սիգ, ազգային պարկի տնօրենը պատասխանեց, որ ինքը չի կարող խոսել նախկինի մասին, սակայն եթե այսօր շրջենք Սեւանի ափերով եւ դիտենք լիճը, ապա այնտեղ չենք տեսնի ձկնագողերի եւ նրանց լողամիջոցները։ «Շուկաներում եւ ճանապարհների վրա արդեն կանգնած չեն ձկնավաճառները, եւ ստուգայցերը լինելու են ամեն օր։ Մեր կողմից հերթապահություն է նշանակված, եւ մեծ նավակներով շուրջօրյա հերթապահություն է իրականացվում լճի տարածքում»,– ասաց նա։
Գ. Մարտիրոսյանը հայտնեց նաեւ, որ մինչ արգելանքի օրը իրենք աշխատանքներ են տարել ձկնորսների հետ, բացատրել, որ բոլորը պետք է ենթարկվեն բնապահպանության նախարարի հրամանին. ձկնորսների 90 տոկոսը ականջալուր է եղել իրենց։
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, խոսելով արգելանքի ռեժիմի մասին, հավելեց, որ 4— 5 օրերի ընթացքում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, եւ դա կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25—ը։
«Այս մի քանի օրերի արդյունքները, անկեղծ ասած, մեզ գոհացնում են եւ բավարար են։ Այն ապօրինի ձկնորսական միջոցները, որ հայտնաբերվել էին, արդեն ոչնչացվեցին եւ համոզված եմ, որ մինչեւ դեկտեմբերի 25—ը, համագործակցելով մարզպետարանի եւ ոստիկանության հետ, մենք պետք է համապատասխան կարգով ապահովենք արգելանքի ռեժիմը»,–ասաց բնապահպանության նախարարը՝ ավելացնելով, որ իր կողմից ստեղծվել է երկու խումբ, որոնցից մեկը նավերով եւ լողամիջոցներով շուրջօրյա շրջայցեր է իրականացնում լճում, իսկ մյուս խումբն աշխատում է ափամերձ տարածքներում, ինչպես նաեւ Երեւանի եւ մարզի շուկաներում։
Ազգային պարկի եւ բնապահպանության ոլորտի պատասխանատուները եւս մեկ անգամ ընդգծեցին, որ արգելանքի ռեժիմը ինքնանպատակ չէ։ «Երբ լճի ջրի ջերմաստիճանն իջնում է մինչեւ 5 աստիճանի, սկսվում է ձվադրման գործընթացը, եւ բնական վերարտադրությունն ապահովելու համար պետք է դադարեցնել ձկնորսությունը Սեւանա լճում»,– «ՀՀ»—ին ասաց Ա. Հարությունյանը։
«ՀՀ»—ի թղթակիցը նաեւ հետաքրքրվեց, թե ավարտվե՞լ են, արդյոք, ձկնապաշարի եւ խեցգետնապաշարի հաշվարկները լճում եւ, այսօրվա դրությամբ, որքա՞ն են Սեւանա լճում դրանց ծավալները, նախարար Հարությունյանը հայտնեց. «Մինչեւ տարեվերջ կավարտվեն այդ աշխատանքները, եւ մենք կհրապարակենք արդյունքները։ Նախնական տվյալներով կարող եմ ասել, որ մենք կարասի եւ խեցգետնի բավականաչափ պաշարներ ունենք, սակայն խնդիրներ ունենք՝ կապված գեղարքունի եւ սիգ ձկնատեսակների հետ։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի սիգի եւ գեղարքունի ձկնատեսակի արդյունագործական որսը կարգելվի»:
Նշենք, որ ընթացիկ տարում նախարարության միջոցառումների ընթացքում շուրջ 200 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սեւանա լիճ եւ իրականացվել են զգալի աշխատանքներ։ «Զուգահեռաբար ծրագրվում է եւ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված է գումար հատկացնել լճում ձկան պաշարների համալրմանը, որի չափը կկազմի 80—ից 90 մլն դրամ»,–ասաց բնապահպանության նախարարը:
ՁԿՆԱԳՈՂԵՐԸ ԿԱՄ ԶԳՈՒՅՇ ԵՆ, ՕՐԻՆԱՊԱՇՏ
Լիլիթ Մուրադյան, «Ռադիոլուր»
Սեւանա լիճ կատարած շրջայցը սկսվեց ՙՍեւան՚ ազգային պարկից: Լրագրողների ներկայությամբ այրվեցին բռնագրավված 200 ձկնորսական ցանցերը:
Ազգային պարկի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի խոսքով` եւ պարկի, եւ մարզպետարանի աշխատակիցները, եւ ոստիկանները ողջ օրվա ընթացքում նավերով հերթապահում են Սեւանա լճի ափամերձ հատվածներում:
ՙՍեւանա լիճը այս պահի դրությամբ մաքուր է ու ձեր ներկայությամբ այրվելու են այդ բոլոր ցանցերը՚,- հայտնեց տնօերնը։
Ինչ վերաբերում է ձկներին, որոնք վաճառվում են Սեւանի սիգ կամ իշխան անվան տակ, Գագիկ Մարտիրասյանը հավաստիացնում է, որ այդ ձկնատեսակները արհեստական ձեւով աճեցվում են լողավազաններում:
ՙԼողավազանների ձկներ են, եթե մի տեղ սիգ կամ կարաս կա, ուրեմն մեր աշխատանքը զրոյի է հավասար՚:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացատրեց արգելքի ռեժիմի պատճառը , ասելով որ դա ինքնանպատակ չէ.
ՙԵրբ լճի ջրի ջերմաստիճանը նվազում է ու հասնում է հինգ աստիճանի՝ տեղի է ունենում ձվադրման պրոցես:Մենք պետք է կարողանանք ապահովել բնական վերարտադրությունը՚։
Բնապահպանության նախարարը ձկնասերներին կոչ արեց, կարելի է ասել նաեւ խնդրեց, որպեսզի նրանք չխախտեն արգելքի ռեժիմը:
Նոյեմբեր 21, 2008
