

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» Ա1+-ի համար
Թեպետ արդեն ապրում ենք 21-րդ դարում, սակայն Շիրակի մարզի Ղազանչի գյուղի բնակիչները դույլերով ջուրը տուն տանում են լքված գյուղից, քանի որ ծորակներից ջրի հետ ինչպես իրենք են ասում. «ճիճու կուգա, կեղտ կուգա, անձրեւաջուր կուգա”» Դրա հետ մեկտեղ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն սպառնում է հուլիսի 15-ից կրկին դադարեցնել գյուղի ջրամատակարարումը, եթե գյուղացիներն ընկերության հետ ջրաչափ տեղադրելու պայմանագիր չկնքեն: Գյուղացիներն էլ իրենց հերթին բողոքում են, որ օրական 4 ժամ ստանում են անորակ ջուր, այն էլ անկանոն: Դրա հետ մեկտեղ չունեն ոռոգման համակարգ: Խնդրին մոտիկից ծանոթանալու համար Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը լրագրողներիս տարավ Ղազանչի:
Ղազանչի գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին: Գյուղն ունի 3369 հա տարածք, 500 ընտանիք, մեկ դպրոց, բուժկետ: Մանկապարտեզը եւ կուլտուրայի տունը չեն գործում: Գյուղը զբաղվում է անասնապահությամբ, կաթնամթերք է մատակարարում «Աշտարակ կաթ» ընկերությանը եւ Ազատանի պանրի գործարանին:
2005թ. հուլիսի 1-ին Ղազանչի գյուղի գյուղապետարանի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է անժամկետ պայմանագիր, մեծածախ սակագինը` 51,49 դրամ: Պայմանագիրը կնքելու պահին գյուղապետարանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտք է եղել 80.000 դրամ, որը պարտավորվել է մարել մինչեւ օգոստոսի 1-ը (թե որ տարվա օգոստոսի 1-ը, պայմանագրում նշված չէ): Ըստ գյուղապետ Քաջիկ Թովմասյանի` գյուղապետարանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից 1 խորանարդ մետր ջուրը 51,49 դրամով գնել է եւ նույն գնով վերավաճառել գյուղացիներին: Սակայն 2008թ. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, առանց նոր պայմանագիր կնքելու, սահմանել է նոր սակագին, խորանարդ մետրը` 154 դրամ` մանրածախ գնով: Նոր սակագնով Ղազանչի գյուղը ջրմուղին արդեն իսկ պարտք է 2 միլիոն 986 հազար դրամ` չհաշված նախկին 80.000 դրամի պարտքը: «Տարբերությունը մեծածախի ու մանրածախի շատ մեծ է: Իրենք գնում են Շիրակ ջրմուղից 51 դրամով եւ վաճառում 154 դրամով»,- ասաց գյուղապետը:
Գների նման կտրուկ փոփոխությունը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիս-արեւմտյան տարածքային մասնաճյուղի «Աշոցք» ենթատեղամասի պետ Արկադի Հասրաթյանն այսպես բացատրեց, որ 2008թ. օգոստոսին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ Ղազանչիի գյուղապետարանի միջեւ կնքվել է նոր մեծածախի պայմանագիր, խորանարդ մետրը 52 դրամ (պայմանագիրը ցույց չտվեց` պատճառաբանելով, թե պետք է շատ փնտրի, մինչդեռ Ղազանչիի ներկայիս եւ նախկին գյուղապետերը պնդում էին, թե միայն 2005թ-ին են պայմանագիր կնքել): Ըստ Հասրաթյանի նշած նոր պայմանագրի` գյուղապետարանը ջուրը պետք է գներ 52 դրամով եւ վաճառեր գյուղացիների վրա, ստացած շահույթն էլ (115 դրամ) օգտագործեր իր ներքին ցանցի սպասարկման համար: Սակայն նախկին գյուղապետ Ստեփան Մխիթարյանը դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` պահանջով, որպեսզի կնքեն մանրածախի պայմանագիր, քանի որ գյուղապետարանը մասնագիտացված կառույց չէ եւ չի կարող զբաղվել ներքին ցանցի սպասարկման հարցերով: Արդյունքում կառավարությունից հանձնարարական է եկել, ջրի վաճառքը դարձնել մանրածախ: Թեպետ, եթե նույնիսկ նախկին գյուղապետը մանրածախ վաճառքի պահանջով չդիմեր, միեւնույնն է, ըստ Արկադի Հասրաթյանի, կառավարությունը խնդիր է դրել` բոլոր գյուղերի ջրամատակարարումը դարձնել մանրածախ, քանի որ գյուղապետարանների ֆինանսական վիճակն այնքան վատ է, որ իրենք չեն կարող պատշաճ մակարդակով ջրամատակարարում իրականացնել:
Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես են սոցիալապես անապահով գյուղերը մանրածախով ավելի թանկ վճարելու, եթե մեծածախով են դժվարանում վճարում կատարել, առավել եւս այն դեպքում, երբ ոռոգման համակարգ չունեն եւ հողն ու անասունը ջրում են խմելու ջրով, եւ թե ինչպես պիտի գյուղապետարանն իր սուղ միջոցներով ներքին ցանցը վերանորոգեր: Նշենք, որ Ղազանչի գյուղի ջրամատակարարող ներքին ցանցը 40 տարի է, չի վերանորոգվել, դա էլ անորակ ջրի պատճառն է:
«Ջրաչափ դնելու համար պիտի ներքին ցանց վերանորոգվի, ջուրը պիտի բրեն հասցնեն մեզի, որ մենք էլ ջրաչափ դնենք: Մենք ոռոգման ցանց չունինք: Ամեն ջրի որ էդքան թանկ տանք էս վիճակում, դժվար է գյուղացու համար”»- ասում է գյուղացի Ստեփան Մխիթարյանը:
Իր հերթին Արկադի Հասրաթյանը նշում է, որ ներքին ցանցը գտնվում է գյուղապետարանի ենթակայության ներքո, քանի դեռ մանրածախով պայմանագիր չի կնքվել: Իսկ ոռոգման համակարգի համար նա ասում է. «Դա ոչ ջրմուղի, ոչ գյուղացու խնդիրն է: Թող կառավարությունն ընդունե որոշում, որ անասուն ջրելու համար պիտի սահմանվի այլ սակագին: Դա կառավարության խնդիրն է»: Մինչդեռ ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 21-ի 130-Ն որոշման 5-րդ կետում նշված է. «Սահմանել, որ… ոռոգման համակարգերի բացակայության դեպքում խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով օգտագործվել ոռոգման նպատակով: Նշված դեպքերում տնամերձ հողամասերը (այգիները) և այլ հողամասեր խմելու ջրով ոռոգելու դեպքում լրացուցիչ հաշվարկվում է հողամասի (այգու) ոռոգման վճար` տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով»: Նշենք, որ ոռոգման համար ջրի առանձին սակագին գյուղում չի գործում:
Գյուղացիները բողոքում էին նաեւ, որ ջրի գինը հաշվում են մարդկանց թվով, այլ ոչ թե խորանարդ մետրով եւ յուրաքանչյուրից պահանջում են 924 դրամ (մեծածախ սակագնի ժամանակ նախկինում պահանջում էին 200 դրամ): Ըստ Արկադի Հասրաթյանի` ՀՀ կառավարության հունվարի 21-ի 130-Ն որոշմամբ, եթե բաժանորդը չունի ջրաչափ, ապա 1 անձի համար օրական հաշվում են 200 լիտր ջուր: Ամսվա 30 օրվա հետ 200 լիտրը բազմապատկելով ստանում են 6 խմ ջուր, որն էլ բազմապատկում են 154 դրամ սակագնով եւ ստանում 924 դրամ: «Մեր խնդրանքը հետեւյալն է, համաձայն չեք, որ, որ ծախսում եք 200 լիտր ջուր, դրեք ձեր ջրաչափը եւ ապացուցեք մեզ, որ էսքան է. որեւէ մեկը ավել փող չի ուզում»,-ասում է Արկադի Հասրաթյանը:
Այսօր ջրի խնդիրը գյուղի համար առաջին խնդիրն է: Նախկինում Ղազանչի գյուղը գտնվել է ինքնահոս ջրերի ակունքների մոտ, սակայն կոմունիստները ջրի պատճառով նրանց տեղահանել են` ասելով, թե կեղտոտում են ջուրը: Խոստացել են նորմալ ջրամատակարարում, որը մինչ օրս չի կատարվել: Ջրի ակունքները բացելու նպատակով կատարվող պայթեցումներից փլուզվել է գյուղի միակ եկեղեցին, հիմա էլ ջրաչափերի հարցը, ջրի բարձր սակագինը: Մինչդեռ, մեր կարծիքով, գյուղացիների հոգսը պիտի լիներ ոչ թե ջրի անորակության ու սակագնի մասին մտածելը, այլ ժամանակին արտը վարելն ու նախիրը արոտ տանելը:
Հուլիս 09, 2009
