ՇՆՈՂՑԻՆԵՐԸ ԳԵՏԻՑ ԵՆ ՋՈՒՐ ԽՄՈՒՄ

ՇՆՈՂՑԻՆԵՐԸ ԳԵՏԻՑ ԵՆ ՋՈՒՐ ԽՄՈՒՄ

Մելինե Պետրոսյան, «Հրապարակ»

Լոռու մարզում գործող «թեժ գծին» երեկ երկու ահազանգ ստացվեց, որոնք վերաբերում էին մարզի Շնող համայնքի խմելու ջրին: Առաջին զանգահարողը երեւանցի տիկին էր, որը, վերջերս լինելով գյուղում, զարմացել էր այնտեղ ապրող բնակչության կենսապայմաններից: Նրան զայրացրել էր հատկապես այն, որ գյուղում բացակայում է խմելու ջուրը. «Սարսափելի պայմաններ էին: Գետի ջրից են ջուր վերցնում: Դուք չեք պատկերացնի՝ էնտեղ երեխաների հարց կա, էնտեղ հիվանդություններ են լինում: Մի տեսակ չեմ հասկանում՝ լոռեցու բնավորություն ա, ինչ ա, որ չեն բողոքում, հաշտվում են էդքան ծանր, վատ պայմաններին»: Մի քանի ժամ անց նույն խնդրով «թեժ գծին» զանգահարեց շնողաբնակ 32-ամյա մի տիկին եւ բողոքեց, որ «խորհրդային կարգերի փլուզումից հետո» գյուղում մոռացել են, թե ինչ բան է խմելու ջուրը, թեեւ ջրի խողովակները պահպանվել են. «Բնակիչները կամ գետից են ջուր բերում, կամ էլ ընտանիքի հայրը բիտոնով ջուր ա բերում Ալավերդու շրջանից»: Տիկինը նշեց, որ գյուղապետը լավատեղյակ է խնդրին, ուստի մեկ անգամ եւս նրան դիմելու կարիք չկա: Անցած տարի Շնողի մի խումբ կանայք եւ աղջիկներ դիմում են ներկայացրել Ազգային ժողովի իրենց պատգամավոր Միքայել Վարդանյանին՝ «Գրանդ հոլդինգ» ընկերության հիմնադիր Հրանտ Վարդանյանի որդուն, սակայն նամակը մնացել է անպատասխան: Խնդրի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով առավոտյան ժամը 11:30-ից մինչեւ երեկոյան 18:00-ն զանգահարեցինք Շնողի գյուղապետարան, բայց այնտեղ չգտնվեց մեկը, որ պատասխաներ մեր զանգերին: Փորձեցինք կապ հաստատել գյուղապետ Հայկազ Քոչինյանի հետ, որը, ի դեպ, Լոռու նախկին մարզպետ, Լոռու մարզի հարկային պետական տեսչության ներկայիս պետ Հենրիկ Քոչինյանի եղբայրն է:

Գյուղապետն էլ կամ անհասանելի էր, կամ ուղղակի չէր պատասխանում մեր զանգերին: Առաջիկայում մենք կփորձենք զրուցել գյուղապետի հետ, իսկ մինչ այդ մեզ մնում է հուսալ, որ, կարդալով մեր այս հրապարակումը, երեւանաբնակ Միքայել Վարդանյանը կհիշի, թե որտեղից է պատգամավոր ընտրվել եւ ինչ պարտականություններ ունի: Չէ որ միայն Ազգային ժողովում հագած-կապած երեւալով ու կոճակ սեղմելով չի սահմանափակվում պատգամավորի «գործը»:

Հուլիս 14, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր