

Panorama.am
Այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը բարձր է 13 սմ-ով: Ըստ մշակված ծրագրի, յուրաքանչյուր տարի Սևանի մակարդակը պետք է բարձրացվի 20-21 սմ-ով: Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ ներկայացրեց հանրապետության նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նրա խոսքով, մշակված ծրագրի համաձայն 2031 թվականին նախատեսվում է Սևանի մակարդակը հասցնել 1903.5 մ, այսինքն լճում եղած ջրի ծավալն ավելացնել 8 մլրդ խմ-ով: Սա այն ցուցանիշն է, որի դեպքում լճում բացասական երևույթներ չեն եղել:
Մակարդակի բարձրացման համար երկու ճանապարհ կա` առաջինը Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումն է: Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ թունելն այժմ վթարային իրավիճակում է, իսկ դրա վերացմանն ուղղված աշխատանքները նախատեսվում է իրականացնել առաջիկա 5 տարվա ընթացքում: Այս տարի ծրագրի իրականացման համար կտրամադրվի 1.5 մլրդ դրամ, հիմնական մասը կհատկացվի պետբյուջեից:
Երկրորդ ճանապարհը լճից ոռոգման նպատակով ավելի քիչ ջրի բացթողումն է: Նախորդ տարի լճից բաց է թողնվել 302 մլն խմ ջուր, այս տարի կառավարության որոշմամբ նախատեսված է 160 մլմ խմ-ով պակաս ջուր բաց թողնել: Այսօրվա դրությամբ լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 24 մլն խմ, անցյալ տարվա 125 մլն-ի դիմաց: «Տնտեսումը կազմում է շուրջ 101 մլն խմ»,-ասաց Մովսիսյանը, հավելելով, որ եղանակն այս տարի հանձնաժողովին սատար է կանգնում: Նա միաժամանակ ցավով նշեց, որ Սևանից բաց թողնված ջրի 48-50 տոկոսը կորում է ոռոգման ցանցերում, ջրանցքներում ու ներքին ցանցերում:
Եթե Սևանի մակարդակը հասնի նախատեսված ցուցանիշին, ապա հանձնաժողովի հաշվարկներով, ջրի տակ կմնան 2770 հա անտառ, 2.2 կմ նոր ճանապարհ, 18 կմ էլեկտրոհաղորդման համակարգեր, 19 կմ գազատարներ, մինչև 1908 մ բարձրության վրա կան 1690 ափամերձ անօրինական շինություններ և 66 օրինական կառույցներ: Անօրինական օբյեկտները կքանդվեն առանց փոխհատուցման, իսկ օրինական շինությունների սեփականատերերը կփոխհատուցվեն:
Վ. Մովսիսյանը նաև ասաց, որ 1933-ին Սևանա լճում եղել է 58 մլրդ խմ քաղցրահամ ջուր, իսկ այսօր այդ ցուցանիշը կազմում է 35 մլրդ` այսպիսով մակարդակն այդ տարիների ընթացքում իջել է 16մ 75սմ-ով: 1933-ից այդ պաշարներն օգտագործվել են երկու նպատակով` ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրման:
ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Սեւանա լճի մակարդակը 2009թ. հուլիսի 8-ի դրությամբ 1899 մ 40սմ է: Անցյալ տարի նույն օրը մակարդակը եղել է 1899մ 28 սմ-ի նիշի վրա: Ամենայն հավականությամբ, այս տարի լճի մակարդակի բարձրացմանը նպաստեցին տեղացած առատ անձրեւները: Ըստ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տեղեկատվության, այս տարի Արփա-Սեւան թունելով լիճ է տեղափոխվում 137մլն խմ ջուր: Ջրառի քանակն այս տարի սահմանվել է 142մլն խմ: Հաշվի առնելով, որ տարին բավական անձրեւոտ էր եւ արհեստական ջրամբարներն էլ բավականաչափ լցված են` կառավարությունը չի պատճառաբանի, որ գյուղատնտեսական նպատակով ջրառի քանակը հարկավոր է ավելացնել, ինչպես կատարվեց նախորդ տարի:
Հուլիս 16, 2009
