

Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Սեւանա լճի համար անցնող տարին նույնպես հանգիստ չէր: Եթե 2008թ. ընթացքում հավելյալ ջրառի պատմությունն էր բնապահպաններին անհանգստության առիթ տալիս, ապա այս տարի Սեւանի շուրջ աղմուկը` Սոթքի ոսկու հանքի մոտ վերամշական գործարանի կառուցման վերաբերյալ: Ճիշտ է, «Գեոպրոմայնինգ»-ի այս ծրագիրն իրականություն չդարձավ, սակայն բազմաթիվ խնդիրներ այդպես էլ իրենց լուծումը չգտան:
«Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանի կարծիքով, այսօր Սեւանի համար արդիական է մնում ափամերձ շինությունների հարցը: «Ափերը, որ զավթել ենք, ոչ մի կապ չունեն ազգային պարկի գաղափարախոսության հետ: Այն շինությունները, որոնք դրվել են, առաջին հերթին խանգարում Սեւանի ջրի բարձրացմանը: Կառավարությունը գիտի, որ ոչ մի կապիտալ շինարարարություն չի կարելի սարքել: Այս տարի ոչ մի բան չի մոնտաժվել, որովհետեւ դրա ետեւում սոլիդ մարդիկ են կանգնած»,- մեզ հետ զրույցում նշեց բնապահպանը: Գագիկ Սուխուդյանին Սեւանի մակարդակի բարձրացման ներկայիս տեմպերը չեն բավարարում:
Նշենք, որ այս տարի դեկտեմբերի 16-ի դրությամբ լճի մակարդակը եղել է 1899.25մ նիշի վրա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատ բարձր է 0.4մ-ով: Գագիկ Սուխուդյանի համոզմամբ, Սեւանի վերջնական նիշը ոչ թե պետք է լինի 1903մ-ը, ինչպես որոշվել է, այլ 1916մ, որը եղել է լճի պատմական մակարդակը, եւ ինչքան արագ բարձրանա լիճն, այնքան արագ կլուծենք մեր խնդիրը: Գագիկ Սուխուդյանի խոսքերով, եթե մի տարի լճի մակարդակը բարձրանում է ավելի, քան սահմանված է (20սմ), ապա դա ոչ թե կառավարության ջանքերի արդյունքն է, ապա դա առաջին հերթին բնակլիմայական պայմաններով է պայմանավորված: Ամեն դեպքում, Գագիկ Սուխուդյանը լճի մակարդակի բարձրացման հարցում լավատես է, եւ այդ լավատեսության հիմքը մարդկային գործոնը չէ: «Ջուրը հիշողություն ունի, դա միայն ես չեմ ասում, այնպես որ, Սեւանի ջուրն ուր էլ գնա, վերադառնալու է»,- նշեց նա: Նույնը, սակայն, չի կարելի ասել ձկնային պաշարների վերաբերյալ: Չնայած բնապահպանության նախարարությունն արդեն երրորդ տարին է՝ իրականացնում է ձկնային պաշարի լրացման ծրագիր, սակայն Գագիկ Սուխուդյանի համոզմամբ, դրա արդյունքները լճի համար տեսանելի չեն, ավելին` այդ ծրագիրը պարոն Սուխուդյանը որակեց իբրեւ բլեֆ: «Չի կարելի մի կողմից ձուկ լցնել, մյուս կողմից որսալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի տարբերություն Գագիկ Սուխուդյանի ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այնքան էլ վատատես չէ Սեւանի հարցում: «Պետք է տարիներ անցնեն, որ տեսնենք` ինչ վիճակ է: Մենք հիմա տվյալներ չունենք պաշարների վերաբերյալ, քանի որ դեռ նոր է, երեք տարի, որ լիճ ձուկ են բաց թողնում: 2010թ. պլանավորում ենք դիմել նախարարությանը, որ ուսումնասիրություն կատարենք, հիմա դեռ վաղ է ասել, թե որքանով է արդյունավետ կամ անարդյունավետ եղել համալրումը»,- ասաց ձկնաբանը: Նշենք, որ այս տարի, բնապահպանության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 307 հազար հատ 5 գրամանոց մանրաձուկ է բաց թողնվել Սեւան: Դրանք եղել են իշխանի երկու տարատեսակներ: Հարցին, թե ինչով է պայմանավորված միայն երկու տեսակների հարստացումը, միթե լճի մյուս ձկնատեսակները լավ վիճակում են գտնվում, Բարդուխ Գաբրիելյանը պատասխանեց, որ իհարկե կան նաեւ այլ վտանգված ձկնատեսակներ, օրինակ, բեղլուն եւ կողակը, սակայն պետական գումարները չեն բավարարում: Ավելացնենք, որ այս տարի Սեւան մանրաձուկ բաց թողնելու համար ծախսվել է 72 մլն դրամ, իսկ ահա 2010թ. պետբյուջեով նույն ծրագրի համար նախատեսվում է 60 մլն դրամ: «Առաջին պատճառն այն է, որ իշխանն է վերացման եզրին կանգնած: Իհարկե լավ կլիներ, որ այլ ձկնատեսակների համար ծրագիրն արվեր, բայց առայժմ այդպիսի հնարավորություն չկա»,- նշեց նա: Ինչ վերաբերում է սիգին, Բարդուխ Գաբրիելյանի փոխանցմամբ, քանի որ սիգը դեռ արհեստական պայմաններում չի աճեցվում, հնարավոր չի եղել մինչ այժմ նույն ծրագիրն իրականացնել նաեւ սիգի համար:
Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենն առանձնապես դժգոհ չէր նաեւ լճի մակարդակի բարձրացման այս տարվա տեմպերից, թեեւ կարծում է, որ սահմանված նորմայից պետք չէ շեղվել: Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ չափազանց արագ տեմպերով բարձրացումն էլ վտանգավոր է այն պատճառով, ոչ լճի էկոհամակարգը դրան պատրաստ կլինի, ոչ էլ ափամաքրման աշխատանքները կհասցվեն ժամանակին կատարվել:
Ի դեպ, նկատենք, որ այս թեմայի շուրջ նույնպես բնապահպանների կողմից անընդհատ դժգոհություններ են հնչեցվում, բայց քանի որ ամեն տարի ավելի լուրջ մարտահրավեր կամ խնդիր առաջ գալիս, դա մի տեսակ երկրորդ պլան է մղվում եւ ակտիվ փիար ակցիաներ չեն իրականացվում: Այս տարի, ինչպես նշեցինք, Սեւանի հետ կապված հիմնական խնդիրը Սոթքի ոսկու ֆաբրիկայի կառուցման նախագիծն էր: Չնայած հանքի սեփանակնատեր եւ նախագծի հեղինակ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հրապարակային ակտիվ գործունեություն ի հայտ չէր բերում, սակայն բնապահպանների կողմից ստեղծված S.O.S Սեւան խումբը անընդհատ «աղմկում» էր եւ անգամ շրջակա միջավայրի պաշտպանության միջոզգային օրը` հունիսի 5-ը, դարձրին այս խնդրով նվիրված քննարկման առիթ: Դժվար է ասել, իսկապես բնապահպանների ձայնն էր զորեղ, թե «Գեոպրոմայնինգ»-ի շահն էր թույլ, բայց փաստ է, որ բարեբախտաբար, այս տարի Սեւանը եւս մեկ փորձություն կարողացավ հաղթահարել:
Դեկտեմբեր 22, 2009
