ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ «ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ» ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ «ՄԿՆԴԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ» ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

Լարիսա Փարեմուզյան, Հետք

Հունիսի 26-ին Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետեւանքով առաջացած մկնդեղի թափոնակուտակիչ գերեզմանոցում ԵԱՀԿ «Անվտանգ միջավայր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հետազոտական աշխատանքներ սկսեց իրականացնել ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի աշխատանքային խումբը:
Այն ղեկավարում է կենտրոնի տնօրենը` երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը:

«Մենք մկնդեղի գերեզմանոցում աշխատում ենք ծրագիրն իրականացնող «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ի դիմումի համաձայն: Մեր առջեւ խնդիր է դրված որոշել` կա՞ մկնդեղի եւ այլ թունավոր նյութերի արտահոսք այս տեղամասից, թե՞ ոչ: Այդ նպատակով ստեղծել ենք նախնական փորձանմուշների վայրերի պլան: Սկսում ենք նմուշարկել մկնդեղի գերեզմանոցը շրջափակող ձորերը եւ այնտեղով հոսող ջրերը, ինչպես նաեւ հատակային նստվածքները: Կստանանք այս ամբողջ տարածքի ընդհանուր պատկերը եւ կերեւա` գերպարունակությունների արտահոսքեր ունե՞նք, թե՞ ոչ: Փորձանմուշները կվերցնենք մկնդեղի տարածքից մինչեւ Դեբեդ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Նա տեղում բացասական գնահատեց մկնդեղի գերեզմանոցի ջրամեկուսացման պատկերը: Ինչպես բազմիցս «Հետքը» գրել է, այս տարածքը երկար ժամանակ մատնված է եղել անուշադրության:

«Գերեզմանոցի ջրահեռացման համակարգը ջրամեկուսացված չէ, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում, որ անձրեւաջրերի հետ միասին թափոնակուտակիչում պարունակվող մկնդեղը եւ մնացած վտանգավոր տարրերը կներծծվեն ջրերի հետ դեպի ստորին հորիզոններ եւ, ի վերջո, կհայտնվեն Լալվար գետակում, այնտեղից էլ կանցնեն դեպի Դեբեդ»,- նշեց Ա. Սաղաթելյանը:

Նա մկնդեղի գերեզմանոցի 2-րդ կարեւոր վտանգը համարեց այն, որ քամու միջոցով գերեզմանոցից բարձրացող փոշու մեջ կարող են լինել վտանգավոր նյութեր, այդ թվում նաեւ մկնդեղ, որոնք կարող են տեղափոխվել շրջակա միջավայր: Նա անդրադարձավ նաեւ մկնդեղի գերեզմանոցում տեղի ունեցող օքսիդացման պրոցեսներին:

«Ակնհայտ է, որ տեղում պղնձի օքսիդներ են առաջանում, այդ կանաչավունը, ինչ որ մենք տեսնում ենք, կուպարոս է` պղնձարջասպ, որն իրենով թույն է»,- ասաց տնօրենը:

Արմեն Սաղաթելյանի կարծիքով` մկնդեղի թափոնակուտակիչի ջրամեկուսացման համար այնքան էլ մեծ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի:

«Եթե մեր տվյալները ցույց տան, որ գերեզմանոցից մկնդեղի արտահոսքեր կան, արդեն լուրջ կամ ոչ լուրջ ֆինանսական միջոցների հարցը պետք է չքննարկվի, քանի որ մենք գործ կունենանք թույնի արտահոսքի հետ, որը լուրջ խոչընդոտ կլինի տարածքի գյուղատնտեսության զարգացման համար: Բայց, ընդհանուր առմամբ, շատ խոշոր ներդրումներ չեն պահանջվի»,- ասասց Ա. Սաղաթելյանը:

Գերեզմանոցի տարածքում աճած առատ խոտի եւ բուսականության առկայությունը նա բացատրեց այսպես. «Սա շատ յուրահատուկ երեւույթ է, որը կա նաեւ շատ պոչամբարներում: Որպես կանոն, շատ կարճ ժամանակահատվածում հողային շերտ է առաջանում թափոնների վրա, որը բավական է, որպեսզի մեկ տարեկան բույսերը արմատ ստեղծեն: Եվ քանի որ միկրոտարրերը շատ-շատ են, որոնք իրենց հերթին սննդարար էլեմենտներ են, հարվածային դոզաներ են բերում գերաճի համար: Նման վայրերում խոտը լինում է ավելի փարթամ, ավելի կանաչ, ծաղիկները` ավելի վառ: Կենդանիները ավելի շատ են սիրում այդ տեղերը, բայց այդ ամենը թունավոր է: Եթե կովերը արածեն այս խոտը, կաթի մեջ կլինեն այդ նույն միկրոտարրերը»:

Հետազոտական աշխատանքներն ավարտելու համար, ըստ կենտրոնի տնօրենի, անհրաժեշտ կլինի եւս 3 շաբաթ:

Մկնդեղի գերեզմանոցում էական խախտումներ են արձանագրվել նաեւ Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի 2009 թ. դեկտեմբերին կատարած ուսումնասիրությամբ:

«Պոլիգոնի` մկնդեղի գերեզմանոցի ամբողջ տարածքը պետք է ցանկապատվեր փշալարերով, սակայն ցանկապատված է ընդամենը 50 գծամետր: Գերեզմանոցի երկաթբետոնե հորերի մոտ 40 տոկոսը ընդհանրապես բաց է, այն պետք է վերջնականապես փակվի: Երկաթբետոնե սալերը պետք է 2 մետր բարձրությամբ հողի շերտով ծածկվեն, մինչդեռ ընդամենը գերեզմանոցի 60 տոկոս փակ հատվածի վրայի հողային շերտի բարձրությունը 2 մ-ից ցածր է»,- նշված է նախարարության` «Անվտանգ միջավայր» ծրագիրն իրականացնող «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ին տրամադրած գրության մեջ:

Տեղեկացվում է նաեւ 2009 թ. գերեզմանոցում երկաթե տակառներում թաղված նյութերի բաղադրության մասին. «Համաձայն «Մանես ԳՄԳ» ԲԲԸ-ի կողմից 19.11 2009 թ. գրության` 2009 թ. «մկնդեղի գերեզմանոցում» թաղվել են 6 տոննա չօգտագործված երկաթե եռօքսիդ եւ շինարարական թափոններ»: Մկնդեղի գերեզմանոցի հետազոտությունները շարունակվում են: Առաջիկայում արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայությունը կուսումնասիրի «մկնդեղի գերեզմանոցի» սեյսմիկ վիճակը:

Հուլիս 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր