«Սուրմալույում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների նորմայից գերազանցում է դիտվել

«Սուրմալույում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների նորմայից գերազանցում է դիտվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 14-15-ը մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաների նորմայից գերազանցում է գրանցվել` համապատասխանաբար 1.4-4.2 և 1.5-1.6 անգամ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 10:00-ն ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանված թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/խմ:

Կենտրոն համայնքում (Կրկեսի մոտ, Ագաթանգեղոս և Լուսավորիչ փողոցների խաչմերուկ) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 10:00-ն ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/խմ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/խմ:

Արշակունյաց պողոտայում առկա են նաև 3 դիտակետ, ըստ որոնց՝ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցում է համապատասխան սահմանված թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.5-1.6 անգամ:

Տեղեկացնենք, որ «Սուրմալույում» տեղի ունեցած պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ գործողություններն իրականացվում են ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

«Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև՝ հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Օգոստոս 16, 2022 at 13:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր