Տարեցտարի աշխարհում ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվում։ Մատչելի, ժամանակակից և վերականգնվող էներգիայի աղբյուրների հասանելիության ապահովումը ոչ միայն կբարձրացնի աշխարհի էներգետիկ անվտանգությունը, այլև կօգնի զսպել գլոբալ տաքացումը։ Այս մասին ասված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցում։ Ըստ զեկույցի հեղինակների՝ կլիմայի փոփոխության վատթարագույն հետևանքները կանխելու համար մաքուր էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է կրկնապատկվի առաջիկա ութ տարիների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Այս տարի ՀՕԿ-ի Կլիմայի վիճակի մասին տարեկան զեկույցը նվիրված է էներգետիկային, քանի որ այն կայուն զարգացման և մոլորակի առողջացման հիմնական գործոններից մեկն է: Զեկույցի հեղինակները նշում են, որ տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը կբարձրանա, քանի որ էլեկտրաֆիկացիան ռազմավարական լծակ է կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։ Բայց այս նպատակներին պետք է հասնել հիմնականում էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով:
«Էներգետիկ ոլորտի վրա է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների մոտ երեք քառորդը: Էլեկտրաէներգիայի արտադրության ավելի մաքուր աղբյուրների անցումը, ինչպիսիք են արևը, քամին և հիդրոէներգետիկան, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացումը կենսական նշանակություն ունեն 21-րդ դարում բարգավաճման համար», - ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պետերի Թաալասը և նշել. «ժամանակը մեր դեմ է, և կլիման փոխվում է մեր աչքի առաջ»:
Ըստ զեկույցի՝ 2020 թվականին ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 87 տոկոսն ուղղակիորեն կախված է եղել ջրի առկայությունից։ ՋԷԿ-երի 33 տոկոսը, որոնք հովացման համար կախված են քաղցրահամ ջրից, գտնվում են սակավաջրության բարձր մակարդակ ունեցող տարածքներում: Դա վերաբերում է նաև գործող ատոմակայանների 15 տոկոսին: Ըստ կանխատեսումների՝ այդ ցուցանիշն առաջիկա 20 տարում կհասնի 25 տոկոսի։
Հիդրոէլեկտրակայանների հզորության 11 տոկոսը նույնպես գտնվում է սակավաջրության բարձր մակարդակ ունեցող տարածքներում:
Նշված է, որ ատոմային էլեկտրակայանները ոչ միայն ջրի կարիք ունեն հովացման համար, այլև դրանք հաճախ տեղակայված են ցածրադիր ափամերձ տարածքներում և, հետևաբար, կարող են տուժել ծովի մակարդակի բարձրացումից կամ ջրհեղեղներից:
«Մենք պետք է շտապ արձագանքենք էներգետիկ համակարգերի վրա կլիմայի փոփոխության աճող ազդեցությանը, եթե ցանկանում ենք պահպանել էներգետիկ անվտանգությունը՝ միաժամանակ արագացնելով անցումը զրոյական արտանետումների: Սա պահանջում է երկարաժամկետ պլանավորում և վճռական քաղաքական գործողություններ», - ասել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ կլիմայի վերաբերյալ վճռական գործողությունները խոստանում են 26 տրիլիոն դոլարի տնտեսական օգուտ մինչև 2030 թվականը: Բայց չնայած այս հեռանկարներին՝ ներդրումները վերականգնվող էներգիայի ոլորտում այսօր չափազանց փոքր են, հատկապես զարգացող երկրներում:
Հոկտեմբեր 13, 2022 at 10:44