Աղբավայրերում թափոններն այրելու համար վարչական պատասխանատվություն կսահմանվի: ՀՀ Ազգային Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է վարչական պատասխանատվություն արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար:
Օրենքի նախագծով նախատեսվում է նաև անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակում: Մասնավորապես, մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութեր և ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք պարտավոր են.
· հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները՝ ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ, իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումն, ինչպես նաև այդ արտանետումների կրճատմանը կամ բացառմանն ուղղված միջոցառումներ
· ապահովել տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների տարածքներից մթնոլորտային օդն աղտոտող թափոնների ժամանակին և անվտանգ հեռացումը՝ դրանց պահեստավորման կամ թաղման համար նախատեսված կամ որպես հումք օգտագործման համար համապատասխան վայրեր
· ապահովել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հաշվառումը
· սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակումը
· լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար:
Ըստ օրենքի նախագծի՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումն առանց արտանետման թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:
Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումն առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ կաթսայատներում կամ վառարաններում այրելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
Հիշեցնենք, որ դեռևս 2022թ. հուլիսի 21-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել այս օրենսդրական փաթեթը:
Հոկտեմբեր 20, 2022 at 14:11