«Քաղաքապետերի դաշնագրի» 10 տարիներն ամփոփվեցին Վրաստանում, Հայաստանը ներկայացրեց իր փորձն ու կատարած աշխատանքները

«Քաղաքապետերի դաշնագրի» 10 տարիներն ամփոփվեցին Վրաստանում, Հայաստանը ներկայացրեց իր փորձն ու կատարած աշխատանքները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» համաժողովը հյուրընկալել էր ավելի քան 150 մասնակիցների Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Եվրոպական միության անդամ երկրներից: Նրանց թվում էին պետական, հասարակական ոլորտների, Եվրոպական միության կառույցների, միջազգային կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Համաժողովն անցկացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում:

Հայաստանից համաժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի համայնքների միությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից, Երևանի, Գյումրու, Սպիտակի, Ստեփանավանի, Ապարանի քաղաքապետարաններից, ԶԼՄ-ներից:

«Քաղաքապետերի դաշնագիր»-ը Եվրոպական միության խոշոր նախաձեռնություն է, որը միավորում է տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր հանձնառություն են ստանձնում իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը:

Համաժողովը բացեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ նշելով. «Կլիմայի փոփոխությունը մեր բոլորիս մարտահրավերն է, և մենք միասին պետք է պայքարենք դրա դեմ և կատարենք կարևոր փաստաթղթերում ստանձնած պարտավորությունները»:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն ասաց. «Մենք պետք է դիվերսիֆիկացնենք էներգիայի աղբյուրները և ուժեղացնենք էներգետիկ անվտանգությունը, անենք ամեն ինչ, որպեսզի ապագա սերունդներն առողջ ապրեն: Արևելյան գործընկերության տարածաշրջանը՝ ի դեմս 460 ստորագրող կողմերի, հիանալի օրինակ է տեղական իշխանությունների համար ամբողջ աշխարհում»։

Դաշնագիրը ստորագրող կողմերը նախկինում ունեին հանձնառություն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 20%-ով, այնուհետև այս ցուցանիշը հասցվեց 30%-ի: Այժմ քաղաքներն ավելի հավակնոտ նպատակներ են դրել իրենց առջև և հանձն են առել  մինչև 2030 թվականը կրճատել արտանետումները 35%-ով:

«Եվրոպական միության երկրների համար այս հանձնառությունը 40% է: Արևելյան գործընկերության տարածաշրջանում մենք քննարկում ունեցանք քաղաքապետերի հետ, և նրանք ասացին, որ իրենց համար սա իրական չէ: Քննարկելով Եվրոպական հանձնաժողովի հետ՝ որոշեցինք արտանետումների նվազեցման հանձնառությունը սահմանել 35%, որպեսզի այն լինի իրատեսական», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը:

ՀՀ-ում ծրագրի իրականացման պատասխանատուն Հայաստանի համայնքների միությունն է: Միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ «Քաղաքապետերի դաշնագրին» Հայաստանից միացել է 28 համայնք, ինչը, նրա խոսքով, էական թիվ է, քանի որ այդ համայնքներում է բնակվում երկրի բնակչության շուրջ 80 տոկոսը:

«Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակներում հանձնառություններ ստանձնած համայնքներին ֆինանսական ուղիղ աջակցություն չի տրամադրվում: Տրվում է փորձագիտական աջակցություն՝ ուժեղացնելու կարողությունները և մշակելու ռազմավարություններ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: «Այս ճանապարհն անցած համայնքները դառնում են Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրերի պոտենցիալ շահառուներ», - նշեց Էմին Երիցյանը:

Հայաստանի խոշոր քաղաքները՝ Երևանը և Գյումրին, այս նախաձեռնության մաս են: Երևանում «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակներում իրականացվում է  «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիրը, որը մեկնարկել է  2017 թվականին, ավարտվել՝ 2022 թվականին: Ծրագրի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության զարգացման և ներդրումային ենթակառուցվածքների ծրագրերի բաժնի պետ Նանա Աբելյանը համաժողովին ներկայացրեց իրականացված աշխատանքները:

ԷկոԼուրի հետ զրույցում Նանա Աբելյանը նշեց, որ ծրագրի բյուջեն 1 միլիոն 250 հազար եվրո է, որից 1 միլիոնը՝ Եվրոպական միության ֆինանսավորումն է, իսկ 250 հազար եվրոն՝ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Արդյունքում 97 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնց միացվել են վերելակների, ներշենքային և բակային լուսավորության համակարգերը, ինչի շնորհիվ ավելի քան 50%-ով նվազել են բնակիչների վճարներն էլեկտրաէներգիայի համար ընդհանուր օգտագործման տարածքներում և 70%-ով կրճատվել է էլեկտրաէներգիայի օգտագործումը: Ըստ Նանա Աբելյանի՝ 1 տարի անց կանխատեսվում է 453 տոննա ջերմոցային գազերի արտանետումների կրճատում:

ԷկոԼուրի հարցին՝ իրատեսական է արդյոք Երևանի համար «Քաղաքապետերի դաշնագրով» սահմանված նոր հավակնոտ հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 35%-ով, Նանա Աբելյանը պատասխանեց. «Իրատեսական է, եթե բոլոր ոլորտներով աշխատենք»:

Գյումրին «Քաղաքապետերի դաշնագրին» միացել է   2016 թվականին, իսկ 2017 թվականին մշակել է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների իր պլանը:   Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը համաժողովին ներկայացրեց քաղաքում իրականացված կլիմայական և էներգետիկ ծրագրերը՝ փողոցների հիմնանորոգման, լեդ լուսավորությամբ ապահովման, շենքերի ջերմամեկուսացման աշխատանքները: Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համայնքապատկան շինությունների վրա տեղադրվել է շուրջ 50 ֆոտովոլտային վահանակ՝ 2 Մվտ հզորությամբ: «2023 թվականին նախատեսվում է ևս 2.4 Մվտ հզորության տեղադրում՝ քաղաքի փողոցային լուսավորության ապահովման համակարգի համար: Համայնքային բյուջեի հաշվին նախատեսվում է շենքերի ջերմամեկուսացման ծրագրերի իրականացում: Նաև նախատեսվում է 10 էլեկտրոավտոբուսների ձեռքբերում», - ասաց նա:

ԷկոԼուրի հետ զրույցում Վարդգես Սամսոնյանը նշեց, որ քաղաքը մասնակից է նաև մեկ այլ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքներ» ծրագրին: Այս ծրագրով, ըստ Գյումրու քաղաքապետի, 2017 թվականին հաստատվել է 23.7 միլիոն եվրո ֆինանսավորում, որից մնացել է 6 միլիոն եվրոն: Մնացած 17.7 միլիոն եվրոն, Վարդգես Սամսոնյանի խոսքով, ծախսվել է փողոցների հիմնանորոգման, լուսավորության աշխատանքների, արևային վահանակների տեղադրման համար: Գումարը քաղաքապետարանին է փոխանցվել ՀՀ կառավարության միջոցով:

Թե որքանով են էներգաարդյունավետ և խնայող ծրագրերի արդյունքում կրճատվել քաղաքում ջերմոցային գազերի արտանետումները, Գյումրու քաղաքապետը չնշեց՝ ասելով, որ մոնիթորինգի գործառույթ չունեն:

«Դա ամենամեծ խնդիրն է, ըստ իս: Համայնքներում պետք է իրականացվի մոնիթորինգ:  Այստեղ մենք ունենք մեծ թերություն, և դրա լուծումն այն է, որ պետությունը պարտադրի համայնքներին առնվազն տարին մեկ անգամ ներակայացնել հաշվետվություն՝ ինչ ծրագրեր են իրականացվել և այդ ծրագրերի կլիմայական բաղադրիչը», - ասաց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը:

«Մեր թիմի նպատակն է տրամադրել համայնքներին աջակցություն՝ մշակելու  կայուն էներգետիկ զարգացման և կլիմայական գործողությունների ծրագիր, որը համայնքներն այլ դոնոր կառույցների միջոցով պետք է իրականացնեն: Մեր աջակցությունն է՝ տվյալների հիման վրա էներգետիկ հաշվեկշռի պատրաստում, սրա  հիման վրա արտանետումների կադաստրի պատրաստում, արտանետումները նվազեցնելու համար միջոցառումների մշակման գաղափարախոսություն, - ասաց Արտեմ Խարազյանը և  թվեց ծրագրի արդյունքները, - 12 համայնք ունեն գործողության ծրագիր, նրանցից 5-ն իրականացվել են Եվրոպական միության աջակցությամբ, մնացածն իրականացնում են սուբվենցիոն ծրագրերով՝ փողոցների լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացում, շենքերի ջերմամեկուսացում, մյուս համայնքներում, որոնք միացել են, պատրաստվել են մասնագետներ»:  Ըստ նրա՝ այս գործընթացում հաջողության գրավականը կարող է լինել մեկ մարդը. «Մենք առաջարկում ենք ստեղծել էներգետիկ մենեջերի ինստիտուտը, որպեսզի ամեն համայնք ունենա էներգետիկ մենեջեր, ով իր եռանդի և ջանքերի շնորհիվ գործն առաջ կտանի: Երբեմն մեկ մարդը բավական է, որպեսզի ամեն ինչ փոխվի», - նշեց Արտեմ Խարազյանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից ակտիվ համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվեցին Երևանի քաղաքապետարանը, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի համայնքապետարանները:

«Քաղաքապետերի դաշնագիր»-ը գործում է կամավորության սկզբունքով: Համայնքները ստանձնում են կամավոր հանձնառություններ, և դրանց չկատարումը որևէ պատժամիջոց չի նախատեսում:

Լուսանկարները՝ Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջից

Դեկտեմբեր 06, 2022 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր