ՓՀԷԿ-երում, արևային կայաններում և հողմակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինն իջեցվեց

ՓՀԷԿ-երում, արևային կայաններում և հողմակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինն իջեցվեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2022թ. նոյեմբերի 23-ի նիստում որոշում ընդունեց նվազեցնել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները: 

Հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ փոքր հիդրոէլեկտրակայաններում, հողմային կայաններում, կենսագազով աշխատող կայաններում և մինչև 1 Մվտ հզորությամբ արևային կայաններում արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը իջեցվել է 10,77% -ով, իսկ մինչև 5 Մվտ հզորությամբ արևային կայանների դեպքում՝ 15,47%-ով: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023թ. հունվարից: 

«Այս բոլոր կայաններն ավելի մատչելի են վաճառելու էլեկտրաէներգիան համակարգին: Օրինակ, բնական ջրահոսքերի վրա կառուցված ՓՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ/ժամի համար առանց ԱԱՀ-ի 25,965 դրամ է, հունվարից կդառնա՝ 23,168 դրամ: Մինչև 5 Մվտ հզորությամբ արևային կայաններինը ներկայում 25,52 դրամ է, դառնալու է 21,177 դրամ»,- նշեց նա: 

ԷկոԼուրի այն հարցին, թե այս վերանայումն ինչպես կարող է անդրադառնալ սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի վրա, Աշոտ Ուլիխանյանն ասաց. «Վերանայման գործընթաց կա ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների շրջանում: Վերանայման գործընթացի շրջանակում արդեն մենք հաշվի ենք առնելու, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն այս կայաններից գնելու է ավելի էժան էլեկտրաէներգիա, ու ՀԷՑ-ի գնման ծախսը հաշվարկվելու է այս նոր սահմանված գներով: Բայց այս գործոնը մյուս գործոնների նկատմամբ մեծ կշիռ չունի: Բոլոր գործոնները հաշվի առնելով կարող ենք հասկանալ, թե ինչ պատկեր կունենանք վերջնական սպառողների սակագների առումով»: 

Աշոտ Ուլիխանյանը նաև նշեց, որ այս վերանայումը պայմանավորված է 2022թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքների տատանումներով: «Սովորաբար ճշգրտումը կատարվում է հուլիսի 1-ով. սակագինը պետք է գործի հուլիս 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը: Մեր մեթոդիկայում դրույթ ունենք, որ ճշգրտման ժամանակ վերցվում է դրան նախորդող ամսվա փոխարժեքը: Բայց եթե այն սահմանելուց հետո հաջորդ ամիսներից որևէ մեկում սակագնի հաշվարկում փաստացի փոխարժեքի նկատմամաբ ավելի քան 15% տոկոսի շեղում է լինում, ապա վերանայման չենք սպասի: Եվ նախորդ ամիսներին սակագնում եղած փոխարժեքի նկատմամբ 17%-ի շեղում եղավ: Հունվարի 1-ից վերանայումը միայն դրանով է պայմանավորված»,- նշեց նա:

Նոյեմբեր 24, 2022 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր